13 հունվար, 2018 16:53

2018-ին Ղարաբաղում պատերազմ չի լինի. ամերիկացի վերլուծաբաններ

2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ամերիկյան վերլուծաբանները: Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, 2018-ին Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ներկա ստատուս քվոն, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ ասել նախկին դեսպանը։

«Կարծում եմ՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը օգուտ չեն ստացել ապրիլյան քառօրյա պատերազմից, և դա լավ գիտակցում են երկու երկրների մայրաքաղաքներում: Ներկա պահին ես չեմ տեսնում, որ նոր հակամարտությունը բխեր երկու երկրներից որևէ մեկի շահերից»:

Հակամարտող կողմերին Ռուսաստանի կողմից վերջին արտադրության զինատեսակների վաճառքը գարշելի է համարում Ջոն Հերբսթը. «Սառեցված հակամարտության պահպանման քաղաքականությունն ուղղակի գարշելի է. այն օգուտ է քաղում մարդկային ցավից, որը թույլ է տալիս Կրեմլին պահպանել իր ազդեցությունը: Դա ցինիկ և զզվելի քաղաքականություն է»:

Դեսպան Հերբսթի խոսքով, ստատուս քվոյի պահպանումը նշանակում է նաև կարգավորման բացակայություն․ «Պետք է ասեմ նաեւ, որ չեմ տեսնում դեպի խնդրի կարգավորում ուղղված որեւէ դիվանագիտական առաջընթացի հնարավորություն»:

Այդ մոտեցումը կիսում է նաև ամերիկացի ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը. «Անշուշտ, ձմեռը ռազմական գրոհներ նախաձեռնելու լավագույն ժամանակը չէ, սակայն, նաև առաջիկա գարնանը որևէ ռազմական գործողության հիմք չեմ տեսնում»: Իրավիճակը սակայն կարող է փոխել որէ կտրուկ իրադարձություն, ավելացնում է փորձագետը.

«Լուրջ փոփոխությունների դեպքում, անշուշտ, շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այսչափ լուրջ զենքերով զինված տարածաշրջանում պատերազմ սկսվի»:

Այնուամենայնիվ, Սթիվեն Բլանկի խոսքով, Միացյալ Նահանգները փորձելու է տարածաշրջանում խաղաղություն պահպանել. «Վրաստանին պաշտպանական «Ջավելին» հակատանկային զենքի վաճառքն ու Պակիստանին ամերիկյան օգնության կասեցումը նշանակում է, որ Հարավային Կովկասի կարևորությունը, նաև Աֆղանստանում ամերիկյան ուժերի համար, բարձրանում է»:

Դեսպան Հերբսթի կարծիքով նույնպես, թեև Վաշինգտոնը Հարավային Կովկասում ակտիվ քայլերի չի դիմում, այնուամենայնիվ, մինչ օրս շարունակվում է տարածաշրջանի նկատմամբ նախկին վարչակազմի զգույշ հետաքրքրության քաղաքականությունը: