12 հունվար, 2018 13:37

«Ուշացած, բայց կարևոր»․ Թուրքիայի ՍԴ-ն երկու հայտնի լրագրողի ազատ արձակելու վճիռ է կայացրել

Հունվարի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է ազատ արձակել ընդդիմադիր երկու լրագրողներ Մեհմեթ Ալթանին և Շահին Ալփային։ Ինչպես փոխանցում է Ahval News կայքը, Թուրքիայի ՍԴ-ն որոշել է, որ Շահին Ալփայի և Մեհմեթ Ալթանի 17-ամյսա կալանքը խախտել է նրանց իրավունքները։ Վճիռը պարտավորեցնում է նաև Ալթանին 20 հազար լիրայի (5300 դոլար) փոխհատուցում վճարել։

Մեկ այլ ազատազրկված լրագրող՝ Թուրհան Գյունայը, որը նմանատիպ հայց էր ներկայացրել, ավելի վաղ ազատ է արձակվել ցածր ատյանի դատարանի կողմից։

Թուրքիայի իրավապաշտպանները շատ կարևոր են համարել Սահմանադրական դատարանի որոշումը։

«Այս որոշմամբ կարծես անձրևի առաջին կաթիլն ընկավ երկարատև երաշտից հետո։ Տեսանք օրենքի ու կարգի վերակենդանացման [Թուրքիայում] հեռանկար։ Եթե վերին կամքի դրդմամբ այս որոշումը չչեղարկվի, այն նախադեպային կարող է դառնալ։ Վճիռը կարող է ազդել բոլոր ազատազրկված լրագրողների ճակատագրի վրա։ Այն կարող է դնել դատական մոտեցման նոր ուղղության սկիզբ, սակայն նախ պետք է տեսնեմ վճիռը՝ իր մանրամասներով»,- ասել է փորձառու իրավապաշտպան Էնգին Ջինմենը։ Նա պատմել է, որ Թուրքիայի ՍԴ-ի ղեկավար Զյուհթյու Արսլանը 2017թ․ մայիսին խոսել էր այն մասին, որ դատարանը մտադիր է կարևոր գործերով որոշումներ կայացնել և ստեղծելով նախադեպ՝ դատարանը վերջ կդնի ազատազրկված լրագրողների խնդրին։ Ջինմենի կարծիքով՝ այս վճիռը հենց դա է նշանակում։

Դատարանում մի շարք այլ լրագրողներ ներկայացնող փաստաբան Ֆիքրեթ Իլքիզը Ahval-ին ասել է, որ որոշումը պարտադիր է լինելու ոչ միայն լրագրողների, այլև մյուս՝ երկարաձգված նախադատական կալանքներով գործերի համար։ 

Ալփայի փաստաբան Վեյսել Օքը դատարանի վճիռը համարում է «ուշացած խոսքի ազատության», բայց «կարևոր՝ Թուրքիայում լրագրության համար»։

Ահմեթ և Մեհմեթ Ալթան եղբայրների փաստաբան Օրհան Քեմալ Ջենգիզը Թվիթերում գրառում է արել, որ որպես իրավաբան՝ «դառն ուրախություն է ապրում», քանի որ ազատ արձակման որոշում պետք է կայացվեր ոչ միայն Մեհմեթ, այլև Ահմեթ Ալթանի գործով նույնպես։

Ինչպես գրում է Շվեդիայում գործող «Հանուն ազատության Ստոկհոլմի կենտրոնը», եղբայրները մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամներ լինելու մեջ։ Թուրքիայի իշխանությունները գյուլենական շարժման անդամներին մեղադրում են 2016թ․ հուլիսի 15-ին երկրում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Դատախազները պնդում են, որ Ալթան եղբայրներն ու մյուս լրագրողները տեղյակ էին նախապատրաստվող փորձի մասին և անգամ քարոզչական աշխատանք էին տարել այդ ուղղությամբ։ Եղբայրները ձերբակալվել են 2016թ․ սեպտեմբերի 10-ին։ Երկուսն էլ Թուրքիայի այսօրվա իշխանությունների քննադատ են։

Ահմեթ Ալթանը «Թարաֆ» թերթի հիմնադիրն էր ու գլխավոր խմբագիրը։ Թերթի էջերում հաճախ էին հայկական թեմաներով հոդվածները։ 2008թ․ Ալթանը մեղադրվել էր թուրքականությունը վիրավորելու հոդվածով, պատճառը  «Թարաֆ»-ում Հայոց ցեղասպանությանն առնչվողն սյունակն էր։ Ահմեթ Ալթանն արժանացել է «Հրանտ Դինք» հիմնադրամի մրցանակին։ «Թարաֆ»-ից հեռանալուց հետո էլ նա շարունակում էր հանդես գալ հրապարակումներով:

Մեհմեթ Ալթանը տնտեսագիտության պրոֆեսոր է, սյունակագիր, որը հայտնի է իր ազատական հայացքներով և կառավարության քննադատությամբ։

Շահին Ալփայը թուրք հայտնի քաղաքագետ է, լրագրող, աշխատել է Թուրքիայի խոշորագույն թերթերում, այդ թվում՝ Cumhuriyet, Sabah և Milliyet պարբերականներում, սյունակներ է գրել Zaman և Today’s Zaman օրաթերթերի համար։ 2016թ․ մարտի 4-ին իշխանություններն առգրավեցին և ավելի ուշ՝ հուլիսյան դեպքերից հետո, փակեցին թերթերը։ Ալփայը գրել է Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմաներով։ 

«Հանուն ազատության Ստոկհոլմի կենտրոնի» տվյալներով հունվարի 4-ի դրությամբ Թուրքիայում կա 27 դատապարտված, 215 կալանավորված և հետախուզման մեջ գտնվող 139 լրագրող։ Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալելով տասնյակ հազարավոր մարդկանց՝ Թուրքիայի իշխանությունները փակել են ավելի քան 180 պարբերական։

Ստելլա Մեհրաբեկյան