6 հունվար, 2018 12:28

Իրանում փողոց դուրս գալը դարերի պատմություն ունի

Աննա Գևորգյան, իրանագետ

Հարևան Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի վերաբերյալ վերլուծությունների պակաս չի զգացվում, Ակուտագավայի «Թավուտում»  ստեղծագործության հերոսների պես  բոլորն իրենց ճշմարտությունն ու իրենց «տեսած» պատմությունն են ներկայացնում․․․ «Թավուտից» մի պատմություն էլ ես պատմեմ․․․

Մինչ պատմությանն անցնելը, սակայն, մի քանի ոչ երկրորդական դետալների մասին։

Իրանի հասարակության համար փողոց դուրս գալն ու զանգվածային բողոք արտահայտելու մշակույթը դարերի պատմություն ունի, այլ կերպ ասած` փողոց դուրս եկած ու իշխանություններին պահանջ ներկայացնող իրանցին ո՛չ նոր, ո՛չ էլ առավելևս արևմտյան արժեքների ազդեցությամբ ձևավորված երևույթ է։  Ընդ որում՝ իրանական հասարակական բողոքների պատմությունը հարուստ է զանգվածային բողոքի արդյունքում իրենց նպատակներին հասնելու փորձերով․  իշխանությունների հետ ոչ համամիտ իրանցիները Բրիտանիային տրված ծխախոտի կոնցեսիա են չեղարկել 1890-ին, սահմանադրության ընդունում են պարտադրել իշխանություններին 1906-ին, հիջաբի արգելքի մասին օրենքի վերանայում են պարտադրել 1930-ականներին, զանգվածների աջակցությամբ ավելի լայն լիազորություններով են օժտել վարչապետ Մոսադեղին 1950-ականների սկզբին, Փեհլևի շահին գահընկեց են արել 1970-ականների վերջին․․․ Եվ սա դեռ միայն համառոտ նկարագրությունն է այն մեծ ու փոքր իրադարձությունների, երբ իրանցիները, փողոց դուրս գալու միջոցով արտահայտելով իրենց բողոքը, հասել են իրենց նպատակներին։ Հասարակական բողոքի այս մշակույթը իր արտահայտումն է գտել նաև Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության մեջ՝ քաղաքացիներին օժտելով ցույցեր ու երթեր անցկացնելու իրավունքով։

Իրանի Իսլամական Հանրապետության օրոք տեղի ունեցած բողոքի ցույցերը որպես կանոն քաղաքական ու հասարակական ազատությունների ու արդարության համար են եղել։ Տնտեսական բաղադրիչը միշտ էլ առկա է եղել բողոքների ու պահանջների ցանկում, բայց դրանք մեծամասամբ կապվել  են քաղաքական պահանջների հետ․ այլ կերպ ասած՝ 2009թ․ ետընտրական ցույցերի մասնակիցները նույպես դժգոհ էին երկրի տնտեսական վիճակից, բայց համարում էին, որ վիճակը կբարելավվի, եթե ընտրությունների արդյունքները չկեղծվեն, ընտրված համարվի բարեփոխիչ թեկնածու Միրհուսեյն Մուսավին, որը փորձի կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ ու փրկի տնտեսությունը։

Այսօր Իրանի տնտեսությունը վերկանագնելու փորձեր է անում՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացումն ու նոր տնտեսական հարաբերությունների վերականգնումը եվրոպական երկրների հետ։ Բայց կառավարության կողմից կատարվող տնտեսական քաղաքականությունը արդյունք է տալու  միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով։ Մահմուդ Ահմադինեժադի կառավարությունը տնտեսական խնդիրներին տալիս էր այժմեական, կարճաժամկետ լուծումներ՝ ըստ էության ոչ թե բարելավելով, այլ ավելի պայթյունավտանգ դարձնելով տնտեսության վիճակը։ Ահմադինեժադի օրոք կառավարությունը մասնավորապես գնաճի դեմ պայքարում էր չքավոր խավին պետական միջոցներից դրամական փոխհատուցումներ տալու միջոցով, միջազգային բանկային համակարգից կտրված ֆինանսական կազմակերպություններին տալիս էր հնարավորություն գործելու առանց Կենտրոնական բանկի թույլտվություն ունենալու, լիցենզիայի ու համապատասխան ֆինանսական երաշխիքների, քանի որ հավատացած էր, որ բանկային համակարգը պետք է ապակենտրոնացած լինի։ Տնտեսական այս քաղաքականության արդյուքնում Ահմադինեժադի օրոք ավելի ու ավելի մեծացավ Իսլամական հեղափոխոության պահապանների կորպուսի անդամների տնտեսական ներգրավվածությունը երկրում։ Դեռ մինչև Ռուհանիի իշխանության գալը, տնտեսագետները կանխատեսում էին, որ այդ քաղաքականությունը լուրջ վնասներ է հասցնելու երկրի տնտեսությանը։

