12 հունվար, 2018 11:30

Հայաստանը ամերիկացիների համար առավել անվտանգ երկրների շարքում է

Հունվարի 10-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է իր քաղաքացիների համար նոր ճամփորդական ուղեցույց, որում յուրաքանչյուր երկիր գնահատվում է ըստ վտանգավորության աստիճանի։ Նոր ուղեցույցը ներառում է չորս մակարդակ․

  1. Սովորական նախազգուշության միջոցներ
  2. Առավել նախազգուշության միջոցներ
  3. Վերանայել ճամփորդությունը
  4. Զերծ մնալ ճամփորդությունից

Ուղեցույցում Հայաստանը նշված է որպես անվտանգ՝ առաջին կատեգորիայում։ Պետքարտուղարությունը տեղեկացնում է միայն, որ «որոշ տարածքներ ավելի վտանգավոր են»։

Արցախի Հանրապետությունը ցանկում ներառված չէ որպես առանձին միավոր։ Նրա մասին տեղեկությունը զետեղված է և Ադրբեջանի, և Հայաստանի մասին բաժիններում։ Պետքարտուղարությունը հորդորում է իր քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ՝ զինված հակամարտությամբ պայմանավորված։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակում են զոհեր գրանցվել։ Պարբերական կրակոցները և ժամանակ առ ժամանակ հրետանային համակարգերի, այդ թվում՝ ականառումբերի ու ականանետերի կիրառումը, ամեն տարի հանգեցնում են զոհերի ու վիրավորների։ Խուսափեք շփման գծի և Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով ձգվող ճանապարհներից։

ԱՄՆ-ի կառավարությունը չի կարող անհապաղ օգնություն/ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող իր քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ-ի կառավարական պաշտոնյաների այցելությունը ԼՂ արգելված է»,- ասված է հաղորդագրությունում։

Նույն տեղեկատվությունը տեղադրված է նաև Ադրբեջանի մասին հատվածում, որն ի դեպ նշված է որպես «առավել նախազգուշության միջոցներ» պահանջող երկիր՝ ահաբեկչության վտանգով պայմանավորված։

Պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ ահաբեկչական խմբերը շարունակում են հարձակումներ նախապատրաստել Ադրբեջանի տարածքում, ահաբեկիչները կարող են հարձակվել առանց զգուշացնելու զբոսաշրջային վայրերի, տրանսպորտային հանգույցների, առևտրային կենտրոնների, հյուրանոցների, ակումբների, ռեստորանների, դավանանքի, մշակութային վայրերի, կրթական հաստատությունների և հանրային այլ վայրերի վրա։

ԱՄՆ-ը հորդորում է իր քաղաքացիներին, եթե այդուհանդերձ որոշել են գնալ Ադրբեջան, խուսափել ցույցերից, «հետևել տեղական մամուլում հրապարակվող հրատապ լուրերին և պլանավորել գործողությունները՝ ելնելով ստացված տեղեկատվությունից»։

Պետքարտուղարության ուղեցույցը «զարմանք է առաջացրել» Ադրբեջանում, ըստ տեղական լրատվամիջոցների։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ կառավարությունը «լիարժեք վերահսկում է երկրում անվտանգությունն ու օպերատիվ իրավիճակը», «բացառություն են կազմում օկուպացված տարածքները»։

Որպես անվտանգ իրավիճակի ապացույց՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը վկայակոչել է երկրում անցկացվող միջազգային հեղինակավոր միջոցառումները։ Բաքուն հիշեցրել է, որ վերջին տարիներին զբոսաշրջային հոսքն «ավելացել է 24 տոկոսով»։

Հայաստանի հարևաններից Թուրքիան հայտնվել է վտանգավորության երրորդ աստիճան ունեցող երկրների ցանկում։ ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում են վերանայել Թուրքիա այցելելու իրենց մտադրությունը՝ «ահաբեկչությամբ և կամայական ձերբակալություններով պայմանավորված»։

Վաշինգտոնի հորդորները չեն ողջունել նաև Անկարայում։ Թուրքիան իր անհանգստությունն է հայտնել նոր ուղեցույցի առնչությամբ։ Ավելին՝ ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ֆիլիպ Կոսնետը երկու օրում երկրորդ անգամ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Առաջին անգամ դիվանագետը կանչվել էր պարզաբանումներ տալու Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի կողմից շարունակական աջակցության կապակցությամբ։

«Մենք մեր անհանգստությունն ենք հայտնել ոչ ճշգրիտ տեղեկատվության առնչությամբ, որը տեղ է գտել ճամփորդական ուղեցույցում»,- Hurriyet Daily News-ին ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյա։   

Վրաստանը նույնպես դասակարգվել է որպես անվտանգ երկիր, Իրանը հայտնվել է չորրորդ կատեգորիայում, Ռուսաստանը՝ երրորդ։

Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ։

 

Ստելլա Մեհրաբեկյան