3 հունվար, 2018 13:37

Ռուսաստանը և ԱՄՆ-ն՝ Իրանի ճգնաժամի շուրջ

Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանում ընթացող զանգվածային գործողությունների թեման դարձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին հայտարարել է, որ Վաշինգտոնը առաջարկելու է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ:

Նախօրեին Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին մեղադրել էր իսլամական հանրապետության թշնամիներին, որոնք կազմակերպել են բողոքի ցույցեր: Կրոնապետ Խամենեին, սակայն, չէր նշել թշնամիների անունները: Իրանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մեղադրել են Սաուդյան Արաբիային, Մեծ Բրիտանիային ու Միացյալ Նահանգներին՝ Իրանի ներսում հակակառավարական ցույցեր հրահրելու և կազմակերպելու մեջ:

Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո կրկին լարվել են Վաշինգտոն-Թեհրան հարաբերությւնները, որոնք դրական միտումներ էին գրանցում 2015-ին Իրանի և Արևմուտքի միջև ստորագրված միջուկային թղթածրարի համաձայնագրից հետո, որով Թեհրանի հանդեպ վերացվեցին որոշ պատժամիջոցներ: Ռուսաստանը, որ Իրանի տարածաշրջանային դաշնակիցներից է Սիրիայի հետ միասին, այլ դիրքորոշում ունի Իրանում ընթացող ներքաղաքական զարգացումների շուրջ, որոնք շարունակվում են արդեն գրեթե մեկ շաբաթ: 2017-ի դեկտեմբերի վերջին օրերին սկսված ցույցերը, որոնք ուղեկցվում են բռնություններով, խլել են առնվազն 21 մարդու կյանք:

Մոսկվան թեև դեռ ուղղակի մեկնաբանություն չի տվել Իրանի ներքաղաքական ճգնաժամի շուրջ, սակայն ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառումից պարզ է, որ Ռուսաստանը համաձայն չէ ԱՄՆ-ի հետ: «Կասկած չկա, որ ՄԱԿ-ում ԱՄՆ պատվիրակությունը աշխարհին պատմելու բան կունենա: Օրինակ, Նիկկի Հեյլին կարող է ԱՄՆ-ի կողմից բողոքի գործողությունները ցրելու փորձով կիսվել»,- Ֆեյսբուքի իր էջում հեգնել է Զախարովան: