12 հունվար, 2018 12:17

Ադրբեջանցի ուսուցիչը հեռացվել է Հայաստանի հետ խաղաղության կոչից հետո

Eurasianet.org կայքում հոդված է հրապարակվել բաքվեցի մի ուսուցչի մասին, որը դարձել է ազգայնականների թիրախը՝ Հայաստանի հետ խաղաղության կոչ հնչեցնելու համար։ Լամիա Ադիլգըզըն (Lamiya Adilgizi) հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Դեկտեմբերի վերջին ազգայնական կազմակերպությունից մի խումբ տղամարդիկ ներխուժեցին Բաքվի ավագ դպրոցներից մեկը և աղմուկ-աղաղակով գնացին տեղի ուսուցիչներից մեկի մոտ, որը սենսացիա էր սարքել սոցիալական ցանցերում` Ֆեյսբուքում տեղադրելով ավանդական հայկական տարազ հագած իր աշակերտներից մեկի լուսանկարը:

«Նրանք ինձ նվաստացրին իմ աշակերտների առջև: Նրանք ինձ հայ անվանեցին, - Eurasianet-ի հետ զրույցում ասել է ուսուցիչ Ռովշան Ազիզովը:- Նրանք ինձ անվանեցին հայկական գործակալ, որի նպատակն է ոչնչացնել Ադրբեջանը։ Ես պարզապես ուզում էի ցույց տալ, որ խաղաղությունը հնարավոր է, և մենք չենք կարող լուծել այս հակամարտությունը միմյանց սպանելով»։

Ազիզովի խոսքով՝ դպրոցի տնօրինությունն արդեն իսկ իր հանդեպ ճնշում էր գործադրում, նախքան ազգայնականների այցը․ «Նրանք ինձ հորդորում էին հեռանալ դպրոցից, քանի որ մնալու դեպքում, իրենց խոսքով, ես վտանգի տակ կդնեի իմ ու երեխաների կյանքը։ Ուսուցիչներն իմ աշակերտներին ասացին, որ ես հայ եմ, և նրանք պետք է հեռու մնան ինձնից»:

Օրեր անց, դեկտեմբերի 28-ին, Ազիզովը հեռացվեց աշխատանքից։ Դպրոցի ղեկավարության խոսքով՝ նրան հեռացրել են ոչ թե նրա հայամետ դիրքորոշումների, այլ անսովոր դասավանդման մեթոդների պատճառով:

Սակայն այս դրվագը ցույց է տալիս այն փխրուն հավասարակշռությունը, որ Ադրբեջանի կառավարությունը փորձում է պահպանել Հայաստանի հետ շարունակվող դիմակայությունում: Ադրբեջանի իշխանական ներկայացուցիչները պնդում են, որ իրենց խնդիրը Հայաստանի իշխանության հետ է, ոչ թե հայ ժողովրդի, և որ նրանք նվիրված են բազմամշակութայնությանն ու ներառականությանը։

Անցյալ տարի Ադրբեջանի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևան մի հարցազրույցում հայտարարել էր, թե «երբեք թույլ չի տա, որ ադրբեջանցիների մոտ ձևավորվի հայի թշնամական կերպար»։

«Կար ժամանակ, երբ այս ժողովուրդները միասին էին ապրում, նույն սեղանի շուրջ էին խմում իրենց գինին: Մենք պետք է վերադառնանք այդ ժամանակներին»,- ասել էր Ալիևան:

Միևնույն ժամանակ, ադրբեջանական դպրոցական դասագրքերում հայերը շատ բացասական կերպով են ներկայացվում երեխաներին, որոնք մեծ մասամբ չունեն հայերի մասին նախնական գիտելիքներ: 2012թ. մի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ այդ դասագրքերում լայնորեն օգտագործվում են «հայ ահաբեկիչ, հայ ֆաշիստ, հայ բանդիտ, հայ անջատողական, հայկական բարբարոսություն, թշնամի բառերը և ածականներ, ինչպիսիք են զզվելի հայ և ֆաշիստ հայ»։

«Արդեն 25 տարի իշխանությունները կերտել են ռևանշիզմի և թշնամու կերպար՝ առանց առաջադրելու խաղաղության որևէ ծրագիր,- ասում է խաղաղարար ակտիվիստ Օրհան Նաբիևը:- Ցավոք, ադրբեջանական հասարակությունը, ինչպես և հայկականը, թունավորվել է այսպես։ Այսպիսով, մեր հակամարտությունը քաղաքականից վերափոխվում է էթնո-քաղաքականի, և մենք` հայերն ու ադրբեջանցիները, պետք է կանգնեցնենք դա»:

