12 փետրվար, 2018 19:45

Փաստաբանների պալատից 134 մլն դրամ են հափշտակել

Փաստաբանների պալատից 134 մլն դրամի հափշտակություն է տեղի ունեցել, մեղադրանք է առաջադրվել պալատի գլխավոր հաշվապահին։ Փետրվարի 12-ին Երևան քաղաքի դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում մեկնարկեց այս գործի դատաքննությունը։

Կարինե Սարգսյանն, ըստ մեղադրանքի, 2005թ. նոյեմբերի 1-ից աշխատել է ՀՀ փաստաբանների պալատում որպես գլխավոր հաշվապահ, «նա 2012թ. հունվարի 1-ից մինչև 2014թ. մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է ՀՀ փաստաբանների պալատին պատկանող առանձնապես խոշոր չափերի 134 մլն ՀՀ դրամ»:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Գևորգ Մկրտչյանը հայտնեց, որ պալատում ստուգումները սկսվել են 2013-ին, երբ Արա Զոհրաբյանն ընտրվեց կառույցի նախագահ․ «Ստուգումների արդյունքում պարզվեց, որ տեղի է ունեցել խոշոր չափի գումարի հափշտակություն»։ Նա հայտնեց նաև, որ Կարինե Սարգսյանի դեմ հաղորդում է ներկայացվել նաև Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը։

Հարցին, թե ինչ եղանակով է տեղի ունեցել յուրացումը, փաստաբանը պատասխանեց․ «Տարբեր միջոցներ են կիրառվել, մասնավորապես աշխատավարձերի կրկնակի փոխանցումներ են եղել։ Այս փուլում այդքանը կարող եմ ասել»: Ըստ պալատի ներկայացուցչի՝ ամբաստանյալը վերականգնել է շուրջ 35 մլն դրամ։

Կարինե Սարգսյանի պաշտպանը Կրոմվել Գրիգորյանն է։ Այսօրվա նիստը հետաձգվել էր, քանի որ նա չէր ներկայացել։ ՍիվիլՆեթը փորձեց կապ հաստատել նաև Գրիգորյանի հետ, սակայն նրա հեռախոսահարամն անհասանելի էր։


Գևորգ Թոսունյան