Միջուկային ծրագրի սառեցման արդյունքում ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացումը Իրանի հասարակությունում հույսերը ու մեծ ակնկալիքներ էր արթնացրել։ Չափազանցված այդ ակնկալիքները կապված էին և՛ կառավարության ուռճացված խոստումների հետ (կառավարությունը Իրանում չունի այնքան լիազորություններ երկրի միջոցները կառավարելու, որքան որ խոստանում էր անել), և՛ Միջուկային ծրագրի թյուրընկալումների հետ․ ծրագիրը չէր նախատեսում բոլոր տեսակի պատժամիջոցների վերացում, ավելին, ծրագրի կյանքի կոչմանը զուգահեռ ու դրանից հետո էլ ԱՄՆ-ն ավելացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որ կապված են Մարդու իրավունքների խախտումների, բալիստիկ հրթիռների արտադրության, «ահաբեկչության հովանավորության», և այլ խնդիրների հետ։

Ներկա իրադարձությունների մասին վերլուծությունները հիմնված են սոցցանցերում տարածված տեսանյութերի վրա, չկան ցույցերի մասնակիցների հետ հարցազրույցներ, նրանց կողմից տարածված քաղաքական տեքստեր։

Իրանի հասարակության բոլոր խավերը՝ սոցիալական, գենդերային, մասնագիտական, կրոնական ու ազգային փոքրամասնությունները ունեն իրենց պահանջները իշխանություններից ու պարբերաբար բարձրաձայնում են դրանց մասին։ Կանանց իրավունքների հետ կապված խնդիրը, մասնավորապես, ոչ այս , ոչ էլ որևէ այլ ցույցերի ժամանակ է ծնվել, այն կա ու այդ խնդիրը լուծելուն ուղղված շարժումը տարեց տարի ընդլյանվում է, ստանում տարատեսակ նոր դրսևորումներ․ ցույցերի ընթացքում գրեթե խորհրդանիշ դարձած գլխաշորը հանած երիտասարդ կնոջ նկարն, օրինակ, անգամ ցույցերի շրջանակներում չի արված։  Տարիներ շարունակ Իրանում կանայք տարատեսակ ակցիաների, իրավական ու հասարակական լծակների միջոցով փորձում են ընդլայնել իրենց իրավունքների շրջանակները։ Նկարում պատկերված կինը ՝ «սպիտակ չորեքշաբթի» հասարակական ակցիայի շրջանակում է նախ կապել սպիտակ գլխաշոր, հետո հանել այն ու նկարվել գլխաբաց։

Ներկա իրադարձությունների մասին վերլուծությունները հիմնված են սոցցանցերում տարածված վիդեոների հիման վրա, չկան ցույցերի մասնակիցների հետ հարցազրույցներ, նրանց կողմից տարածված քաղաքական տեքստեր ։

Վերադառնանք «թավուտ», կամ բողոքող իրանցիների շարժառիթները․․․

2017 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ արդեն իսկ Ռուհանիի կառավարությունից հիասթափություն կար։ Ընտրություններում, սակայն, իրանցիները մասնակցեցին ու քվեարկեցին ոչ այնքան հանուն, որքան ընդդեմ մյուս թեկնածուների, ու Ռուհանին նորից նախագահ ընտրվեց։ Հիմա Ռուհանիի կառավարությունն ունի Ահմադինեժադի՝ աղքատ ընտրազանգվածից, չիրականացած հույսերով բարեփոխականներից ու պարտություն կրած պահպանողականներից կազմված քննադատ ճամբար։ Այդ ճամբարի առաջին հատվածին այս օրերին տեսանք Իրանի փողոցներում, երկրորդ հատվածը այդ բողոքին չի մասնակցել, կամ առնվազն չի հայտարարել այդ մասին, իսկ երրորդները հավանաբար հենց նրանք են, որ ստվերային առաջնորդների դեր կատարեցին այս օրերին կամ առնվազն ցույցերի առաջին օրերին։

