29 հունվար, 2018 13:56

Ադրբեջանում ատելությունը պետական քաղաքականություն է․ Զեյնալ Իբրահիմով

Ադրբեջանցի լրագրող և քաղաքական էմիգրանտ Զեյնալ Իբրահմովը, որը հեղինակել է «35 նամակ որդուս» աղմկահարույց գիրքը, հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի նախագիծ հանդիսացող «Էխո Կավկազա» կայքին, որում խիստ գնահատականներ է տվել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին, անդրադարձել 1990-ականներին Բաքվում հայերի ջարդերին, ինչպես նաև հունվարի 20-ի դեպքերին, երբ քաղաք էին մտցվել խորհրդային զորքեր։ Իբրահիմովը խոսել է Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության պատճառների, ղարաբաղյան հակամարտության, անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Հունվարի 21-ին հրապարակված հարցազրույցը որոշ ժամանակ անց հեռացվել է կայքից։ Խմբագրությունը տեղեկացնում է, որ «առաջիկայում կհետևի հարցի բազմակողմ քննարկում»։ Որոշ կայքեր վերահրապարակել են հարցազրույցը, որոնց թվում՝ «Առավոտ»-ի ռուսական տարբերակը։ Իբրահիմովի հետ հարցազրույցից հետո, ըստ տեղեկությունների, լրագրող Կատերինա Պրոկոֆևան հեռացվել է աշխատանքից ռադիոկայանում երեք տարվա աշխատանքից հետո։ Վերահրապարակված հարցազրույցը որոշ կրճատումներով, թարգմանաբար ներկայացված է ստորև։

- Զեյնալ, սկսենք հունվարի 20-ից [1990թ․ - ՍիվիլՆեթ]։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ օրը, ինչպե՞ս եք հասկանում «սև հունվարը» և հիշատակե՞լ եք արդյոք այն Ձեր գրքում։

Այո, հիշատակել եմ, իհարկե։ Նախ՝ հունվարի 20-ը չի կարելի տարանջատել հունվարի 13-ից․ դրանք անբաժանելի են, քանի որ հունվարի 13-ին սկսվեցին հայերի ջարդերը։ Մեկը բխում էր մյուսից։ Եթե չլինեին ջարդերը, չէր լինի հունվարի 20-ը, սակայն ես կարծում եմ, որ այդ երկու օրերը մանրակրկիտ ծրագրվել էին, և ամեն ինչ կանխորոշված էր։ Եվս մեկ բան՝ զորքերը մտցվեցին հունվարի 20-ին, երբ ջարդերի ալիքը նվազել էր։ Չգիտես ինչու՝ դրանք չէին մտցվել ոչ հունվարի 13-ին, ոչ 14-ին, ոչ 15-ին։ Այն ժամանակվա «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» փողոցներ էր դուրս բերել մարդկանց՝ շատ լավ իմանալով՝ ինչով այդ ամենը կավարտվի։ Եթե զորքերը մտնեին դատարկ քաղաք, կրակելու թիրախ չէր լինի պարզապես։ Եվ ես կարծում եմ, որ հունվարի 20-ը դա նախապես ծրագրված ակցիա էր։

- Իսկ ի՞նչ պատճառով էին մտել քաղաք, երբ բողոքը նվազել էր արդեն։

Պաշտոնական վարկածով՝ կանխել ջարդերը։ Դա ծիծաղելի է, քանի որ ջարդերը սկսվել էին հունվարի 13-ին։ Եվ ես չեմ հավատում, որ անգամ «հեռացող» Խորհրդային Միությունում հրամանատարությունն այնքան դանդաղաշարժ էր, որ զորքերը մտցրեց մեկ շաբաթ անց։ Առաջին փուլով այդ ջարդերը ստիպեցին հայ բնակչությանը վերջնականապես և անվերադարձ հեռանալ, իսկ զորքեր մտցնելով՝ սադրեցին ռուսական հատվածի արտահոսքը, քանի որ բանակը մտազուգորդվում էր միայ ռուսների հետ։ Զորքերը մտցնելու հենց հաջորդ օրը ռուսները սկսեցին հեռանալ։ Այսպիսով՝ երկու նապաստակ սպանվեց․ հեռացավ հայ համայնքը և ռուս համայնքը։ Քաղաքը փաստացիորեն ազատվում էր նրանց համար, ովքեր ձգտում էին այնտեղ՝ շրջանների բնակիչների։ Ինչո՞ւ էր դա ձեռնտու։ Դա ապագա ընտրազանգվածն էր։ Բնականաբար, հաջորդ փուլն էլ հրեական բնակչության հեռացումն էր, իսկ վերջինը՝ ռուսախոս ադրբեջանցիների։ Արդյունքում Բաքուն այսօր վերածվել է մեծ գյուղի՝ բնակեցած համապատասխան մարդկանցով։

- Ձեր կարծիքով, դա հենց այդ դեպքերի արդյո՞ւնք է։

Այո, անշուշտ։ Այդ դեպքերը աստիճանաբար բերեցին նրան, որ արտաքսվեց քաղաքի ավելի քան մեկ միլիոնանոց բնակչությունը, և երբ Ադրբեջանը սկսում է խոսել ցեղասպանության մասին, չգիտես ինչու, մոռանում է, որ փաստացիորեն արտաքսվել է Բաքվի ավելի քան մեկ մլն բնակիչ։ Դա ցեղասպանություն չէ՞։ Ես կարծում եմ, որ ցեղասպանություն է։ 

- Պատմեք Ձեր գրքի մասին։

Այն գրվել է դեռ 2015-ին։ Ինչո՞ւ հիմա։ Ժամանակ էր պետք այդ ամենը իմաստավորելու, մարսելու, կողքից նայելու համար։ Գրքում խոսք է գնում այն մասին, թե ինչպես Հեյդար Ալիևը փուլ առ փուլ իրեն վերադարձրեց երկիրը։ Չէ որ նա 1969-ից Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղար էր։ Նա փայլուն շախմատային պարտիա խաղարկեց՝ արդյունքում իշխանության գալով 1993-ին։

- Նա իշխանություն ապահովեց ոչ միայն իր համար, այլև այն ժառանագաբար փոխանցեց․․․

Գիտեք՝ Ադրբեջանը երկիր չէ։ Դա տարածք է, որը վերածվել է մեկ ընտանիքի կոմերցիոն օբյեկտի։ Տարօրինակ այդ կազմավորումը դժվար է երկիր կոչել։ Այդ մարդը սեփականաշնորհել է մի ամբողջ պետություն, վերածել այն կերակրատաշտի սեփական ընտանիքի համար, բացարձակապես արհամարհական է վերաբերվել Սահմանադրությանը, և դա շարունակում է նրա ընտանիքը։ Նա այդ ամենը վերածել է շատ տարօրինակ միապետության․․․

- Ինձ հետաքրքիր է՝ լրագրողները, որոնք գրում են, որ Ալիևների կլանը տիրացել է այդ տարածքին և լրագրողները, որոնք զբաղվում են խոր հետաքննություններով, նրանցից ոչ ոք չի հիշատակում հայ-ադրբեջանական ասպեկտը։

Ճիշտ է, չեն հիշատակում, խուսափում են այդ թեմաներից։ Նախևառաջ՝ վախից․ դա շատ վտանգավոր է, երկրորդ՝ մեկ բան է դուրս գալ Ալիևների կլանի դեմ, մեկ այլ բան՝ դուրս գալ ամբողջ հանրության դեմ։ Դրանք երկու տարբեր բաներ են։
Քանի որ նրանք, ովքեր աջակցում են Ալիևի հակառակորդներին, բնականաբար, միանգամից լռում են, երբ խոսք է գնում հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Այստեղ իշխանության, ընդդիմության և ամբողջ հանրության տարօրինակ միասնություն է։ Հանրության գլուխը մտցրել են, որ նա պետք է թշնամաբար վերաբերվի հայերին։ Այդ մարդը փաստացիորեն զոմբիավորել է ամբողջ երկիրը։ Այո, վախենում են խոսել։

- Իսկ ինչպե՞ս, ե՞րբ դա սկսվեց, ինչո՞ւ է այդպես շարունակովում, և երևո՞ւմ են արդյոք հաշտության եզրեր։

Ժամանակագրական առումով դա սկսվեց 1988-ին, չնայած կայծեր կային դեռ խորհրդային ժամանակաշրջանում։ Ինչ վերաբերում է հաշտությանը՝ ներկայում, այսօր, ես կարծում եմ՝ որևէ բան փոխելու ցանկացած փորձ այդ հակամարտությունը վերածելու է կրակի։ Եթե որևէ բան շարժվի այս կամ այն կողմ, դա չի լինի խաղաղ լուծում, և ասեմ՝ ինչու։ Հարցը միայն իշխանությունները չեն։ Ադրբեջանում կան մի քանի «քաղցկեղային ուռուցքներ»։ Առաջինը՝ հանրության գլուխը մտցրել են, որ Ղարաբաղը իր տարածքն է։ Դե դա Ադրբեջանի տարածքը չէ․ այդ տարածքը արհեստականորեն կցվել է Ադրբեջանին 1921-ին։ Երկրորդը Ադրբեջանի շատ ցավոտ ու մոլեգին ձգտումն է կեղծել իր պատմությունը և երևալ որպես մի ժողովուրդ, որն ունի հազարամյակների ծագում։ Դա զառանցանք է, դա չի եղել, դա նույնիսկ, կարծում եմ, նվաստացուցիչ է ժողովրդի համար՝ նման բան անել սեփական պատմության հետ՝ իրեն վերագրել ինչ-որ առասպելական հերոսների, հորինել անհեթեթ պատմական փաստեր։

- Ինչպես օրինակ․․․

Ադրբեջանական դասագրքերից մեկում գրված է, որ Կոլումբոսին խորհրդատվություն է տվել ադրբեջանցի գիտնական։ Դա արդեն հոգեբույժների ոլորտից է։

[...]

