20 փետրվար, 2018 13:41

Նախագահի ընտրությունից մինչև շարժական արագաչափեր. Դավիթ Հարությունյանի հինգ հայտարարությունները

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փետրվարի 20-ին ասուլիսով հանդես եկավ։ ՍիվիլՆեթն առանձնացրել է նախարարի հիմնական հինգ մտքերը։

Նախագահի ընտրության կարգի մասին

«Անգամ ամենավառ երևակայության դեպքում, ես դժվարանում եմ նման մեկնաբանություն տալ, որ ՀՀ սահմանադրության 125-րդ հոդվածն այս ձևով սահմանափակում է մեզ իրականացնել հանրապետության նախագահի ընտրությունն Ազգային ժողովում»,- ասաց Հարությունյանը։ Փաստաբան Վահե Գրիգորյանը վերլուծել էր, որ գործող Սահմանադրությամբ՝ հանրապետության 4-րդ նախագահին պետք է ընտրի ժողովուրդը, որը ոչ թե Ազգային ժողովը։

Նախարարն առաջարկում է խնդրին նայել ավելի պարզ և չուռճացնել. «125-րդ հոդվածն այո՛, ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ից, անցումային դրույթներում նպատակ կար, որպեսզի հանրապետության նախագահ ընտրվի Ազգային ժողովի կողմից, բայց ոչ ամբողջովին 125-րդ հոդվածով կարգավորումներով, այլ փոքր ինչ այլ։ Ուստի անցումային դրույթներում նշված է, որ առաջին ընտրությունը տեղի կունենա այս ժամանակահատվածում՝ 125-րդ հոդվածի նշված կարգով, ու նշված է այն առանձնահատկությունը, որով պետք է կիրառվի 125-րդ հոդվածը»։

Ըստ նախարարի՝ Սահմանադրությունան 211-րդ հոդվածով կյանք է տրվել 125-րդ հոդվածին, սակայն՝ փոփոխված տարբերակով։ Այս իրավիճակը նախարարը մեկնաբանում է incorporation by reference իրավական հասկացության լույսի ներքո։

Բռնության և կոյուղու մասին

Նախարար Դավիթ Հարությանը նաև անդրադարձավ Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների մասնակցությամբ գրանցված քաշքշուկին։ Նա ասաց, որ դեմ է բռնությանը՝ անկախ հանգամանքից, թե ով է բռնություն կիրառողը։

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները փորձել էին քաղաքապետի սեղանին դնել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կոյուղաջերի տարաները, ինչն էլ հանգեցրել էր քաշքշուկի։

Նախարարն ասաց, որ կոյուղին վնասվել է սողանքի պատճառով, ու լուծումը պարզ չէ. «Այն լուծումը, որ հիմա է տրվում, պետք է ասեմ, որ ժամանակավոր է»։

Երևանի ավագանու սկանդալային նիստի հաջորդ օրը Նուբարաշենի խնդրահարույց տարածքում սկսվել էին աշխատանքներ կոյուղու վրա։ Դավիթ Հարությունյանը նշեց, որ 2017-ին արդեն պատվիրվել է նախագիծը, և նախատեսված է, որ այս տարի կոյուղին կվերականգնվի։

Դատական ակտերի որակի մասին

Դավիթ Հարությունյանը վստահ է, որ դատական համակարգում կոռուպցիան այս զգալիորեն նվազել է. «Համեմատության համար, եկեք գնանք վերցնենք այսօրվա ակտը ու նմանաբնույթ մեկ այլ ակտ 10-20 տարի առաջվա, դուք կտասնեք որակի վիթխարի և էական աճ»։

Շարժական արագաչափեր

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ շարժական արագաչափերը որևէ կերպ չեն խախտում մարդու իրավունքները. «Շարժական արագաչափերը կիրառվում են շատ զարգացած երկրներում։ Շարժական լինի կամ ոչ շարժական, էական չէ»։ Նախարարը կողմ է, որ շարժական արագաչափերը կիրառելուց առաջ իրավապահները հիմնական ուղղությունները նշեն։

«Եթե տեղեկացնում են, որ այսօր շարժական տեսախցիկ է լինելու ենթադրենք Երևանից Սևան, Երևանից Գորիս և Երևանից Արարատ ճանապարհների վրա, բավարարված կլինե՞ք»,- լրագրողներիմ դիմեց նախարարը և ստացավ դրական պատասխան, ապա հայտարարեց. «Կքննարկենք, որ հիմնական ուղղությունները նշվեն»։

Կոռուպցիայի դեմ պայքար

Կոռուպցիայի դեմ պայքարում նախարարն առանձնացրեց վեց քայլ, որ կատարվել են 2017-ին, այդ թվում՝ ապրօրինի հաստացման հոդվածի ընդունումը։ Ըստ նրա՝ ընդլայնվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը, ընդունվել է Ազդարարների պաշտպանության մասին օրենքը, ուժի մեջ է մտել կոռուպցայի կանխարգելման մարմնի օրենքը։ Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները նոր փոփոխությամբ ստիպված են սահմանափակել կանխիկ գումարով կատարվող գործարքները։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝  PanArmenian-ի