Եթե վերադառնանք դեկտեմբերի առաջին տասնօրյակ, երբ Ռուհանիի կառավարությունը պառլամենտում ներկայացնում էր երկրի հաջորդ տարվա բյուջեն, որով նախատեսվում է մի քանի գործողություն, որ անմիջականորեն վերաբերում է աղքատ ու միջին խավի ստորին խավերին (վառելիքի համար տրամադրվող պետական փոխհատուցումների նվազեցում, երկրի սահմանները հատելու համար վճարվող հարկի եռապատկում, և այլն), ինչպես նաև երբ Ռուհանին անդրադառնում էր երկրի պետական միջոցներին ու նշում՝ դրամային շուկայի 25 տոկոսը պատկանում է կրոնական հիմնադրամներին, և պետությունը վերահսկողություն չունի դրանց վրա, ապա պարզ կդառնա, որ ներկայում բողոքի ևս մեկ ալիքի բռնկումը պատահական չի եղել։ Պատահական չէր նաև բողոքի առաջին ցույցի տեղանքը․ Մաշհադում է երկրի ամենամեծ կրոնական հիմնադրամներից մեկը՝ «Ասթան Ղոդս Ռեզավին», որի նախագահն է նույն այն Էբրահիմ Ռայիսին, որ Ռուհանիի հիմնական մրցակիցն էր նախագահական վերջին ընտրությունների ժամանակ։ Հիմնադրամն ունի համալսարան, հյուրատներ, այգիներ, արտադրամասեր ու գործարաններ, մի ամբողջ «փոքրիկ պետություն» է՝ ավելի քան 19 000 աշխատողներով ու բացարձակ չվերահսկվող ֆինանսական հոսքերով։

Այսպիսով, միջին վիճակագրական, իշխանություններից դժգոհ, թանկացումներից հուսալքված ու փոխհատուցումներից զրկված իրանցու կողքին կարող էին կանգնել «բոնյադների» կամ հիմնադրամների ղեկավարները և ֆինանսական կազմակերպությունների  ղեկավարներն ու նրանց քաղաքական հովանավորները։ Եթե  այս կերպարներին քաղաքական անուններ տալու լինենք, ապա պետք է կիրառենք Մահմուդ Ահմադինեժադի (ԻՀՊԿ ) և Էբրահիմ Ռայիսիի (պահպանողականներ) անունները։

Այս անունները, բացի վերը նշված տնտեսական պատճառներից ունեն նաև քաղաքական պատճառներ Ռուհաննիի կառավարությունից ու բարեփոխիչներից դժգոհ լինելու ու աջակցելու զանգվածներին փողոց դուրս գալ՝ կառավարության դիրքերը թուլացնելու համար։

Էբրահիմ Ռայիսիի անունը նախագահի թեկնածուների շարքում հայտնվելուց հետո շրջանառվում էր այն վարկածը, որ նա Իրանի հաջորդ Հոգևոր առաջնորդի ամենահավանական թեկնածուն է։ Նա, սակայն, չկարողացավ բավարար թվով ձայներ հավաքել ու պարտվեց Ռուհանիին։ Հաջողության հասած Ռուհանիի կառավարության առկայությունը ապագայում կնվազեցնի նաև նրա՝ Ռահբար դառնալու շանսերը․ իրավական առումով, իհարկե, Ռուհանին նման լծակներ չունի, բայց միշտ կարելի է հիշեցնել, որ նախագահ դառնալու համար բավարար ձայներ չհավաքած թեկնածուն չի կարող Հոգևոր առաջնորդ լինել։ Բացի այդ՝ Ռայիսիին քննադատող Ռուհանիի թիմը պարբերաբար շեշտում էր, որ իրենց հակառակորդը արյունոտ անցյալ ունի՝ կապված հազարավոր մահապատիժների դատավաճիռների մեջ նրա մասնակցության հետ։ Կառավարության դեմ բողոքի ցույցերը ենթադրում են բանտարկյալների ու նաև, ցավոք, սպանվածների պատմություն նաև Ռուհանիի կենսագրության մեջ։

Ահմադինեժադի՝ դեռ նախագահության օրոք եղած վատ հարաբերությունները Հոգևոր առաջնորդի հետ, ավելի լարված փուլ են մտել այն բանից հետո, երբ նա Ահմադինեժադին արգելել էր գրանցել թեկնածությունը՝ որպես նախագահի թեկնածու, իսկ նա, այնուամենայնիվ, գրանցվել էր։ Ահմադինեժադին, նրա մոտ ընկեր Բաղայիին ու խնամի Մաշայիին, իհարկե, Սահմանդրության պահապանների խորհուրդը չհաստատեց որպես նախագահի թեկնածուներ։ Ավելին, Բաղային հիմա մեղադրվում է կոռուպցին գործարքներ կատարելու մեջ, ու ազատազրկված է։ Ահմադինեժադը, որ բաց նամակներ գրելու մեծ սիրահար է, արդեն մի շարք նամակներ է գրել Հոգևոր առաջնորդին՝ բողոքելով դատական համակարգի կոռումպացված լինելուց ու վատ վերաբերմունքից Բաղայիի հանդեպ։ Ահմադինեժադի վերջին նամակը, սակայն,  Ռուհանիի ու նրա կառավարության մասին էր․ պետք է Հոգևոր առաջնորդին ապացուցել, որ նա սխալ «ընտրություն» է արել։ Ահմադինեժադի ցասման մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ բողոքի ցույցերի ընթացքում սոցցանցերում տարածված գրեթե միակ տեսանյութը, որտեղ քաղաքացիներից հարցնում են, թե ինչու են դժգոհ ու որտեղ նրանք բողոքում են կառավարության ապաշնորհ քաղաքականությունից, տեսագրել ու տարածել է մի կայք, որ ստեղծվել է անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին ու որը կապված է ԻՀՊԿ-ի հետ։

