16 փետրվար, 2018 16:19

Արմեն Սարգսյանը խոստացել է պարզաբանում տալ իր քաղաքացիության մասին

Արմեն Սարգսյանը խոստացել է, որ իր քաղաքացիության մասին հրապարակումներին պարզաբանում կտա․ այսօր այս մասին ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը։

Այվազյանը, ինչպես նաև Հայաստանի hելսինկյան կոմիտեի, Համայնքների ֆինանսիստների միավորման, Երևանի մամուլի ակումբի նախագահներն ու նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանն այսօր հանդիպել էին ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ՝ նրա երևանյան գրասենյակում։

«Թրանսփարենսի ինթերնեշնլը» փետրվարի 13-ին հայտարարություն էր տարածել՝ վկայակոչելով «Հետք» պարբերականի հրապարակումը, որ 2014-ին Արմեն Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ինչը նրան, ըստ ՀՀ Սահմանադրության,  թույլ չի տալիս դառնալ Հայաստանի նախագահ։ ՀՀ Սահմանադրությամբ՝ նախագահ կարող է դառնալ վերջին վեց տարում ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլը» Արմեն Սարգսյանից պահանջել էր տեղեկանքներ ներկայացնել իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու, ինչպես նաև իր բիզնեսները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին (քանի որ ձեռնարկատիրությամբ զբաղվելը հակասում է նախագահի լիազորություններին)։

«Արմեն Սարգսյանը պնդում է, որ 2011-ին Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է, բայց համացանցում իներցիայով շարունակվել է դա։ Մենք անշուշտ չենք կարող ստուգել այդ տեղեկությունը, որ բավարարված կամ անբավարարված լինենք։ Արմեն Սարգսյանը խոստացել է, որ այդ հրապարակումներին իր քաղաքացիության մասին պարզաբանումներ կտա»,- հանդիպումից հետո ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է՝ Արմեն Սարգսյանի հետ անկեղծ զրույց է եղել. «Մենք բավական սուր հարցեր բարձրացրինք Հայաստանում արդարադատության զրոյական վիճակի, քաղբանտարկյալների մասին։ Նա չէր խուսափում ամենասուր հարցերին պատասխանելուց»։

Նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը հանդիպման ընթացքում հնչեցրել է քաղբանտարկյալների անուններ՝ Ժիրայր Սեֆիլյան, Գևորգ Սաֆարյան, Սամվել Բաբայան, Շանթ Հարությունյան և ընկերներ. «Արմեն Սարգսյանն իհարկե ասաց, որ այդ ամենն ուսումնասիրելու է ու իմանա։ Նրա հնարավորությունները կներե՞ն արդյոք լուծել խնդիրները, ես չգիտեմ։ Նա պետք է փորձի անել»,- հանդիպումից հետո ասաց Հարությունյանը։

Չնայած նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանը համարվում է մեծ կարողության տեր բիզնեսմեն և փոխկապված է մի շարք ընկերությունների հետ, նա հայտարարագրել է 0 դրամ եկամուտ։ Ինչպե՞ս է սա ստացվել։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասում է, որ չհայտարարագրված եկամուտը նշանակում է, որ նշված տարում Սարգսյանը եկամուտ չի ունեցել, ինչը հնարավոր չէ ստուգել։ Ավելի վաղ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, թե Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան աշխատելու ընթացքում Հայաստանի բյուջեից չի վարձատրվել իր իսկ ցանկությամբ։ Ինչ վերաբերում է իր բիզնեսներին, Սարգսյանն ասել է, թե բիզնեսներ ունեն իր որդիները։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ արքայազն Չառլզը և Արմեն Սարգսյանը