22 փետրվար, 2018 14:39

Իրանի ՊՆ ղեկավարի այցը Բաքու՝ իրանական և ադրբեջանական լրատվամիջոցներում

Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում է։

«Իրանը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը»,- իրանական Press TV-ն մեջբերում է Հաթամիին։ Վերջինս շեշտել է, որ «Իրանը հանձնառու է իր հարևանների անվտանգությանը և կօգնի նրանց պահպանել այն»։

Press TV-ի փոխանցմամբ՝ Հասանովը ասուլիսին ասել է, վկայակոչելով Հաթամիին, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանը հակված է դրա կարգավորմանը՝ «պաշտպանելով Ադրբեջանի ինքնիշխանությունը»։

Ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես, Turan գործակալությունը, մեջբերելով Հաթամիին, նրան վերագրում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու» մասին հայտարարություն։ 

Կողմերը, ըստ երկու երկրների լրատվամիջոցների, պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում և նախատեսում են ընդլայնել համատեղ ռազմական և պաշտպանական ծրագրերը։

Բաքվում Ամիր Հաթամին հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ։