25 փետրվար, 2018 09:18

Փետրվարի 25, 2008․ Երգ ու պար հրապարակում, Տեր-Պետրոսյանի թիկնազորից պահանջում են հանձնել զենքերը

Փետրվարի 25-ին՝ համատարած ընտրակեղծիքներով անցկացված նախագահական ընտրությունների դեմ շուրջօրյա հանրահավաքների հինգերորդ օրը շարունակվում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները։ Խուզարկություններ են տեղի ունենում առաջին նախագահի աջակիցների բնակարաններում։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին խուզարկությունից հետո ձերբակալում են։ Չնայած, որ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը ձերբակալված էր, ԱԱԾ-ն կուսակցության գլխավոր գրասենյակում խուզարկություն է անցկացնում, առգրավում համակարգիչներ ու փաստաթղթեր։

Ձերբակալվում են «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սուրենյանցն ու Աշոտ Զաքարյանը։ Տարբեր քաղաքացիներ երեք ժամով բերման են ենթարկվում, ապա ազատ արձակվում։ Իրավապահները ինչ-որ ծանուցագիր են ներկայացնում այդ օրերին հանրահավաքի կենտրոնական դեմքերից մեկին՝ Նիկոլ Փաշինյանին, որը հրաժարվում է ծանոթանալ դրա բովանդակությանը։

Հանրահավաքները շարունակվում են։ «Պետք է ասեմ, որ մենք ընթանում ենք հստակ ծրագրով և պետք է ասեմ, որ ամեն ինչ շատ ավելի բարեհաջող է ընթանում, քան ես ծրագրել էի։ Հողը դուրս է գալիս Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տակից։ Վաղը նրանք այս երկրում մենակ են մնալու, ոչ մի հենարան չեն ունենալու»,- հայտարարում է Տեր-Պետրոսյանը՝ ավելացնելով, որ շատ գործարարներ արդեն իսկ կամուրջներ են որոնում իրենց հետ կապի դուրս գալու համար։

Պետական ապարատից փետրվարի 25-ին ևս միանում են Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը։ Մանավորապես, առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Առևտրի համաշխարհային կազմակերպության և ԵՄ-ի հետ համակարգման վարչության պետ Վահագն Ղազարյանը, միջպետական և միջազգային հարաբերությունների վարչության պետ Զոհրաբ Հավհաննիսյանը, ոսկերչության և ակնագործության գործակալության փորձագետ Արման Սարուխանյանը հայտարարություն են տարածում Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին։

Ուսանողների դասադուլը շարունակվում է։

Ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը շարունակում են պարբերաբար զգուշացնել՝ Երևանում սկիզբ առած հանրահավաքները անօրինական են։ Քաղաքապետարանը հայտարարություն է տարածում, որտեղ ասվում է. «Հանրահավաքների անցկացման վայրերում հակահիգիենիկ և հակասանիտարական պայմաններ են ստեղծվել, գիշերը Ազատության հրապարակում չեն հետևում լռության պահպանության կանոններին, ինչը խախտում է մոտակայքում բնակվող քաղաքացիների անդորրն ու հանգիստը, ինչը առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունները: Քաղաքապետարան են դիմում հազարավոր երևանցիներ՝ հայտնելով իրենց անհանգստությունը: Անընդունելի համարելով ստեղծված իրավիճակը` քաղաքապետարանը կոչ է անում զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին դադարեցնել չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը և վերականգնել մայրաքաղաքի կյանքի նորմալ ընթացքը»։

Հեռուտաէկրաններին պարբերաբար հայտնվում են Ազատության հրապարակի մերձակայքում ապրող մարդիկ, ովքեր բողոքում են, թե իրենց անդորրը խախտվում է։ Ազատության հրապարակում ընդդիմության հավաքին զուգահեռ շարունակում է հավաքներ կազմակերպել նաև Սերժ Սարգսյանը։ Փետրվարի 25-ին Գյումրիի տեղական ու պետական մարմինները իրենց աշխատակիցներով հանդերձ հավաք են անցկացնում Գյումրիի Թատերական հրապարակում։ Դարձյալ հայտարարությամբ է հանդես գալիս ՀՅԴ-ն։ Վերջիններս առաջարկում են կամուրջ լինել ընդդիմության ու իշխանության միջև։

Նախագահական ընտրություններում զգալի ձայներ հավաքած ՕԵԿ-ի թեկնածու Արթուր Բաղդասարյանը անընդունելի է համարում Տեր-Պետրոսյանի փետրվարի 24-ի այն հայտարարությունը, թե ընտրություններում հաղթել է ինքը՝ 65 տոկոս ձայնով։ Արթուր Բաղդասարյանը խոստանում է փետրվարի 26-ին ընտրությունների վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը հայտնել։

Մարզերից Երևան մուտք գործող մեքենաները ստուգվում են, քաղաքացիները Երևան հասնելու խնդիրների են բախվում։ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե իր թիկնազորի ղեկավարը հրավիրվել է իրավապահ մարմիններ։ Նրան հրամայել են հանձնել Տեր-Պետրոսյանի թիկնազորին հանձնված զենքերը։ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իրենք որևէ զենք չեն հանձնելու, քանի որ օրենքը պահանջում է ունենալ զինված թիկնազոր։ Ազատության հրապարակում շարունակվում է երգուպարը, տեղի են ունենում կինոդիտումներ, Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս դասախոսություններով։

Մկրտիչ Կարապետյան

2008թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած օրերի իրադարձությունները՝ այս հղումով։