22 փետրվար, 2018 10:43

Փետրվարի 22, 2008. Հրապարակ է գալիս Ջհանգիրյանը, սկսվում է դասադուլ

2008-ի փետրվարի 22-ին ընդդեմ նախագահական կեղծված ընտրությունների Երևանում հայտարարվում է դասադուլ։ Դասադուլի սկզբում ԵՊՀ հարևանությամբ ընդհարում է տեղի ունենում դասադուլավորների ու ոստիկանների միջև, ուժ է կիրառվում ուսանողների նկատմամբ, ոստիկանական բաժիններ են բերման ենթարկվում մի քանի դասադուլավորներ։ Համալսարանների դարպասները փակվում են բողոքող ուսանողների առաջ, ԵՊՀ ղեկավարությունը խիստ ստուգումներ է անցկացնում՝ խիստ պատիժներ խոստանալով այն ուսանողներին, որոնք աջակցում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Այնուհանդերձ, տարբեր համալսարաններից ուսանողները երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ շուրջօրյա հավաք-նստացույցերը շարունակում էին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Նույն օրը ավելի ուշ ուսանողների և դասախոսների նախաձեռնությամբ սկսվում է ստորագրահավաք։ Նրանք պահանջում են, որ Սերժ Սարգսյանը չլինի ԵՊՀ խորհրդի նախագահ։

Փետրվարի 22-ի կեսօրին համաժողովրդական շարժմանն է միանում գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Նա ողջագուրվում է Տեր-Պետրոսյանի ու Սասուն Միքայելյանի հետ։ Նա շնորհակալություն է հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանին ու ժողովրդին՝ իրեն հնարավորություն ընձեռելու համար։

«Ես շատ ընտրություններ եմ տեսել ու առնչվել, բայց կեղծիքների այն մասշտաբներն ու բռնությունները, այն ծեծուջարդը, այն ահաբեկումները, որ կատարվել են այս ընտրությունների ժամանակ, չեն եղել երբեք»,-ելույթում հայտարարում է Գլխավոր դատախազի տեղակալը։ Ջհանգիրյանը, ով Հոկտեմբերի 27-ի գործի քննչական խմբի ղեկավարն էր, խոսում է քննության մասին, քննադատում իշխանություններին։

Ջհանգիրյանի ելույթից մի քանի ժամ անց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ռոբերտ Քոչարյանին միջնորդում է պաշտոնից ազատել ու դատախազական համակարգից հեռացնել Ջհանգիրյանին՝ քաղաքականությամբ զբաղվելու համար, որի իրավունքը նա ի սկզբանե չի ունեցել։ Ջհանգիրյանի հետ միաժամանակ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնում քննիչ Սամվել Հովհաննիսյանը, ով ևս քննել էր Հոկտեմբերի 27-ի գործը։

Տեղեկություններ են ստացվում, որ շարժմանն է միացել ևս յոթ պատգամավորներ՝ ՀՀԿ-ից Մանվել Ղազարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Կարո Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանն ու Տիգրան Ստեփանյանը։ Տարիներ անց նրանցից ոմանք ասում էին, թե իրենք նման մտադրություն չեն ունեցել։ Տեր-Պետրոսյանը խոսում է նոր բարձրաստիճան պաշտոնյաների՝ իրենց միանալու մասին.

«Պետական մարմինների անձնակազմերը, այդ թվում ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, նախարարությունների մեծ մասը, նրանց աշխատակազմերի 99 տոկոսն այսօր մեր կողքին են, եթե կան նրանց մեջ ավազակապետության հիմնասյուներ, քրեական տարրեր, ապա դրանք այդ մարմինների ամենաբարձրաստիճան մի քանի հոգին են, ոչ ավելի։ Վաղը դուք ականատես կլինեք ոստիկանության ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց դիրքորոշման արտահայտությանը, մենք ունենք լուրջ առաջարկներ, հավաստիացումներ նրանց կողմից, որ նրանք կանգնած են մեր կողքին: Եվ ես ուզում եմ, որ մեր հրապարակը փառք ու պատիվ տա ոստիկանության այդ ազնիվ ներկայացուցիչներին»,- ծափողջյունների ներքո հայտարարում է առաջին նախագահը։

Փետրվարի 22-ին հետընտրական վիճակի մասին խոսում են նախագահի այլ թեկնածուներ։ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը, օրինակ, հրաժարական է ներկայացնում ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից՝ չմոռանալով քննադատել Տեր-Պետրոսյանին ու հիշեցնել վերջինիս ղեկավարման շրջանի մասին։

Մեկ այլ թեկնածու՝ Արտաշես Գեղամյանը շնորհավորում է Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ ու սպառնում, որ եթե Տեր-Պետրոսյանը շարունակի իր «պառակտիչ, երկրի ապագային ոչ մի լավ բան չխոստացող գործողությունները», ապա ժողովրդի ու իշխանությունների կողմից չի ներվի։

Նախագահի Թեկնածու Արամ Հարությունյանին էլ առավել ուրախացրել էր այն, որ «հնի վերադարձը կանխվել է», նա սրտանց շնորհավորում է Սերժ Սարգսյանին։

Թեկնածուներից Արման Մելիքյանն էլ պատրաստակամություն է հայտնում հաշտեցնել կողմերին։

Կառավարությունը նիստ է անցկացնում, որտեղ ելույթ է ունենում վարչապետ Սերժ Սարգսյանը։ Նա շնորհակալություն է հայտնում նախարարներին ու այն քաղաքացիներին, որոնք օգնել են միջազգային չափանիշներով ընտրություն կազմակերպել։

Սերժ Սարգսյանին շնորհավորում են Մարոկկոյի թագավոր Մուհամեդ Վեցերորդը և Հունաստանի նախագահ Կարոլուս Պոպուլիասը։

Միաժամանակ տեղեկություններ են ստացվում, որ մարզերից Երևան հասնող ուղևորները խնդիրներ են ունենում։ Ընդդիմության ներկայացուցիչներից Պետրոս Մակեյանն ահազանգում է, որ Գյումրիում քաղաքացիները տեղեկատվական բլոկադայի մեջ են՝ միայն ԳԱԼԱ հեռուստաընկերությունն է անդրադառնում մայրաքաղաքում տեղի ունեցող դեպքերին, իսկ քաղաքի մարդաշատ շրջաններում լուրերի ժամանակ հոսանքազրկում է տեղի ունենում, և Գյումրի-Երևան ճանապարհին ոստիկանները փորձում են ընդդիմադիրներին թույլ չտալ հասնել մայրաքաղաք։

Ազատության հրապարակում վրանների ու մարդկանց թիվն ավելանում է։ Հնչում է երգ ու պար, տեղի ունենում հրավառություն։
Մկրտիչ Կարապետյան