17 հունվար, 2018 12:53

Հինգ քույր ու ոչ մի կաթիլ ափսոսանք    

Մերի Մլհամյանը 27 տարեկան է, ապրում է Արմավիրի մարիզ Նորապատ գյուղում: Մասնագիտությամբ նկարչուհի-մոդելավորող է։ Աշխատում է որպես օպերատոր՝ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի 911 ծառայությունում: Մերին հաշմանդարմություն ունի, սակայն ապրում է լիարժեք կյանքով՝ հաղթահարելով դժվարություններն ու բարդույթները։ Այդ իսկ պատճառով նա սկսել է վարել բլոգ։ Ծրագիրն իրականացվում է  «Բարս Մեդիա»-ի հետ։

Ես հաջողակ մարդ եմ. ունեմ չորս աննման քույր (ես նախավերջինն եմ)։ Մենք երջանիկ քույրեր ենք, բայց ցավով գիտակցում եմ, որ ուրիշ ընտանիքում ծնվելու դեպքում կարող է և չծնվեինք։ Ամեն դեպքում մենք ծնվել ենք, և ինձ ճանաչելու համար կարևոր է նաև իմանալ քույրերիս մասին։

Ես ու ընտանիքս ապրում ենք Արմավիրի Նորապատ գյուղում։ Մենք Մլհամյանների տոհմն ենք, հետաքրքիր պատմություն ունենք։ Նախապապս հեքիմ է եղել և իր պատրաստած դեղով՝ մլհամով, բուժել է բոլորին, ու այդպես էլ ծագել է մեր ազգանունը։

Հայրս ու մայրս միշտ ցանկացել են, որ Մլհամյանների տոհմը շարունակվի։ Հենց այդ պատճառով է, որ ընտանիքիս անդամների համար այդքան կարևոր էր տղա ունենալը։

Ընտանիքի առաջին երեխան Լիլիթն է։ Նա հիմա 36 տարեկան է, մասնագիտությամբ՝ նախակրթարանի մանկավարժ: Երկրորդ երեխան էլ աղջիկ ծնվեց՝ անունը Աննա։ Երրորդն էլ Արմինեն։

Երբ հերթը ինձ էր հասել, հայրս ու մայրս վստահ գիտեին, տրամադրվել էին որ ես տղա եմ ծնվելու: Վերջապես ծնվելու է այն ժառանգորդը, որը կշարունակի տոհմական ազգանունը։ Իսկ ես, բոլորին երկար տանջեցի ու ի վերջո ծնվեցի՝ աղջիկ։ Բայց քանի-որ ծնողներս իսկապես սպասում էին, որ տղա կլինեմ, ինձ մեծացրին բոլոր տղայական կանոններով։

Ինձնից հետո ծնվեց Մելինեն։ Հիշում եմ՝ հինգ տարեկան էի ու չէի ուզում, որ տղա ծնվեր, որովհետև տան տղան ես էի։ Ի վերջո, ծնվեց մեր տան հինգերորդ աղջիկը։

Լիլիթը մեր ամենամեծ քույրն է, ինձնից ինը տարի մեծ է։ Փոքր ժամանակ, երբ քայլելու դժվարություններ ունեի ու շարունակ գնում էի վիրահատությունների, Լիլիթը ինձ գրկում էր, ու սկսում էինք խաղալ, որ ես էլ հետ չմնայի բակի խաղերից։  Այդպես իր հետ հավասար պարան էի թռնում, ռեզին խաղում ու թռչկոտում բակում։ Լիլիթն իմ մասին շատ էր հոգ տանում։ Մի անգամ էլ Լիլիթը ծառից ցոգոլ էր ուզում հավաքել։ Ինձ հեռու նստեցրեց ու քարով խփեց ցոգոլին, որ ընկնի։ Իսկ նետած քարը կպավ ցոգոլին ու հետ թռավ ուղիղ ճակատիս: Շատ ուժեղ էր ցավը, բայց մեկ է՝ ժամանակս միշտ Լիլիթի գրկում էի անցակցնում:

Աննան՝ ինձնից ութ տարի է մեծ։ Նա ամուսնացած է, մի տղա ունի։ Բայց վախենում եմ դեռ սիրել, քանի-որ շատ փոքր է։ Իսկ Աննան նեղանում է ու ասում, իբր կատվիս՝ Թոմիին, ավելի շատ եմ սիրում, քան իր որդուն։

Երրորդ քույրս՝ Արմինեն (հաճախ կարճ Մինե ենք ասում), ինձնից հինգ տարի մեծ է։ Նա ավելի շուտ է ամուսնացել ու երկու երեխա ունի՝ տղա ու աղջիկ։ Աղջիկը արդեն 7 տարեկան է ու ինձ շատ նման է, անունն էլ Մարի։ Մինեի հետ շատ ենք կիսվում, անվերջ զրուցում տարբեր թեմաների մասին։

Մելինեն իմ փոքր քույրն է՝ 22 տարեկան։ Ես Մելինեի հետ խստապահանջ եմ, խորհուրդներ եմ տալիս։

Շատ եմ սիրում, երբ ամբողջ ընտանիքով հավաքվում ենք։ Խոսում ենք, կատակում, հաճախ կռվում ենք։ Բոլորս տարբեր ենք թե մտածելակերպով, թե բնավորությամբ, բայց լավ է, ես երջանիկ եմ, ու չէի պատկերացնի առանց քույրերիս, ու ընտրության հնարավորության դեպքում ես կրկին կընտրեի քույրեր ունենալը։

Ծնողներս էլ երբեք չեն զղջում, որ ունեն հինգ աղջիկ։ Չնայած սպասել են որդի ունենալուն, գիտեմ, մենք՝ հինգ քույրերս, շատ բան ենք փոխել նրանց մտածելակերպում։ Բոլորս ինքնուրույն ենք, ակտիվ, զբաղվում ենք տարբեր գործերով, տարբեր ոլորտներում, ու հասցնում ենք օգնել մեր ծնողներին ամեն հարցում։ Հայրս կուզեր տղա ունենալ, հիմա ուրախ է, ասում է, որ ոչ մի տղայի չենք զիջում։ Մայրս էլ ասում է, որ ուրախ է՝ շատ օգնողներ ունի։

Երբեմն մարդիկ իմանում են, որ հինգ քույր ենք ընտանիքում, արտահայտում են իրենց ափսոսանքը, կամ նայում մի տեսակ խղճահար հայացքով։ Բայց մեր տանը երջանկությունը երբևէ չի կապվել երեխայի սեռի հետ։ Իսկ ամենամեծ խնդիրը այս պատմության մեջ թող լինի ազգավան չշարունակվելը։

Աղետալի է իմանալ քանի աղջիկ չի ծնվում տարեկան ու ավելի ցավալի է իմանալ դրանց պատճառները։ Այն բոլոր արդարացումները, որ մարդիկ տալիս են աղջիկ երեխաներին դեռ չծնված սպանելիս, երբևէ չեն լինի ավելի լուրջ ու կարևոր, քան երեխայի ծնունդն է։

Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում, և ես ինձ ավելի վատ եմ զգում, քանի-որ պատկերացնում եմ, որ քույրերս ու ես կարող էինք հայտնվել նմանատիպ ընտանիքում ու պարզապես չծնվել։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: