30 հունվար, 2018 11:02

ՀՀ նոր նախագահի նստավայրը՝ Մաշտոցի 47, վարչապետինը՝ Բաղրամյան 26

Հայաստանի նոր նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվելու է Մաշտոցի 47, վարչապետի նստավայրը տեղակայվելու է Բաղրամյան 26-ում։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Հանրապետության նախագահի սպասարկումը» ենթաբաժնում նշվում է հետևյալը․ 

Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

«Վարչապետի սպասարկումը» ենթաբաժնի տակ առկա է հետևյալ տեղեկատվությունը․

Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.

5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված սպասարկումից:
Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են օգտվել վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

Ի՞նչ է դա նշանակում

Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին։ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է, որը, ներկայացնելով մեծամասնություն կազմող քաղաքական ուժը, ըստ ամենայնի, կստանձնի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնը։ Նրա նստավայրը կլինի Մաշտոցի 47 հասցեում։

Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնն ստանձնելու դեպքում նրա նստավայրը կշարունակի տեղակայվել Բաղրամյան 26-ում։