24 հունվար, 2018 11:45

Աֆրինում թուրքական օպերացիայում մոտ երեք տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել․ դիտորդներ

Թուրքիան Սիրիայի Աֆրինում սկսած ռազմական օպերացիայի չորս օրերի ընթացքում սպանել է առնվազն 260 քուրդ մարտիկի և Իսլամական պետություն խմբավորման զինյալի, այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրք զինվորական աղբյուրների։

Թուրքական Hurriyet Daily News-ը, վկայակոչելով զինվորականների պաշտոնական հայտարարությունը, նշում է, որ մարտիկները «չեզոքացվել են»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան գործում է «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը»։ 

Ըստ թուրք զինվորականների՝ օպերացիայի «թիրախում են ահաբեկիչներն ու նրանց ապաստարանները, զենք-զինամթերքը։ Միջոցառումներ են ձեռնարկվել պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը»։ Չորս օրվա ընթացքում պաշտոնական տվյալներով թուրքական բանակը կորցրել է երեք զինծառայող։

Մինչդեռ քրդական Rudaw կայքը այլ տվյալներ է բերում՝ հաղորդելով, որ Աֆրինի 21 քրդաբնակ գյուղեր «լուրջ սպառնալիքի տակ են»։

Yazda կազմակերպությունը հայտարարել է, որ տեղի ունեցածի համար պատասխանատու է Թուրքիան և «Սիրիական ազատ բանակի» զինյալները։ 

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական առաքելությանը վկայակոչելով՝ Rudaw-ը գրում է, որ Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» օպերացիայի սկզբից ի վեր սպանվել է 106 մարդ, որոնց թվում՝ 23 խաղաղ բնակիչ։ 

Թուրքական օպերացիայի մասին ավելին՝ 

Պոլսի Հայոց պատրիարքարանն աջակցություն է հայտնել Աֆրինում Թուրքիայի օպերացիային 

 

Լուսանկարում՝ Սիրիայի քուրդ մարտիկներ, Աֆրին, 2018թ․ հունվարի 23, AFP գործակալություն