3 հունվար, 2018 10:35

Շիրին Էբադին «մեծ շարժման սկիզբ» է անվանել Իրանում ընթացող բողոքի գործողությունները

Մարդու իրավունքների պաշտպան, 2003-ին Նոբելյան դափնեկիր Շիրին Էբադին իր հայրենիքում ընթացող զանգվածային բողոքի գործողություններն անվանել է «մեծ շարժման սկիզբը»:

Իտալական «Ռեպուբլիկա» թերթի հետ զրույցում Էբադին, ով տարիներ ի վեր բնակվում է երկրից դուրս՝ խուսափելով հետապնդումից, կարծիք է հայտնել, որ իրանական տարբեր քաղաքներում ընթացող բողոքի գործողությունները կարող են ավելի զանգվածային դառնալ, քան 2009-ին: 2017-ի դեկտեմբերի վերջին օրերին սկսված ցույցերը, որոնք ուղեկցվում են բռնություններով, խլել են առնվազն 21 մարդու կյանք:

Իրանում շարունակվող բողոքի գործողությունները վերջին ութ տարիներին ամենախոշորն են: Վերջին անգամ Իրանում խոշոր ցույցեր տեղի էին ունեցել 2009-ին, երբ տասնյակ հազարավոր իրանցիներ դուրս եկան փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով Իրանի արդեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ ընտրություններում վիճելի հաղթանակի հետ:

Լոնդոնում բնակվող Էբադին ընդգծել է, որ այսօր իրանցիները փողոցներ են դուրս եկել առաջին հերթին տնտեսական և սոցիալական դժվարությունների պատճառով: Նա նշել է, որ 2015-ին Իրանի և Արևմուտքի միջև ստորագրված համաձայնագիրը, որով Թեհրանի հանդեպ վերացվեցին որոշ պատժամիջոցներ, իրական փոփոխություններ չբերեց իրանցիների կյանքում, ինչը նրանք սպասում էին:

Էբադիի խոսքերով, Իրանը թաղված է կոռուպցիայի և կաշառակերության մեջ: Շատ մեծ են գործազրկության ծավալները, հատկապես երիտասարդության շրջանում: Սրա հետ մեկտեղ, երկիրը մեծ չափերով գումարներ է ծախսում ռազմական նպատակներով:

2010 թվականի ապրիլին Էբադին այցելել էր Երևան՝ մասնակցելու Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համագումարին: Հայաստանյան նրա այցը դժգոհություն էր առաջ բերել Թեհրանի իշխանությունների կողմից: