7 փետրվար, 2018 17:06

Հայ-ադրբեջանական հարաբերությունների 100-ամյա անցյալից

Հայ-ադրբեջանական պետական հարաբերությունները սկիզբ են առնում 1918-ի մայիսից, երբ հիմնադրվեցին Հայաստանը և Ադրբեջանը։ Հայաստան-Ադրբեջան, հայ-թաթարական  հարաբերությունները եղել են բարդ, հակասական, հաճախ՝ արյունալի։

Թեև երկու հարևան պետությունները ունեին տարածքային վեճեր, Ադրբեջանի տարբեր վայրերում հայերը ենթարկվեցին ջարդերի ու էթնիկ զտումների, ինչպես Հայաստանի տարբեր մասերում մուսուլմանները (մինչև 1939 թվականի ԽՍՀՄ մարդահամարը ադրբեջանցիները կրում էին թաթար, կովկասյան թաթար, թուրք կամ մուսուլման անունը), այդուհանդերձ, Երևանի և Բաքվի միջև հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ, գործում էին դեսպանատներ։

1919թ. մարտին Ադրբեջանի վարչապետ Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռն ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն: Դաստակյանը, որը ծնվել էր Շուշիում, զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի: Համասփյուռը եղել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր։

Ադրբեջանի խորհրդարանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը կազմում էին հայերը՝ 12 պատգամավոր՝ մի մասը անկուսակցական, մյուս մասը՝ ՀՅԴ-ական։

Հայաստանի խորհրդում՝ առաջին խորհրդարանում, 46 պատգամավորներից 6-ը մուսուլման էին, այն է՝ ադրբեջանցի։ 1919 թվականի խորհրդարանում, որը ձևավորվեց ընտրությունների արդյունքում, մուսուլման էր 3 պատգամավոր։

Ի տարբերություն Ադրբեջանի, որի կառավարության կազմում եղել են 2 հայ նախարարներ, Հայաստանի որևէ կառավարության կազմում՝ 1918-1920 թվականներին, մուսուլման նախարար չի եղել, թեև ծրագրվում էր ունենալ։ ՀՅԴ «Հորիզոն» թերթը 1918թ․ հուլիսի 6-ի համարում գրեց, որ Քաջազնունու կառավարության կազմում նախարարական պորտֆելներից երկուսը տրվելու են թուրքի։

Հայաստանի և Ադրբեջանի հիմնադրման առաջին օրերին երկու ժողովուրդների և քաղաքական էլիտաների միջև եղել են փոխըմբռնման վրա հիմնված շփումներ։ Այսպես, երբ Վրաստանը առաջինը հռչակեց իր անկախությունը, անմիջապես պահանջեց, որ հայ ու մուսուլման գործիչները հեռանան Թիֆլիսից և հաստատվեն իրենց մայրաքաղաքներում։ Վրացիները հայերից և մուսուլմաններից՝ ադրբեջանցիներից, պահանջեցին անհապաղ լքել Անդրկովկասի Դաշնային Հանրապետության ղեկավարության նստավայր նախկին փոխարքայի պալատը։ Հայ գործիչները անմիջապես հեռացան, ադրբեջանցիները համառեցին, և վրացիները նրանց ուժով դուրս արեցին։ Չնայած դրան, 1918-ի հունիսի 2-ին Թիֆլիսի Հայոց և Մուսուլմանական ազգային խորհուրդները համատեղ նիստում որոշում կայացրեցին, որ «յուրաքանչյուր խորհուրդ կշարունակի մնալ Թիֆլիսում այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի հանգամանքների բերումով»։

Եթե վրացիները Երևան մեկնող Հայաստանի ապագա ղեկավարներին անգամ ճանապարհելու չէին եկել Թիֆլիսի կայարան, ապա ադրբեջանցիները ջերմ ընդունելություն ցույց տվեցին հայ նախարարներին՝ վարչապետ Քաջազնունու գլխավորությամբ, երբ վերջիններս հասան Աղստաֆա կայարան։

«Շատ սիրալիր ընդունեցին մեզ Ադրբեջանի սահմաններում՝ Փոյլի կայարանում: Վագոն է մտնում գավառապետի օգնականը և Գանձակի նահանգապետի կողմից ողջունում է Ազգային խորհրդին, որը երկու օր սպասել է Ազգային խորհրդին և հետո վերադարձել Գանձակ: Միևնույն ժամանակ հայտնում է, որ Ղազախում գիշերելու համար պատրաստված է առանձին տեղ: Ազգային խորհուրդը և կառավարությունը որոշում են գիշերել գնացքում: Փոյլի կայարանում մի քանի ճառեր արտասանվեցին և Ազգային խորհրդի գալու առթիվ նվագում էր սազանդարանների խումբը»,- գրել է «Աշխատանքի դրոշակ» թերթը հուլիսի 25-ի համարում։

ՀՅԴ-ական Արտաշես Բաբալյանը, ով Թիֆլիս-Աղստաֆա գնացի մեջ էր, «Հայրենիք» ամսագրում (1923 թ, հունիս, էջ 44-47) գրել է․ «Ջերմ ընդունելության հանդիպեցինք Ղազախում Ադրբեջանի իշխանության կողմից»։

Նույն գնացքով Երևան մեկնող մեկ էլ այլ երևելի ՀՅԴ-ական, ապագա վարչապետ Սիմոն Վրացյանը իր «Հայաստանի Հանրապետությունը» կոթողային գործում գրել է․«Ինչքա՜ն տարբեր էր վերաբերումը Ադրբեջանում։ Սահմանի վրա հայկական կառավարությունն ընդունվեց զինվորական պատիվներով․ ընդառաջ էին եկել նահանգապետը և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները։ Աղստաֆայում և Ղազախում տրվեց պաշտոնական ընդունելություն․ ճաշ էր պատրաստված ի պատիվ հյուրերի։ Թուրք գյուղացիները համակրանքով էին դիմավորում հայ ներկայացուցիչներին, որոնք մինչև Հայաստանի սահմանն անցան բարեկամական ցույցերի միջից»։

Այս տարի՝ 2018-ին, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը նշում են հիմնադրման 100-ամյակը։ Տարվա ընթացքում մենք բազմաթիվ առիթներով կանդրադառնանք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, այդ թվում՝ արյունալի էջերին։