Այսպես սկսվեց պատմությունը «թավուտում», ասել է թե Ռուհանիի դեմ բողոքի ցույցով, բայց շատ արագ դարձավ ամենամասշտաբային (աշխարհագրական ընդգրկվածության իմաստով), ամենատարաբնույթ (տասնյակ քաղաքներում տեղի ունեցած ցույցերի կոչերը ընդգրկում էին ինչպես հակակառավարական, այնպես էլ հակահամակարգային ու անգամ պրոշահական կոչեր) ու ամենամեծ արձագանք ստացած ցույցերով պատմությունը։

Այն որ ԱՄՆ-ն ու Իսրայելը, ինչպես նաև Սաուդյան Արաբիան քաղաքական համակարգի փոփոխություն են ցանկանում տեսնել Իրանի Իսլամական Հանրապետությունում, գաղտնիք չէ․ դրա մասին այդ երկրների ղեկավարները ասում են բացահայտորեն։ Գաղտնիք չէ նաև այն հանգամանքը, որ Իրանի իշխանությունները, և հատկապես Հոգևոր առաջնորդը,  բոլոր ցույցերի համար մեղադրում են հենց այդ երկրների ազգային անվտանգության ծառայություններին։ Իրականությունը, իհարկե, այն է, որ իրական բողոքող իրանցու փաստից օգտվում են այդ երկրներն ու գոնե մեդիա դաշտում ստեղծում շատ ավելի պայթունավտանգ իրավիճակ։

Եթե հիշենք, որ Դոնալդ Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո ԱՄՆ-ում Ազգային անվտագության հատուկ ստորաբաժանում է ստեղծվել Իրանի վարչակարգի դեմ աշխատելու, ինչպես նաև այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Դոնալդ Թրամփը մասնակցեց նաև հատուկ «հակաահաբեկչական կենտորնի» բացմանը, որ պիտի մեդիա դաշտում պայքարեր ահաբեկչական գաղափարախոսությունների դեմ (էստեղ պետք է հիշել, թե ում են ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան համարում ահաբեկիչներ), զարմանալի չի դառնում, որ հակահամակարգային ցույցերի կոչերով թվիթների մեծ մասը հենց Սաուդյան Արաբիայից է եղել արված։ Այդ թվիթերյան «խրախուսման» արդյունքում «մահ Ռուհանիին» կոչերի կողքին հայտնվեցին նաև «մահ դիկտատորին» , «մահ Խամենեին» կոչերը, այրվեցին Հոգևոր առաջնորդին պատկերող պաստառներ, ինչը կարմիր գիծն է Իրանում թույլատրված բողոքի արտահայտման։

Իրավիճակից շտապեց օգտվել նաև ԱՄՆ-ում ապաստանած Ռեզա Փեհլևի արքայազնը, որ օրը մի քանի հարցազրույց է տալիս տարբեր միջազգային հեռուստաալիքների ու պնդում, որ ցուցարարները այլևս չեն կարող հանդուրժել Իսլամական հանրապետության գոյությունը, և որ ժամն է եկել հանրապետության տապալման ու իր վերադարձի։ Այլ կերպ ասած՝ Ռեզա Փեհլևին համոզված է՝  շուտով «շահ ռաֆթ» (շահը գնաց), «այաթոլլահ ամադ» (այաթոլլան եկավ), վերտառությամբ հոդվածները փոխելու են իրենց հաջորդականությունը։

Ֆրանսիայում ապաստանած «Մոջահեդդինե Խալղ» կազմակերպության ղեկավարի կին Մարյամ Ռաջավին էլ համոզված է՝ այդ իրենց սպասում ցուցարարները, ինքն էլ հոգով-սրտով նրանց աջակցում է, բայց խրախուսւոմ ավելի ռադիկալ քայլերի դիմել (դե, նախագահ սպանած,  ապագա Հոգևոր առաջնորդ հաշմանդամ դարձրած կազմակերպության ներկայացուցչի համար պաստառ վառելը մի տեսակ մանկամտություն է թվում)։

Թավուտում տեղի ունեցող դեպքերը դեռ շատ «վկայությունների» առիթ կդառնան, բայց ճշմարտությունը իմանալու համար չափազանց շատ ենք մխրճվել ետ-ճշմարտության ժամանակաշրջան։