9 փետրվար, 2018 16:32

Ռուսաստանից Ադրբեջանով Իրան է մեկնել առաջին բեռնատար գնացքը

Փետրվարի 8-ին Ադրբեջանի ու Իրանի երկաթգծերը միացնող Աստարա (Իրան) -Աստարա (Ադրբեջան) երկաթուղային գծով Ռուսաստանից Իրան է մեկնել վեց վագոններից կազմված առաջին բեռնատար գնացքը, հաղորդում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը։  

«Ադրբեջանական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տվյալներով՝ փայտանյութով բեռնված վագոնները բեռնաթափվել են իրանական կողմի տերմինալում։ Այս տարվա մարտին նախատեսվում է երկաթուղու լիարժեք շահագործումը:

«Աստարա (Իրան) -Աստարա (Ադրբեջան) երկաթուղին պաշտոնապես կբացվի այս տարվա մարտին` Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների մասնակցությամբ»,- հայտարարել է Իրանի երկաթուղու միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Աբաս Նազարին։

Նա նաեւ նշել է, որ նախնական բանակցություններ են ընթանում Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև`Աստարա (Ադրբեջան) - Մոսկվա ուղղությամբ ուղևորատար գնացքի մեկնարկի շուրջ:

«Տարածաշրջանի երկրները քաջատեղյակ են երկաթուղային նախագծի նշանակության մասին, և թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը ձգտում են հնարավորինս շուտ ավարտին հասցնել այդ ծրագիրը»,- ասել է Նազարին:

Աստարա-Աստարա երկաթգիծը Ղեզվին-Ռեշդ երկաթգծի շարունակությունն է և «Հյուսիս-հարավ» նախագծի մի մասը, որը կապում է իրանական երկաթուղին Ադրբեջանի երկաթուղային համակարգի հետ: Ճանապարհի երկարությունը 10 կմ է, որից 8 կմ-ը`Աստարա քաղաքից մինչև Իրանի սահման, իսկ 2 կմ-ը` սահմանից մինչեւ Իրանի Աստարա քաղաք:

Իրանական երկաթուղու ներկայացուցիչը նաև ասել է, որ եվրոպական երկրները ցանկանում են օգտագործել Աստարա-Աստարա երկաթգիծը՝ իրենց ապրանքները Պարսից ծոց, Հնդկաստան և հետադարձ ուղով տեղափոխելու նպատակով: