24 փետրվար, 2018 12:05

Փետրվարի 24, 2008. Ձերբակալություններ Երևանում, ԿԸՀ-ն հաղթող է ճանաչում Սերժ Սարգսյանին

2008-ի փետրվարի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրում ու չնայած հանրային մեծ դժգոհությանն ու շուրջօրյա զանգվածային հավաքներին, հայտարարում է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։

Ազատության հրապարակում հավաք անցկացնողները հայտարարում են, որ չեն ճանաչում ԿԸՀ որոշումը։ Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ ինքը նախագահ է ընտրվել ու ձայների քանակով առաջին տեղում է, երկրորդ տեղում ՕԵԿ թեկնածու Արթուր Բաղդասարյանն է, երրորդում՝ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը և միայն չորրորդ տեղում՝ Սերժ Սարգսյանը։

«Ես հաղթել եմ 65-66 տոկոսով»,- ասում է առաջին նախագահը։ Ի պատասխան ԿԸՀ կողմից Սերժ Սարգսյանին նախագահ ճանաչելու՝ նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումով Տեր-Պետրոսյանը դիմում է Սահմանադրական դատարան։

Միևնույն ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ իրենց շարժման մոբիլիզացիան գնալով մեծանում է, իսկ իշխանությունը գնալով ճաքեր է տալիս։ Մի խումբ քաղաքացիներ հենց Ազատության հրապարակում հայտարարում են հացադուլ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն ու իշխանությունը փոխանցել Տեր-Պետրոսյանին։ Հացադուլ է հայտարարում նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը։ Փետրվարի 24-ին Ազատության հրապարակում հավաքի մասնակիցների թիվն ավելի է մեծանում, մեծանում է նաև հրապարակում գիշերողների թիվը։

Փետրվարի 23-ին առևանգված գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ Քննչական վարչությունը հայտարարությամբ է հանդես գալիս։ Քննչականը տեղեկացնում է, թե Գագիկ Ջհանգիրյանին պատկանող մեքենաների մեջ գտնվող անձինք զինված են ու նպատակ ունեն մայրաքաղաքում իրավիճակը ապակայունացնել.

«Ժամը 23.00-ի սահմաններում, Արգավանդի խաչմերուկի մոտ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության [ԿՀԴՊ ԳՎ] աշխատակիցների կողմից նշված մեքենաները կանգնեցվել են: Ստուգելու ժամանակ մեքենաների մեջ գտնվող անձանց կողմից դիմադրություն է ցուցաբերվել, որի ընթացքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի հաշվեցուցակային զենքից անզգուշաբար կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով թեթև մարմնական վնասվածքներ են ստացել նույն վարչության աշխատակից Գևորգ Մալխասյանը, 3-րդ վարչության ավագ օպերլիազոր Տիգրան Կարապետյանը և դիմադրություն ցուցաբերած Վարդան Ջհանգիրյանը: ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել ավտոմեքենաներում գտնվողները` ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը, Կարեն Հովհաննիսյանը և Լյովա Պողոսյանը»,- ասվում էր քննչականի հայտարարության մեջ։ Ջհանգիրյանի մեքենայում քննչականի աշխատակիցները հայտնաբերում են զենքեր։ Ջհանգիրյան եղբայրները ձերբակալվում են։ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջիններիս ձերբակալումը համարում է քաղաքական հետապնդում։

Փետրվարի 24-ին տեղի են ունենում Տեր-Պետրոսյանի ազդեցիկ որոշ կողմնակիցների ձերբակալություններ: Մասնավորապես Էրեբունի վարչական շրջանում ԱԱԾ պետհամարանիշներով մեքենայից մի խումբ դիմակավորներ, ըստ Տեր-Պետրոսյանի շտաբի, առևանգում են «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին ու նրան ուղեկցող անձանց։ Ավելի ուշ Արամ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվում Հայաստանի նախագահի ու վարչապետի դեմ կեղծ ամբաստանություն տալու համար։

