Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին այցելել էր «Կալաշնիկով» ինքնաձիգերի արտադրություն սկսած «Նեյտրոն» գիտաարտադրական միավորում։ Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Վարչապետին տեղեկացվել է, որ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Նախատեսված է նաև նանո մանրաթելերի, ինչպես նաև նանո մանրաթելից տարբեր իրերի արտադրություն։
Մասնավորապես, այստեղ արտադրվելու են օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը և մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՀՀ պաշտպանության նախարարության պահանջարկը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
«Նեյտրոն» ԳԱՄ-ը պատկանում է զենքի շուկայի բիզնեսմեն Դավիթ Գալստյանին։
Սիվիլնեթը 2019-ին անդրադարձել էր Գալստյանին և «Կալաշնիկով» ինքնաձիգերի արտադրությանը։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փորձագետների հանձնաժողովը 1971 բանաձևում անդրադարձել էր Գալստյանին պատկանող «Դի ջի արմս քորփորեյշն»-ի գործունեությանը՝ հայտնելով, որ ընկերությունը ներգրավված է եղել Լիբիա զենքի տեղափոխման գրծընթացում այն դեպքում, երբ Լիբիա զենքի տեղափոխման վրա էմբարգո էր կիրառված։
Ուշագրավ է, որ «Կալաշնիկով»-ի արտադրության համաձայնագիրը ռուսական կողմի հետ ստորագրել է Գալստյանի օֆշորային ընկերությունը՝ Royalsys engineering Limited-ը, սակայն ըստ պաշտոնական լրահողի՝ արտադրությունը կազմակերպել է Գալստյանի տեղական ընկերությունը՝ «Նեյտրոն»-ը։ Նախատեսվում է, որ կարտադրվի տարեկան 50 000 ինքնաձիգ, որոնց մի մասը կարտահանվի, մյուս մասն էլ կմատակարարվի ՀՀ զինված ուժերին։
#ՍիվիլՆեթ #Լուրեր