11 հունվար, 2018 14:30

Հրավառություն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի թույլտվություն

Կառավարության այսօրվա նիստին հավանության է արժանացել հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված «Տեղական տուրքերի և վճարների մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծերի ընդունմամբ կսահմանվեն հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ:

Մասնավորապես՝ նախատեսվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը և դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:

Միաժամանակ սահմանվում է առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնելու համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաև տեղական տուրք՝ թույլտվություն ստանալու համար:

Նախագծով առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամ:

Կառավարության նիստից հետո Տարոն Մարգարյանը մի քանի լրատվամիջոցի ասել է, որ վերջին տասը տարիների ընթացքում քաղաքացիների կողմից բազմաթիվ բողոքներ է ստացվել:

«Բոլորս ենք նկատում, որ երեկոյան ժամերին անկախ ժամերից և վայրերից հրավառություններ են տեղի ունենում և վերջին տարիներին օրենքի փաթեթի շուրջ ենք աշխատել՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կազմակերպությունեներին, և հստակ սահմանափակումներ ենք դրել»,- ասաց նա և նշեց, որ հնարավորություն են տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին, Երևանի ավագանուն սահմանել հրավառությունների համար թույլատրելի վայրերը, ժամերը և հստակ գոտիավորումը:

Այս ոլորտը մինչ այսօր ոչ կանոնակարգված է և հստակ պատժամիջոցներ կսահմանվեն, որ այն կազմակերպությանը, որը ոչ սահմանված վայրում հրավառություն իրականացրեց, կտուգանվի մեկ միլիոն դրամ»,- Tert.am-ին ասել է նա