17 հունվար, 2018 16:58

Քաղաքականությունը նոր նախագահի խելքի բանը չէ

Նախագահի թեկնածուն պետք է երբևէ քաղաքականությամբ զբաղված չլինի: Սա ճիշտ չէ ոչ այն պատճառով, որ նախագահն ինքնին քաղաքական պաշտոն է:  Այլ այն պատճառով, որ քաղաքականությունը կա, նրանով հնարավոր չէ զբաղվել կամ չզբաղվել:

Յուրաքանչյուրը քաղաքականության մասնիկ է, առանց նրա քաղաքականություն չի լինում: Քաղաքականությամբ չի զբաղվում մողեսը, երբ ինչ-որ մեկի տան դեկորատիվ կենդանի է, բայց անապատում նա քաղաքականության մասնիկ է: Նրանով ինչ-որ համակարգ է գործում, ինչ-որ վերադասավորումներ են լինում: Որսն առանց քաղաքականության չի արվում, առանց քաղաքականության մողեսն իր աչքը չի բացի ավազների տակ: Այնպես որ մարդամեկը վրիպել է: Եվ ուղղակի վատ է, որ վրիպել է մտավոր գործունեությամբ զբաղվող մարդկանց մոտ: Որովհետև դա և ուղերձ է, որ այսուհետև էլ մի զբաղվեք քաղաքականությամբ և գլուխ շոյել է, որ լավ եք անում: Նաև հասկացնել է, որ դա ձեր խելքի բանը չէ: Հենց այստեղ ենք հասնում էդ մտքից՝ նախագահ պետք է լինի մի մարդ, որի խելքի բանը չէ քաղաքականությունը: Նման մի բան նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ասել: Նման մի բան ասել էր խորհրդարանի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ ԱԺ ամբիոնը մի քաղաքականացրեք:

Ես Սերժ Սարգսյանի մոտիվները չգիտեմ: Գուցե նա նկատի է ունեցել, որ ապագա նախագահը քաղաքականությամբ ապականված չպետք է լինի: Ու սա աղետալի ենթատեքստ է իր խոսքում: Դա երկսայրի սուր է, որը կարող է մի օր հարվածել նաև ասողին: Որովհետև ինքը մի օր դառնալու է մեղադրանք բոլոր նրանց հասցեին, որոնք ակտիվ քաղաքականության ներկայացուցիչներ են: Էս տողատակից քրեական ապագա հոդվածի ձևակերպում է դուրս պրծնում՝ դատել բոլորին, որոնք երբևէ եղել են քաղաքականության մեջ: Նա նաև հասկացնում է, որ քաղաքականությամբ զբաղվելու է մարդը, որը վարչապետ է լինելու: Այսինքն, էս գլխից նախագահին ցույց է տալիս իր տեղը, հիշեցնում է, որ կուսակցական էլ չպետք է լինի: Սրանք պետական իշխանությունից հեռացող մարդու խոսքեր չեն:

Գործող նախագահը ապագա նախագահին զգուշացնում է, որ վերջինս պետք է լինի այնպիսին, որ մի օր հանրապետականներով չհավաքվենք ու քեզ հայտարարենք քաղաքականությունից դուրս: Ինքն էս գլխից է խաղի կանոններ սահմանում՝ եղիր նրանց պես, որոնք աջ քաշած ապրում են: Հիմա հասկանու՞մ եք՝ Սահմանադրության ապագա երաշխավորը դուրս է մնում ոչ միայն Սահմանադրությունից, ոչ միայն քաղաքականությունից, նա դուրս է մնում նույնիսկ տրամաբանությունից:

Մյուս կողմից, գործող նախագահի մտքի մոտիվները հասկանալի են՝ քաղաքականություն խաղալը ինչպես եղել է, այնպես էլ մնում է մեկ մարդու մենաշնորհ: Եվ սա միակ ճիշտ տողատակն է նրա խոսքում: Ի՞նչ պետք է որոշի, ասենք, ապագա նախագահ Ֆլան Ֆստանը: Ամեն ինչ ճիշտ է: Որովհետև նա հենց Ֆլան Ֆստանն էլ լինելու է: Կամ՝ Պողոս-Պետրոսը: Նա լինելու է ինչ-որ մեկը: Եվ վերջ: Իսկ քաղաքականությամբ հո Կարեն Կարապետյա՞նը չի զբաղվելու: Կամ էլ, ասենք, մեր հարևան Վարդանուշ Հովակիմյանը: Դա լուրջ բան է: Այնքան լուրջ: Քաղաքականությամբ զբաղվելու մեջ ջրի երեսին մնալու շահագրգռվածությունն է: Իսկ դա ամեն Ֆլան Ֆստանի չես զիջի: Այնպես որ, ես ստորագրում եմ Սերժ Սարգսյանի ասածի տակ և ավելացնում՝ քաղաքականությամբ զբաղվելը վտանգավոր է կյանքի համար: