25 հունվար, 2018 11:55

Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի շատ գազ մատակարարել, եթե վերջինս վճարի

Թեհրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գազի առևտուրը, հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Արաղին։

Ինչպես տեղեկացնում է FARS գործակալությունը, Արաղին մասնավորապես ասել է, որ բացի Հայաստանի հետ ունեցած «ապրանք գազի դիմաց» գործարքից, Թեհրանը պատրաստ է խթանել Հայաստանին գազի մատակարարումը։

Գործարքով, պարզաբանել է պաշտոնյան, Իրանը Հայաստանից ստանում է 3 կՎտժ էլեկտրաէներգիա յուրաքանչյուր մեկ  խմ բնական գազի դիմաց։

«Իրանն ունի Հայաստանին ավելի շատ գազ մատակարարելու հնարավորություն, սակայն հայկական կողմը չի կարող դրա դիմաց բավարար էներգիա մատակարարել»,- ասել է Արաղին` հավելելով, որ Հայաստանի մասնավոր ու պետական հատվածները կարող են Իրանից գնել գազ։

«Կարող ենք առաքել ավելի շատ գազ, եթե վճարեն դրա դիմաց»,- ասել է Իրանի Ազգային գազային ընկերության գործադիր տնօրենը։

2004թ․ Հայաստանն ու Իրանը ստորագրել են էլեկտրաէներգիա-գազ փոխանակման համաձայնագիրը, որի համաձայն, Իրանից մատակարարվող յուրաքանչյուր 1 խմ բնական գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ում արտադրվում և Իրան է առաքվում 3 կՎտժ էլեկտրաէներգիա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ներքին սպառմանը, ապա այն տարեկան կտրվածքով կազմում է մոտ 6 մլրդ կՎտ ժամ:

Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտավորապես այնքան, որքան Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը, որը, պայմանավորված փակ սահմանների իրողությամբ, իրականացվում է երրորդ երկրներով:

Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը 2017 թվականին աճել է, առավելապես՝ Իրանից ներմուծման ծավալների ավելացման շնորհիվ։ Իրանի հետ առևտրային հարաբերություններում Հայաստանն ավելի շատ ներմուծողի դերում է։