1 մարտ, 2018 11:14

«Ես Զապորոժեց չեմ քշում». Միհրան Պողոսյան

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը վստահեցնում է, որ ինքը «Զապորոժեց» չի վարում։

2017-ի դեկտեմբերի 20-ին ՍիվիլՆեթը տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ Միհրան Պողոսյանին պատկանող ZAZ մակնիշի 55UL333 համարանիշի մեքենան 2015թ. ապրիլի 4-ին Սևան-Երևան ավտոճանապարհին երթևեկել է 153կմ/ժ արագությամբ։ Ճանապարհային ոստիկանության տուգանքի լուսանկարում տեսանելի է, որ մեքենան ոչ թե ZAZ է, այլ «Ռենջ Ռովեր»։

ՍիվիլՆեթն այս խնդրի շուրջ պարզաբանում խնդրեց պատգամավորից։

«Ես «Զապորոժեց» չեմ քշում, կյանքում էլ չեմ քշել։ Դա թյուրիմացություն է, որը մինչև այսօր պարզված չի, ես ձեռնամուխ եմ եղել պարզելու և հույս ունեմ, որ կպարզեմ»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Միհրան Պողոսյանին հիշեցրինք, որ տեղի է ունեցել կեղծիք՝ «Զապորոժեցի» հարամարանիշը տեղադրվել է «Ռենջ Ռովերի» վրա, ինչը նշանակում է, որ «Ռենջ Ռովերի» սեփականատերը, տվյալ պարագայում՝ Միհրան Պողոսյանը, քիչ է վճարում գույքահարկ և ապահովագրության գումար։

«Եթե դուք որևէ կարծիք ունեք դրա հետ կապված, պետք է դիմեք իրավապահ մարմիններին, ինքներդ դիմեք, հայտարարեք՝ այստեղ կեղծիք կա, քրեական է»,- ասաց Պողոսյանն ու հեռացավ։

Ոստիկանությանը մեկ ամսից ավելի պահանջվեց, որպեսզի պարզի՝ ՍիվիլՆեթի հարցումը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի մեքենայի վերաբերյալ անձնական տվյալ է պարունակում, թե ոչ։

Այս առնչությամբ 2017թ․ դեկտեմբերի 25-ին ՍիվիլՆեթը հարցում էր ուղղել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Միհրան Պողոսյանին վարչական պատասխանատվության են ենթարկել  կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոց վարելու համար։

Ոստիկանությունը դեկտեմբերի 29-ին խոստացել է հարցմանը պատասխանել 30-օրյա ժամկետում։ 2018-ի փետրվարի 26-ին ոստիկանությունից ստացվել է պատասխանը, որում տեղեկատվություն չտրամադրելը պատճառաբանվում է «անձնական տվյալ պարունակելու» հանգամանքով։

Գևորգ Թոսունյան