Եվս մի բան․ շատ տարօրինակ վերաբերմունք, ավելի թշնամական, քան Թուրքիայում է, հայերի ցեղասպանության ճանաչման թեմայի հանդեպ։ Դա կատարյալ աբսուրդ է։ Նախ՝ երբ 1915-ին այդ ամենը տեղի էր ունենում Օսմանյան կայսրությունում, Ադրբեջանը ոչ միայն գոյություն չուներ աշխարհի քարտեզի վրա, այլ առհասարակ գոյություն չուներ։ Բացի այդ, Հայաստանը այս առումով որևէ առարկություն ադրբեջանցիների հանդեպ չունի, քանի որ նրանք այդ ժամանակ չկային պարզապես։ Դա էլ մոլագար վերաբերմունք է այդ թեմային։ Ի՞նչ կապ ունի այն Ադրբեջանի հետ։ Ոչ մի։ Միայն այն պատճառով, որ հայերն ու ադրբեջանցիներն այժմ պատերազմո՞ւմ են։ Ինձ իսկապես զարմացնում է, որ Թուրքիայում ավելի հանդուրժող վերաբերմունք է դրան, քան Ադրբեջանում։

- Որտեղի՞ց է գալիս այդ ժխտումը, ինչո՞ւ է այժմ վերածվել ազգային կարգախոսի։

Նախ՝ դա ձեռնտու է իշխանություններին, քանի որ այդ կարգախոսով կառավարելը շատ հեշտ է։
Ցանկացած անհնազանդություն՝ և Ձեզ միանգամից վերագրում են հայ տատիկի, պապիկի, Դուք դառնում եք վտարանդի․ դա շատ հեշտ մեթոդ է և հեշտ քաղաքականություն։ Ատելությունը փաստացիորեն դարձել է պետական քաղաքականություն։ Չնայած Ադրբեջանն ամենուրեք հայտարարում է իր հանդուրժողականության և բազմամշակութայնության մասին, իրականում երկրում այսօր ֆաշիստական ռեժիմ է։ Այդ առումով այն ֆաշիստական է, քանի որ մանկապարտեզից երեխաների մեջ սերմանում են այդ ատելությունը։ Ընդ որում, արժանին մատուցենք, հարևան երկրում դա չկա, նման բան չեն սերմանում, և ես դա հաստատ գիտեմ։

- Ի՞նչ դեր է, ըստ Ձեզ, խաղում Ռուսաստանը այս հակամարտությունում։ Անցյալ տարի շատ հաճախ էր ասվում, որ ինչ-ինչ տեղաշարժեր կան, որ Լավրովը ինչ-որ բաներ է առաջարկել, որ Ադրբեջանին կանցնեն ինչ-որ շրջաններ, օրինակ, Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցության դիմաց։ Ինչպե՞ս եք տեսնում Ռուսաստանի դերը այդ հակամարտության կարգավորման գործընթացում, և կարո՞ղ է արդյոք նա որևէ կերպ ազդել, բացի նրանից, որ զենք է վաճառում երկու կողմերին էլ։

Ռուսաստանի դերը այդ հակամարտությունում ամենաբացասականն է։ Սկսենք նրանից, որ հայերի ու ադրբեջանցիների միջև առաջին հակամարտությունը գրանցվել է 1905թ․՝ Ռուսաստանի սադրանքով։ Ռուսաստանի դերը այդ հակամարտությունում ի սկզբանե պարզապես զզվելի է, քանի որ Ռուսաստանը ցանկանում է բռնել Հարավային Կովկասի պոչը, ունի իր աշխարհաքաղաքական շահերը։ Հնարավոր է՝ դա հասկանալի է, սակայն իրականում նա խաղում է շատ բացասական դեր։ Նախ՝ զենք է վաճառում երկու կողմերին, երկրորդ՝ Ռուսաստանը չի ձերբազատվել իր կայսերապաշտական նկրտումներից և ուզում է թաթը դնել երկու երկրների վրա, ինչը նրան դեռ հաջողվում է անել։

[...]