10 հունվար, 2018 14:34

ՀՀ անձնագրով առանց այցագրի կարելի է այցելել 59 երկիր․ վարկանիշ

Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի երկրների անձնագրերի նոր վարկանիշը։ Ցանկը կազմվում է ելնելով նրանից, թե տվյալ անձնագրով քաղաքացին քանի երկիր կարող է այցելել առանց այցագրի։ Հայաստանի անձնագիրը զբաղեցրել է 76-րդ տեղը։ ՀՀ անձնագրով առանց այցագրի կարելի է այցելել 59 երկիր։

Հարևաններից Վրաստանի անձնագիրը 53-րդ հորիզոնականում է (99 երկիր), Ադրբեջանինը՝ 72-րդ տեղում (63 երկիր), Թուրքիայինը՝ 50-րդ տեղում (107 երկիր), Իրանինը` 96-րդ տեղում (38 երկիր)։

Ցանկի առաջատարը Գերմանիան է՝ 177 երկիր։ Երկրորդ տեղում Սինգապուրն է՝ 176 երկրով։ ԱՄՆ-ը 5-րդ տեղում է (173 երկիր), Ռուսաստանը՝ 48-րդ տեղում (110 երկիր)։

Վարկանիշը եզրափակում է Աֆղանստանը՝ 104-րդ տեղ (24 երկիր)։

The Henley Passport Index անձնագրերի համաթվում ներառված է 199 անձնագիր և 219 տարբեր ուղղություններ։ Տարվա ընթացքում այն պարբերաբար թարմացվում է, իր տեսակի ամենահուսալի համաթիվն է։ 

Գրաֆում ներկայացված են այն երկրները, որտեղ ՀՀ անձնագրով կարելի է այցելել առանց այցագրի

 Ստելլա Մեհրաբեկյան