23 հունվար, 2018 13:45

Պոլսի Հայոց պատրիարքարանն աջակցություն է հայտնել Աֆրինում Թուրքիայի օպերացիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Աֆրինում քրդերի դեմ Թուրքիայի սկսած «Ձիթենու ճյուղ» գործողությանն աջակցություն հայտնելու համար: Այդ մասին հաղորդում է թուրքական Aksam պարբերականը:

Իբրահիմ Քալընը մասնավորապես գրել է. «Համայնքային հիմնադրամները, Պոլսո հայոց պատրիարքարանն ու Թուրքիայի հրեական համայնքը մեր բանակի և պետության կողքին են: Միասնականության այդ ոգին մեր ամենամեծ ուժն է: Շնորհակալ ենք նրանց»:

Քալընն իր թվիթերյան էջում նաև հրապարակել է Պոլսո հայոց պատրիարքարանի հայտարարության լուսանկարը: 

«Պոլսի հայոց պատրիարքարանը Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը հաջողություն է մաղթում։ Պոլսո հայոց պատրիարքարանը աղոթելու է Թուրքիայի Հանրապետության պահպանման, հայրենիքի ամբողջականության ու ժողովրդի միասնության համար»,- ասված է հայտարարությունում։

Հետաքրքիր է, որ միայն թուրքերեն տարածված հայտարարության մեջ չի նշվում որևէ անուն․ չկա ո՛չ այս պահին Գերմանիայում գտնվող տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի, ո՛չ պատրաիրքական գահի հավակնորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի անունը։ Պատրիարքարանի հայտարարությունը չի կարելի աննախադեպ կամ արտառոց համարել։ Բավական է ասել, որ առ ժամանակ հանդես է գալիս Քրդստանի աշխատավորական կազմակերպության (PKK) գործողությունների քննադատությամբ՝ դրանք որակելով «ահաբեկչական»։

  • Թուրքիան հայտարարում է, որ «պայքարում է ահաբեկիչների դեմ ու նպատակ ունի փրկել բարեկամական ու եղբայրական ժողովրդին ահաբեկիչների բռնություննից»։
  • Հունվարի 20-ին ժամը 17-00-ին Թուրքիան հայտարարեց Սիրիայի քրդաբնակ Աֆրին քաղաքում ռազմական գործողություն սկսելու մասին։ Գործողությունը ստացավ «Ձիթենու ճյուղ» անվանումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի օդային ուժերը Դիարբեքիրից սկսեցին ռմբակոծել սիրիական քրդերի ամենաազդցիկ կառույցի՝ «Ժողովրդավարական միություն» կուսկացության դիրքերն ու վերացրել մի շարք զինապահեստներ։ Արդեն հունվարի 21-ին թուրքական տանկերն ու զորախմբերը հատեցին թուրք-սիրիական սահմանն ու շարժվեցին Աֆրինի ուղղությամբ, որն առանձնացած է քրդերի վերահսկողության տակ գտնվող մյուս տարածքներից։  Ռազմական գործողությանը մասնակցում է 6400 թուրք զինվոր։
  • Սիրիայի արձագանքը․ նախագահ Բաշար Ասադը դատապարտել է թուրքական ներխուժումը՝ ասելով, որ Աֆրինում «թուրքական կոշտ ագրեսիան» Անկարայի՝ Սիրիայում «ահաբեկիչներին օգնելու» նախագծի մաս է
  • ԱՄՆ-ը թեպետ կոչ է անում Թուրքիային Աֆրինի վրա հարձակման փոխարեն «Իսլամական պետության» դեմ պայքարել, սակայն չի պատրաստվում միջոցներ ձեռնարկել Աֆրինի վրա թուրքական հարձակումը կանխելու համար։
  • Մոսկվայի արձագանքը զուսպ էր, հայտարարել է, որ «մտահոգված է» Սիրիայի հյուսիսից եկող լուրերով։ Ռուսաստանի զինվորականները, որոնք մտնում են հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի կազմի մեջ, օպերացիայից առաջ դուրս են բերվել այդ շրջանից։
  • Սիրիայի դաշնակից Իրանը կոչ է արել թուրքական օպերացիայի շուտափույթ դադարեցում՝ Սիրիայում ճգնաժամի խորացումից խուսափելու համար։ 
  • Թուրքիայի գործողությանը սատարել է նաև Ադրբեջանը՝ հայտարարելով, որ աջակցում է «եղբայրական» Թուրքիային «ահաբեկչության դեմ պայքարում»։

Ի՞նչ է ուզում Թուրքիան, ի՞նչ կարող են անել քրդերը, ի՞նչ է ակնկալում Ռուսաստանն ու ինչո՞ւ են քրդերը մեղադրում Ռուսաստանին դավաճանության մեջ՝ ՍիիվլՆեթի տաղավարում պարզաբանում է արևելագետ Սարգիս Գրիգորյանը։