27 հունվար, 2018 10:05

Շարունակելու ենք բարեփոխումների օրակարգը․ վարչապետի հարցազրույցը Euronews-ին

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Euronews-ին։ Վարչապետի պաշտոնում սա նրա առաջին հարցազրույցն է անգլերենով։

Շվեյցարական Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հարցազրույցում Կարապետյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է բարեփոխումների օրակարգը։

«Մենք շարունակելու ենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը Հայաստանը դարձնելու ավելի գրավիչ՝ հարմարավետ գործարար միջավայրով, տեղական շուկայի առումով տարածաշրջանում բիզնես վարելու միասնական հարթակ դարձնելու ուղղությամբ։ Մենք հիմա փորձում ենք մեր տարածաշրջանի միասնական ապագան ստեղծել՝ ձգտելով լինել հարթակ, շուկաների, մշակույթների դարպաս, որտեղ աշխարհի տարբեր երկրները կարող են կողք կողքի լինել»,- ասել է Կարապետյանը:

Euronews-ը հիշեցնում է, որ Կարապետյանը Դավոսի ֆորումի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի հետ, որն աջակցելու է բարեփոխումների գործընթացը խթանելուն։

Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել հարցազրույցի մասին՝ նշելով, որ այս նպատակներին հասնելու համար Հայաստանն օգտագործելու է Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության (GSP +) Իրանի (Ազատ տնտեսական գոտի) և մի շարք այլ պետությունների հետ առևտրային ռեժիմները: