12 հունվար, 2018 18:20

Արմեն Բիլյանը դադարեցրեց հացադուլը և տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»․ ՄԻՊ

Արմեն Բիլյանն այսօր դադարեցրել է հացադուլը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցից հետո․ ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։  

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Արմեն Բիլյանն այս պահին անցնում է անհրաժեշտ բժշկական զննություն, ինչպես նաև ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:

Հետհացադուլային փուլում նրա առողջական վիճակը, ինչպես նաև նրա իրավունքների ապահովման հարցը Պաշտպանը կշարունակի պահել իր ուշադրության կենտրոնում։ 

Աշխատանքներ են տարվում նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Սմբատ Բարսեղյանի  տեղափոխմանն աջակցելուուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։  

«Սասնա ծռեր» խմբի անդամր= Արմեն Բիլյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 19-ից։ Վերջին շրջանում հացադուլով պայմանավորված՝ նրա առողջական վիճակը վատացել է։ Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը բարձրաձայնել է իր պաշտպանյալի վատ պայմանների, առողջական խնդիրների հարցը։ 

Հունվարի 11-ին «Սասնա ծռեր» խմբի աջակիցները երթ անկացրին Երևանում և մի քանի րոպեով փակեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նրանք պահանջում էին լուծում տալ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խնդրին։ Խմբավորման այս երկու անդամները արդեն 25 օր է, ինչ հացադուլի մեջ են, պահանջում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։