Ազիզովի դեմ տարաձայնությունները սկսվել էին նոյեմբերին, երբ նա ֆեյսբուքում տեղադրեց Բաքվի ավերված հայկական եկեղեցու դիմաց կանգնած բարձր դասարանի իր  աշակերտներից մեկի նկարը, որը կրում էր ավանդական հայկական հանդերձանքը՝ տարազը։

Լուսանկարը իշխանությունների աջակցությամբ գործող ազգայնական խմբերի՝ «Ղարաբաղյան պատերազմի կին վետերանների ասոցիացիայի» և «Ղարաբաղի ազատագրության շարժման» կողմից արագորեն տարածվեց ադրբեջանական սոցցանցերում։

Օգտատերերը նրա նախորդ գրառումներում գտան խաղաղության ջատագով այլ նյութեր։ Ռովշանը տեղադրել էր Հայաստանի և Ադրբեջանի դրոշներով մի նկար, հայերեն ու ադրբեջաներեն հետևյալ վերնագրով․  «Ես ապրում եմ Ադրբեջանում։ Ես պատերազմ չեմ ուզում, այլ խաղաղություն եմ ուզում։ Մենք չպետք է արյուն թափենք»։ Իր աշակերտի լուսանկարը ավելի մեծ նախագծի մաս էր կազմում՝ տեսանյութեր, որտեղ աշակերտները խաղում էին ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի դերերը:

Բաքվի քաղաքապետարանի կրթության վարչության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Ազիզովը հեռացվել է, քանի որ տեսանյութերը «հարիր չէին կրթության և աշակերտների բարոյահոգեբանական զարգացմանը»:

Մյուսներն այդ բացատրությունը անհիմն են համարում։ Ամեն տարի, Խոջալուի ջարդերի տարելիցի օրը, Ադրբեջանում աշակերտները նման դերերով ներկայացումներ են խաղում, օգտագործելով նմանատիպ բռնի տարրեր, ինչպիսին Ազիզովի տեսանյութում է։ Թբիլիսիում գործող «Չեզոք գոտի» ռադիոյի համահիմնադիր Զամիրա Աբասովայի խոսքով՝ «Եթե Ազիզովը հեռացվել է աշխատանքից այդ տեսանյութի պատճառով, ապա գրեթե բոլոր դպրոցների տնօրենները պետք է հեռացվեն Խոջալուի թեմայով ներկայացումների համար»։

«Ղարաբաղի ազատագրության շարժման» ղեկավար Ակիֆ Նաղին Eurasianet-ի հետ զրույցում հաստատել է,  որ իր խումբը ներկայացուցիչներ է ուղարկել դպրոց՝ Ազիզովին տեսնելու նրա հայամետ նախագծերի համար:

«Մենք փորձեցինք նրան բացատրել, թե ինչպես է այդ դիրքորոշումը աշխատում Հայաստանի օգտին, բայց նա չէր կարողանում հասկանալ և փորձում էր պաշտպանել իր տեսակետները՝ իբր թե ինքը խաղաղասեր անձնավորություն է և շարունակելու է այնքան, մինչև հասարակությունը հասկանա իրեն: Ով խոսում է խաղաղության մասին, նշանակում է, որ նա ցանկանում է մեր տարածքները մնան օկուպացիայի տակ, ինչն անընդունելի է»,- ասել է Նաղին:

Բաքվի կենտրոնում գտնվող Boho թեյատանը տեղի ունեցած հարցազրույցում Ազիզովը կրում էր ավանդական ադրբեջանական արախչի գլխարկը, սակայն խոստովանեց, որ հնարավոր է՝ ինքը հայ լինի։

Նրան փոքր տարիքում որդեգրել է ադրբեջանական մի ընտանիք, և նա մեծացել է՝ հավատալով, որ իր բիոլոգիական ծնողները, ամենայն հավանականությամբ, ռուս էին։ Սակայն 2014 թ. իրեն որդեգրած մոր մահից հետո նա սկսել է ուսումնասիրել, և իր որդեգրող մորը երիտասարդ տարիքում ճանաչողները կարծում են, որ իրեն հայ ընտանիքից են որդեգրել, չնայած դա դեռ հաստատված չէ։

«Սա այն պատճառներից մեկն է, որն ինձ դրդեց նպաստելու խաղաղությանը և հաշտեցմանը։ Շատերն ասում են, որ ես իմ ազգի թշնամի եմ: Նրանք կարծում են, որ ես վտանգավոր եմ: Բայց ես երբեք չեմ դավաճանել իմ երկիրը... ես ուղղակի խաղաղության կոչ եմ արել: Խաղաղության կոչ անելը հանցագործություն չէ»,- ասել է Ազիզովը:


Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի