23 փետրվար, 2018 10:52

Փետրվարի 23, 2008․ Քոչարյանը խորհրդակցում է ուժայինների հետ, դիվանագետները միանում են շարժմանը

2008-ի փետրվարի 23-ին դեռ նախագահի պարտականությունները կատարող Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցությունների շարք է սկսում Հայաստանի ուժային կառույցների հետ։ Ազգային անվտանգության ծառայությունում խորհրդակցության ժամանակ խաղաղ, շուրջօրյա հավաքները նա համարում է «իշխանության զավթմանն ուղղված փորձ»՝ հավելելով, որ պատասխան գործողությունները լինելու են «վճռական և կտրուկ»։ Ոստիկանության հետ խորհրդակցության ժամանակ Քոչարյանը խոսում է քաղաքական պայքարում արժանապատիվ պարտության կարևորության մասին, իսկ զինված ուժերի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ վերջիններս հայտարարում են, թե անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն երկրում սահմանադրական կարգի պահպանմանն ուղղված քայլեր։

Քոչարյանի հանդիպումներին զուգահեռ՝ Ազատության հրապարակում շարունակվում է Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հավաքը և ուսանողների դասադուլը։ Բացի այդ՝ տեղի է ունենում «կանանց երթ» դեպի ռադիոտուն։ Վերջիններս իրենց դժգոհությունն են հայտնում Հանրային հեռուստաընկերությունից։ Հանրային հեռուստաընկերությունը տարբեր գնահատականներով կողմնակալ է լուսաբանել քաղաքական գործընթացները՝ ակնհայտորեն նախապատվությունը տալով իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին։ Կանայք պահանջում են նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արմեն Ամիրյանի հրաժարականը։

Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան դիմաց բողոքի ակցիաներ են իրականացնում մի քանի քաղաքացիներ՝ նրանից պահանջելով հեռանալ քաղաքականությունից։ Նրանք վրան են տեղադրում առաջին նախագահի առանձնատան դիմաց։ Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ նշված անձինք մուտք են գործել իր անձնական տարածք ու անօրինական գործողություններ են իրականացնում։ Նա ոստիկանությունից պահանջում է համապատասխան գործողություններ ձեռնարկել ու հեռացնել ցուցարարներին. «Իրենք արդեն կատարել են օրենքի կոպտագույն խախտում՝ իմ հողի վրա անցկացնելով նման ակցիա։ Ես չգիտեմ, թե դրանք ինչ մարդիկ են, բայց դրանցից կարող է վտանգ սպառնալ։ Իմ թիկնազորը՝ 30 հոգի, նրանք անվտանգության ծառայության սպաներ են բոլորը։ Սա է իրադրությունը ու եթե որևէ բան այդ մարդկանցից սպառնա․․․․ ես չեմ բացառում, նրանք կարող են պարիսպներն անցնել, ամեն տեսակ պրովոկատորներ կարող են լինել նրանց մեջ, ես չեմ բացառում, այդ դեպքում մերոնք պարտավոր են պաշտպանել իմ անձն ու իմ ընտանիքը»,- ասում էր Տեր-Պետրոսյանը։

Շարունակվում է խոսակցությունները Երկրապահ կամավորականների միության՝ շարժմանն աջակցելու մասին։ Չնայած հերքումներին՝ այս խոսակցություններն ավելի իրական են դառնում փետրվարի 23-ին։ Մի խումբ բարձրաստիճան ուժայիններ լքում են ԵԿՄ-ն՝ այդ թվում բարձրաստիճան սպաներ Սեյրան Օհանյանը, Արշալույս Փայտյանը, Հայկազ Բաղմանյանը, Կամո Աղաջանյանը, Լևոն Երանոսյանը և այլք։ Նրանք հայտարարում են.