Ավելի վաղ ձերբակալվել էր ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը ու նրա հետ գտնվող երկու այլ անձ։ Նրանք տեղափոխվում են ԱԱԾ քննչական մեկուսարան։

Նույն օրվա երրորդ ձերբակալությունը կապված էր պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։ Երևանի Նար-Դոս փողոցում ձերբակալվում են Սուքիասյանի թիկնապահներն ու տարվում անհայտ ուղղությամբ։ Սուքիասյանը չի ձերբակալվում այն պատճառով, որ պատգամավոր էր ու անձեռնմխելի։ Նրանց մեքենան տեղափոխվում է մանրամասն զննության։

Չնայած ձերբակալություններին՝ Տեր-Պետրոսյանի հավաքների մասնակիցների թիվը մեծանում է։ Փետրվարի 23-ին շարժմանը միացած բարձրաստիճան դիվանագետներին են միանում արտաքին գործերի նախարարության այլ պաշտոնյաներ՝ վրդովմունք հայտնելով ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ։ Հայտարարությանը միանում են արտաքին գործերի նախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ԱԳՆ Ամերիկայի և Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանը, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը [Լևոն Տեր-Պետրոսյանի զարմիկը], միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանը և նույն վարչության երրորդ քարտուղար Էլեն Պետեյանը։

Հայաստանի որոշ վայրերում ի աջակցություն Սերժ Սարգսյանի տեղի են ունենում հավաքներ, որոնք կազմակերպվում են վարչական ռեսուրսի օգտագործմամբ։

Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղում Գարեգին Բ կաթողիկոսը։ Ազատության հրապարակում կաթողիկոսի շնորհավորանքը մեծ դժգոհություն է առաջացնում, ցուցարարները պահանջում են վերջինիս հրաժարականը։

ՀՀԿ-ն ու ԲՀԿ- համատեղ հայտարարություն են տարածում՝ քննադատելով ընդդիմությանը. «Մենք ափսոսում ենք մեր մի քանի հազար հայրենակիցների համար, որոնց զգացմունքները շահարկելով՝ մոլորության մեջ են գցել ու գործիքի վերածել իրենց խորապես ատողներն ու արհամարհողները, որոնց համար սրբություն չեն անգամ Հայաստանը, Արցախն ու մեր ժողովուրդը: Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ` սիրելի հարենակիցներ, ընտրություններին աննախադեպ ակտիվությամբ մասնակցելու համար, շնորհավորում ենք նորանկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններ անցկացնելու կապակցությամբ….»,- ասվում էր հայտարարությունում։

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ևս քննադատում է Տեր-Պետրոսյանին. «Ես համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ գիտի, որ ինքը նախագահ չի լինելու և չէր կարող ընտրվել: Սակայն այստեղ առկա է վրեժխնդրության և ատելության զգացողությունը, փորձերը ամեն գնով նսեմացնել պետության վարկը և կայացած ընտրությունները»։

Հանրապետական կուսակցության տարբեր անդամներ շարունակում են հեռանալ կուսակցությունից։ Նրանք իրենց կուսակցական անդամատոմսերը բերում կամ ուղարկում են հրապարակ՝ այրելու։ Ընդդիմությունը շարունակում է հայտարարել՝ Հանրային հեռուստատեսությունը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում շարժման մասին։ Հարթակից հավաքված քաղաքացիներին տեղեկացնում են, որ հրապարակում կան սադրիչներ, որոնք հրապարակի հարևանությամբ բենզինի շշեր են տեղադրում։ Քաղաքացիները շարունակում են գիշերել Ազատության հրապարակում, իսկ ոստիկանները շարունակում են խոսել հավաքի անօրինական լինելու մասին։

Մկրտիչ Կարապետյան

Փետրվարի 24-ին նախորդած օրերի իրադարձությունների մասին կարդացեք այս հղումով։