12 հունվար, 2018 16:43

Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրողը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին այսօր դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Դատախազը նրա համար պահանջել էր 8 տարվա ազատազրկում։

Մուխթարլին հայտարարել է, որ իր գործը շինծու է, և ինքը հետապնդվում է Ադրբեջանի իշխող վերնախավում տիրող կոռուպիցիայի հետաքննության համար։ 

Աֆղան Մուխթարլին առևանգվել էր 2017թ․ մայիսի 29-ին Թբիլիսիից, գաղտնի տեղափոխվել Ադրբեջան։ Նա պնդում է, որ իրեն առևանգել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցները՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համատեղ։ Առևանգման հաջորդ օրը Մուխթարլին հայտնվել է Բաքվում, որտեղ նրան առաջադրվել է մեղադրանք իշխանության ներկայացուցչին դիմադրության ցույց տալու, սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության հոդվածներով։

Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, Ֆեյսբուքում գրառում է արել՝ ամուսնու դատապարտումը որակելով ադրբեջանա-վրացական համատեղ որոշում։ Նա համարում է, որ ամուսնու ազատազրկման պատասխանատուն Վրաստանի կառավարությունն է՝ վարչապետ Գիորգի Կվիրիկիաշվիլիի գլխավորությամբ։ 

«Աֆղանը մեղավոր չէ, և նրա դեմ երեք մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Նա ձերբակալվել է իր մասնագիտական գործունեության համար՝ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների վրաստանյան բիզնեսների հետաքննություն և ստատուսներ Ֆեյսբուքում Վրաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասին»,- գրել է կինը։ 

Նա պնդում է, որ երկու հարևան երկրների իշխանությունները չեզոքացրել են մի հետաքննող լրագրողի, որը սահմանափակում էր նրանց ազատությունը։ Լեյլա Մուստաֆաևան խոստանում է ավարտին հասցնել ամուսնու սկսած գործը։