«Փետրվարի 19-ի նախագահի ընտրություններից հետո Երկրապահ կամավորականների միություն հասարակական կազմակերպության որոշ անդամներ, խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել Երկրապահին ոչ վայել գործու­նեու­թյամբ, որն անընդունելի է և վարկաբեկում է միության նշանակությունն ու հեղինակությունը, խոչընդոտում է մեր նորանկախ պետության հետագա ամրապնդման և զարգացման գործընթացը: Նրանք օգտագործվում են անազնիվ քաղաքական նպատակներով, իսկ ԵԿՄ ղեկավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում այդ ամենը կանխելու ուղղությամբ»։

Եթե փետրվարի 22-ին Տեր-Պետրոսյանի հավաքներին միացել էր գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ապա մեկ օր անց շարժմանն են միանում Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում և Ղրղզստանում Հայաստանի դեսպան Լևոն Խաչատրյանը, Ուկրաինայում և Մոլդովայում Հայաստանի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ռազմիկ Խումարյանը։

Դեսպանները տարածում են նաև հայտարարություն. «Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակով, խորապես հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, համոզված լինելով, որ միայն արդար և ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջև առկա մարտահրավերներին և էականորեն բարձրացնել Հայաստանի միջազգային վարկը, մեր աջակցություն ենք հայտնում իր ազատության, արդար ընտրության իրավունքի պաշտպանության և Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին: Կարևորելով երկրում կայունության պահպանման և հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, և հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»։ Դեսպանները կոչ էին անում գործընկերներին ևս միանալ իրենց։

Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում հայտարարում է՝ ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Զադոյանը Հանրապետականի խորհրդի նիստի ժամանակ դուրս է եկել գրասենյակից և չի վերադարձել։ Փաշինյանը Սերժ Սարգսյանին կոչ է անում գնալ ու միանալ Տեր-Պետրոսյանի տան դիմաց պիկետ անող մի քանի անձանց։ Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարում է՝ Ազատության հրապարակում որևէ ոտնձգություն ոտնձգություն է ՀՀ նախագահի թեկնածուի անձեռնմխելիության դեմ։

«Գիշեր-ցերեկ ես այստեղ եմ, սա իմ բնակարանն է, այստեղ եմ քնում, այստեղ եմ արթանանում, այստեղ սափրվում, ու թող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հույս չունենան, որ մինչև չտեղափոխվեմ նախագահի նստավայր, ես այստեղից կգնամ»,- իր ելույթում ասում է առաջին նախագահը։ Անդրադառնալով Քոչարյանի ու ուժայինների միջև խորհրդակցություններին, Տեր-Պետրոսյանը վստահեցնում է՝ իրենք կայունության կողմնակից են ու իրենց գործողությունները օրենքի շրջանակում են։ Մի խումբ ՀՀԿ անդամներ իրենց կուսակցական վկայականներն ուղարկում են Ազատության հրապարակ՝ խնդրելով հնչեցնել իրենց անուններն ու պատռել դրանք։ Այդպես էլ արվում է։

Ազատության հրապարակից մեկնարկում է բազմամարդ երթ, իսկ երեկոյան՝ դարձյալ երգուպար, տեղի է ունենում հրավառություն, ավելի շատ վրաններ են տեղադրվում հրապարակում։ Ուշ երեկոյան Տեր-Պետրոսյանի շտաբը հայտարարում է, որ առևանգվել է իրենց շարժմանը միացած Գագիկ Ջհանգիրյանը։

«Ժամը 22-ի սահմաններում Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին` Արգավանդի խճուղու մոտակայքում, սև դիմակ հագած զինվորական հագուստներով մի խումբ անձինք առևանգել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանին, վարորդ Լևոն Պողոսյանին և օգնական Կարեն Հովհաննիսյանին: Նրանք տարվել են անհայտ ուղղությամբ»,- նշվում է հայտարարությունում։

Մկրտիչ Կարապետյան

2008թ․ մարտի 1-ին նախորդած իրադարձությունների ժամանակագրոական հոդվածները կարդացե՛ք այստեղ։