12 հունվար, 2018 16:19

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ». Սերժ Սարգսյանը ԱԺ-ում էր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Սերժ Սարգսյանը խոսել է ԱԺ 6-րդ գումարման ընթացքում խորհրդարանի կողմից իրականացված աշխատանքի և առաջիկա անելիքների մասին։

«Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են»,- ասել է ՀՀ նախագահը և «գնահատել Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում»:

ՀՀ ղեկավարն ասել է, որ ապագայում Հանրապետության նախագահի աշխատակազմն էապես ներգրավված չի լինելու օրենսդրության մշակման և սրբագրման գործընթացին, «ուստի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է հենց խորհրդարանի աշխատակազմի վրա»։

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ: Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում:

Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Դժվար է գերագնահատել այս մարմնի կարևորությունը՝ հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում: Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար:

Գալիք ամիսներին անհրաժեշտ է լինելու նաև լրացնել սահմանադրական դատարանի կազմում առաջացող թափուր տեղերը: Ազգային ժողովը նաև պետք է նշանակի նորաստեղծ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է մեր երկրի և տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը:

Եվ, անշուշտ, ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին»,- ԱԺ-ում հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ «այսօր գուցե արժե կենտրոնանալ և անդրադառնալ ընդհուպ մինչև մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա»: