12 փետրվար, 2018 21:19

Դատախազը մեկ տարվա ազատազրկում պահանջեց կնոջը սպանելու համար

Դատարանը փետրվարի 13-ին վճռեց ամբաստանյալին 8 ամսով ազատազրկման դատապարտել։

Փետրվարի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ կնոջ սպանության գործով նիստ։

Ամբաստանյալը 71-ամյա ԵՊՀ դասախոս է, դոկտոր-պրոֆեսոր։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 2017թ. մայիսի 31-ին իր բնակարանում ոգելից խմիչք օգտագործելու պատճառով վիճաբանության մեջ է մտել կնոջ հետ, որի ժամանակ կինը զանգահարել է ոստիկանություն և հայտնել վիճաբանության մասին։ Ամբաստանյալը մոտենալով կնոջը` փորձել է նրա ձեռքից վերցնել հեռախոսը և բռնելով կնոջ աջ ձեռքի դաստակից` քաշել է։ Արդյունքում կինը բնակարանի խոհանոցում կորցնելով հավասարակշտությունը` վայր է ընկել, գլխի հետին հատվածով հարվածել սալիկապատ հատակին և ստանալով գանգուղեղային փակ, բութ վնասվածք` մահացել է:

Փետրվարի 12-ին մեղադրող դատախազը դատարանում հանդես եկավ մեղադրական ճառով։ Նա ասաց, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալն իրեն մեղսագրված արարքն ընդունել է։ Դատախազի խոսքով՝ երբ կինը ընկել է գետնին, ամբաստանյալը փորձել է մոտենալ նրան, սակայն վերջինս հորդորել է իրեն չդիպչել, ինչից հետո տղամարդը կնոջը թողնելով խոհանոցում՝ ընկած վիճակում, գնացել է ննջարան ու քնել է։ Ըստ դատախազի՝ տուժողը, հորդորելով ամուսնուն իրեն չմոտենալ, հենց նրան է մեղավոր տեսել՝ իր ընկնելու համար։

Դատաքննության ընթացքում հարցաքննվել է նաև փորձագետը, ով հայտնել է, թե կինը տառապել է ավելորդ քաշից, մարմինը հավասարակշռված պահելու խնդիր է ունեցել։

Մեղադրող դատախազը իր ճառում անդրադարձավ մեղմացուցիչ հանգամանքներին, ասաց, որ ամբաստանյալը մինչ այս դատված չի եղել, բնութագրվել է դրական, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է ու աշխատում է բուհերից մեկում։ Այդուհանդերձ նա դատարանին միջնորդեց տղամարդուն մեկ տարով ազատազրկել։ Ըստ դատախազի՝ ամբաստանյալին պայմանական վաղաժամկետ ազատման հիմքեր չկան։

Տղամարդու պաշտպան Արմեն Ֆերոյանը իր ճառը սկսելով՝ նշեց, որ սա բացառիկ դեպքերից է, երբ փաստաբանն իր պաշտպանյալի դիրքորոշմանը դեմ է։

«Թեև իմ պաշտպանյալը մեղքն ընդունել է, սակայն ես գտնում եմ, որ նրա գործողություններում բացակայում է հանցակազմը»,- ասաց փաստաբանը։

Նա մեջբերումներ արեց հանգուցյալի քրոջ ցուցմունքներից՝ մանրամասնելով, որ տուժողը ճնշման խնդիր է ունեցել ու հաճախ առանց որևէ մեկի միջամտության վայր է ընկել։ Ըստ Ֆերոյանի՝ հանգուցյալի քույրը դատարանում ասել է, թե ամբաստանյալը պետք է արդարացվի։ Պաշտպանը միջնորդեց ամբաստանյալին ազատել։

Մեղադրողը, ռեպլիկով հանդես գալով, հայտնեց, թե դիտարկել է բոլոր հանգամանքները․  «Եկեք չմոռանանք, որ այնուամենայնիվ, թեկուզ հարազատ մարդուն, սակայն մահ է պատճառել։ Սա դասագրքային օրինակը չէ, որ կպավ հիվանդ մարդուն ու նա ընկավ, մահացավ, ո՛չ, այստեղ մենք ունենք իրավիճակ, երբ ձեռքից քաշել է, ինչի արդյունքում տեղի է ունեցել քաշքշուկ, ու մարդն ընկել է։ Նշված հիվանդություններն առաջին հերթին ամբաստանյալը քաջատեղյակ էր ու պետք է զգույշ լիներ։ Մենք ունենք հանցագործություն, մարդ է մահացել։ Պատիժը պայմանական կիրառելու հիմք ես չեմ տեսնում, քանի որ գործում կա ծանրացնող հանգամանք, և դա նպաստել է հանցագործության կատարմանը։ Օրենսդիրը մինչև երեք  տարի է նախատեսել նման դեպքերի համար, ես պահանջել եմ մեկ տարի, ես հաշվի եմ առել բոլոր հանգամանքները»։

Պաշտպան Ֆերոյանն էլ իր հերթին ասաց, որ 71 տարեկան անձի մեկ տարվա ազատազրկման դատապարտելը ծանր հետևանքներ կունենա․ «Մեղադրողը որևէ հանգամանք չմատնանշեց, թե անձի ուղղումը հնարավոր չէ առանց պատիժը փաստացի կրելու։ Բոլորս էլ գիտենք՝ քրեակատարողական հիմնարկներում ինչ վիճակ է տիրում, գերբնակեցման խնդիր կա, հերթով են քնում։ Եթե այս մարդը գնա քրեակատարողական հիմնարկ, դա կլինի սպանություն»։

Ամբաստանյալը հանդես եկավ վերջին խոսքով, նա ասաց որ զղջում է իր արարքի համար։ Մանրամասնեց, որ տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում կինը վայր է ընկել։

Գևորգ Թոսունյան