4 հունվար, 2018 14:42

Իրանը ՄԱԿ-ում դատապարտել է ԱՄՆ-ի միջամտությունը իր ներքին գործերին

Չորեքշաբթի օրը Իրանը ՄԱԿ-ում խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգներին իր ներքին գործերին միջամտելու համար, հաղորդում է Al-monitor կայքը: Դա հետևել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրանցի ցուցարարներին աջակցող հայտարարության հրապարակմանը:

«Իրանցի ժողովրդի` իր կոռումպացված կառավարությանը տապալելու փորձերը հարգանքի են արժանի: Պատշաճ պահի դուք կստանանք մեծ աջակցություն Միացյալ Նահանգներից»,- Թվիթերում գրել է Թրամփը:

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ղոլամալի Խոսրոոն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղված նամակում նշել է, որ Միացյալ Նահանգների միջամտությունը Իրանի ներքին գործերին իրականացվում է «գրոտեսկային ձևով` ոչ պարբերական, հատուկենտ բողոքի ցույցերին աջակցություն հայտնելով»:

Խոսրոոն Վաշինգտոնին մեղադրել է միջազգային իրավունքը ոտնահարելու մեջ և կոչ արել երկրներին դատապարտել ԱՄՆ-ի հայտարարությունները:

«Միացյալ Նահանգների նախագահն ու փոխնախագահը իրենց բազմաթիվ անհեթեթ թվիթներում դրդել են իրանցիներին ներքաշվել կործանարար գործողություններում»,- հայտարարել է Իրանի դեսպանը:

Դեկտեմբերի վերջին օրերին Իրանի Մաշհադ քաղաքում բռնկվել էր բողոքի ցույց ընդդեմ տնտեսական և սոցիալական խնդիրների: Բողոքի ալիքն արագ տարածվել է երկրով մեկ` խլելով ավելի քան երկու տասնյակ կյանք:

Իրանցի օգտատերերն այս օրերին սոցիալական ցանցերում տեղադրում են ցույցերի լուսանկարներ և տեսանյութեր:

 Կարդացեք նաև` Իրանում ցույցերին աջակցում են Թրամփը և Նաթանյահուն. Թուրքիայի արձագանքը: