8 հունվար, 2018 11:04

Ահմադինեժադի ձերբակալության մասին՝ հակասական տեղեկություններ

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին լուրերը կեղծ են․ այս մասին Թվիթերում գրել է alaraby.co.uk կայքը՝ հղում անելով իրանցի լրագրող Ալիռեզա Մաթաջիին։ Վերջինս Թվիթերում պնդում է, որ կապ է հաստատել նախկին նախագահի որդու հետ, որն էլ հերքել է հոր ձերբակալության մասին լուրերը։

«Ես խոսել եմ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի որդու հետ։ Նա հերքել է իր հոր ձերբակալության մասին տեղեկությունը, որը AlQuds Alarabi-ին փոխանցել է AlArabiya TV-ի իրանական բաժնի նախկին խմբագիր Նաջահ Մոհամմադ Ալին»,- գրել է լրագրողը։

Ավելի վաղ Լոնդոնում գործող Alquds Alarabi թերթը, մեջբերելով Թեհրանում իր աղբյուրները, հաղորդել էր, որ Ահմադինեժադը դեկտեմբերի 28-ին Բուշեհր քաղաք այցի ընթացքում քննադատել էր Իրանի առաջնորդներին։ Իրանի նախկին նախագահի հայտարարություններից հետո իշխանությունները նրա հանդեպ տնային կալանք են սահմանել։

Դեկտեմբերի վերջին օրերին Իրանի Մաշհադ քաղաքից սկսվել են հակակառավարական բողոքի ցույցեր, որոնք արագ տարածվել են երկրով մեկ։ Իրանցիները բողոքում են տնտեսական և սոցիալական խնդիրների դեմ՝ պահանջելով «վարչակարգի հեռացում»։

 

Կարդացեք՝ Իրանում փողոց դուրս գալը դարերի պատմություն ունի։