20 փետրվար, 2018 10:31

2008-ի հետընտրական Հայաստանը․ ՍիվիլՆեթը սկսում է հրապարակումների շարք  

Փետրվարի 20-ից ՍիվիլՆեթը սկսում է հրապարակումներ, որոնք հիշեցնելու են, թե քաղաքական ինչ իրավիճակ էր Հայաստանում տասը տարի առաջ այս օրերին՝ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, և ինչ իրադարձություններ նախորդեցին մարտմեկյան ողբերգությանը։

2007-ի աշնանը երկարատև քաղաքական լռությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ 2007-ի հոկտեմբերի 26-ի հանրահավաքում արդեն Տեր-Պետրոսյանը հայտարարեց փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու մասին, և իր ելույթներում կոշտ քննադատության էր ենթարկում իշխանությանը՝ այն համարելով վերից վար կոռումպացված ավազակապետություն։

«Հայաստանի ներկա իշխանական համակարգը կառուցված է մոնոլիտ բուրգի սկզբունքով եւ հստակ սահմանված նվիրապետական-հիերարխիկ աստիճանակարգով։ Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Երկրորդ տեղն զբաղեցնում է վարչապետ, ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը»,- 2007-ի հոկտեմբերի 26-ի մարդաշատ հանրահավաքում հայտարարեց առաջին նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադարձին, ասաց.

«Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ` այս ամենից բխող բոլոր հետևանքներով: Եվ ստիպված շատ և շատ բաներ հիշեցնելու ենք, թե քանի լուսավորված փողոց է եղել Երևանում, օրինակ 96 թվին, և այլն, և այլն»:

Ընտրություններում իշխանության թեկնածուն վարչապետ Սերժ Սարգսյանն էր, ով խորհուրդ էր տվել Տեր-Պետրոսյանին մեղա գալ իր արած սխալների համար

Հայաստանի նախագահի համար առաջադրվել էին նաև Արթուր Բաղդասարյանը, Վահան Հովհաննիսյանը, Արտաշես Գեղամյանը, Տիգրան Կարապետյանը, Արման Մելիքյանը, Վազգեն Մանուկյանն ու Արամ Հարությունյանը։

Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և իշխանության համակիրների կամ ոստիկանության միջև նախընտրական շրջանում պարբերաբար  տեղի էին ունենում բախումներ։ Խոսվում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միավորման հնարավորության մասին։ Տեր-Պետրոսյանը կոչ էր անում Արթուր Բաղդասարյանին միանալ իր շարժմանը, իսկ Արթուր Բաղդասարյանը նույն կոչն ուղղում էր առաջին նախագահին։

Երկրապահ կամավորականների միությանը որպես այլընտրանք ստեղծված «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին, վերջինիս էր միացել նաև ՀՀԿ անդամ, պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։

Փետրվարի 19-ի ընտրությունները

Փետրվարի 19-ին հանրապետությունում կայացան նախագահական ընտրություններ։ Ողջ օրվա ընթացքում Տեր-Պետրոսյանի շտաբից ահազանգում էին զանգվածային կեղծիքների, խախտումների ու օրինազանցությունների մասին։ Արթուր Բաղդասարյանի շտաբը ևս խոսում էր սպառնալիքների, լցոնումների, ընտրակաշառքի դեպքերի մասին։ Նույն օրը պատասխանելով ընտրությունների՝ կեղծված լինելու մասին Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարություններին՝ իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը դրանք համարեց «բարձրագոչ հայտարարություններ և ջղաձիգ փորձեր»։

«Ջղաձիգ փորձերը ու բարձրագոչ հայտարարությունները, որոնք արվում են ընտրատեղամասային, ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների արձանագրություններից, բազմաթիվ տեղական և  միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականներից առաջ, ակնհայտորեն չեն համապատասխանում մեր երկրի ընտրողների ճնշող մեծամասնության կարծիքի հետ, իրենց էությամբ և բնույթով հակաժողովրդավարական և հակաիրավական են: Մեր կարծիքով, սա է իսկ քաղաքական անհանդուրժողականություն և ծայրահեղականություն որդեգրած Տեր-Պետրոսյանի թիմի իրական բնութագիրը», -նշված էր Սերժ Սարգսյանի շտաբի հայտարարությունում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ ընտրություններում հաղթել էր Սերժ Սարգսյանը՝ 52,83 տոկոս ձայներով։ Երկրորդ տեղում Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ 21,5 տոկոսով, իսկ երրորդ տեղում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր՝ 17,7 տոկոս ձայներով։

Տեր-Պետրոսյանը հայտարարեց ընտրության արդյունքները չճանաչելու մասին։ Ընտրությունների հաջորդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հավաք սկսեց Մատենադարանին հարող տարածքում։

«Չնայած իշխանությունների ու քրեական աշխարհի ջանքերին՝ ընտրակաշառքին, քվեարկության ժամանակ տեղի ունեցած բռնություններին, լցոնումներին, չնայած այս ամենին՝ երեկոյան ժամը 8-ին ժողովրդի ընտրած թեկնածուն արդեն հաղթել էր»,- դիմելով հավաքվածներին՝ հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

Հավաքը տեղափոխվեց Ազատության հրապարակ, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ ու հայտարարեց հաջորդ օրը ևս հավաք անցկացնելու մասին․․․

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարը՝ PanArmenian-ի