11 հունվար, 2018 14:03

Երևանում կկառուցվի հանգստի և ժամանցի նոր կենտրոն

Երևանում կկառուցվի ընտանեկան հանգստի և ժամանցի նոր կենտրոն. կիրականացվի 22 մլն դոլարի ներդրում:

Կառավարությունն հունվարի 11-ի նիստում ընդունել է «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Պարկ գրուպ» ՍՊԸ-ին առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը 99 տարով վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրել «Պարկ Գրուպ»-ին: Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն՝ իրականացնելով 22 մլն դոլար ներդրում: Արդյունքում կստեղծվի 350 մշտական աշխատատեղ: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70 տոկոսը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ և կանաչապատ տարածք: Կենտրոնը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

«Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ ծրագիրն իրականացնում է գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հիմնադրած ընկերությունը։ 

Ներդրումային ծրագրի համաձայն՝ ժամանցի կենտրոնում կկառուցվի 35 մետր բարձրությամբ պտտվող անիվ, 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստեր, 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակ եւ այլն: Կենտրոնում կլինի նաեւ 5000 քմ մակերեսով ծածկված սրահ, որտեղ այցելուները կկարողանան վայելել իրենց ժամանցը վատ եղանակային պայմանների դեպքում:

Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300 հազար այցելու: Ներդրումային ծրագրի իրականացման համար հողամասը «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվելու է վարձակալության եւ կառուցապատման իրավունքներով: Ծրագրի հետգնումը նախատեսվում է 10 տարվա ընթացքում։ 10 տարվա ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերը կկազմեն մոտ 6 միլիարդ դրամ։