2 մարտ, 2018 10:13

Մարտի 2, 2008․ Զրահատեխնիկան պաշարում է Երևանը, սկսվում է գրաքննություն

Մարտի 1-ին տեղի ունեցած արյունահեղությունից ու ցուցարարների գնդակահարությունից հետո ցուցարարներով լցված Մյասնիկյանի արձանի շրջակայքը մարդկանցից դատարկվում է։ Դեսպանատների շրջակայքն ու Մաշտոցի պողոտան լիարժեք անցնում են բանակի և ոստիկանության հսկողության տակ։ Տեր-Պետրոսյանի թիմակիցներն ու շտաբի անդամները բանտարկվում են, իսկ մի մասի նկատմամբ հայտարարվում է հետախուզում։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե զինված ոստիկանները հարձակվում են հրազեն չկրող ոստիկանների վրա։ Ավելի ուշ տարածվեցին այս խոսքերը հերքող տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում էին ոչ միայն հրազեն կրող, այլև կիրառող ոստիկաններ։

Քոչարյանը հայտարարում է, թե արտակարգ դրություն մտցնելը անհրաժեշտ քայլ է եղել, նաև նշում, թե որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ցուցարարները բարիկադ հանդիսացող ավտոբուսի հետևից կրակում են ոստիկանների վրա ու թաքնվում։ Ավելի ուշ, Մարտի 1-ի հարցով ստեղծված փաստահավաք խումբն այդպես էլ վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննություններում հրազենային վիրավորում ունեցող ոստիկան չգտավ։

Մարտի 2-ին Զինված ուժերի շտաբի պետ Սեյրան Օհանյանը ուղերձ է հղում հանրությանը. «Կուզենայի նաև նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ` ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը, ՀՀ զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության` դրանից բխող բոլոր հետևանքներով: Խնդրում եմ մասնավորապես զերծ մնալ Երևան քաղաքում թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ ՀՀ զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»։

Ազգային ժողովը գումարում է հատուկ նիստ ու հավանության արժանացնում արտակարգ իրավիճակ հայտարարելու որոշումը։ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ընդարձակ ելույթ է ունենում՝ քննադատելով Տեր-Պետրոսյանին ու հրապարակում շուրջ տասը օր խաղաղ հավաք անցկացնող քաղաքացիներին։ Տիգրան Թորոսյանը ևս կրկնում է այն վարկածը, որ ցուցարարները կրակում են ոստիկանների վրա. «Ես համաձայն եմ` կատարվում է այն, ինչ այդ մարդը` Լևոն Տեր-Պետրոսյանը, նախապատրաստեց... Ասելիք ունեիք, այն ժամանակ ասեիք: Այն ժամանակ ասեիք` ի՞նչ ես ատելություն, սուտ, կեղծիք, վրեժ մտցնում այս մարդկանց մեջ, մեղք չե՞ն այս մարդիկ... Ի՞նչ ես ինը օր շարունակ, օրենքը խախտելով, այս մարդկանց այստեղ հավաքում ու վտանգի տակ դնում: Ասելու բան ունեիք` ասեիք... Այդ ձողերը մեկը պատրաստել-բերել-բաժանել է, չէ՞․... Այո՛, իհարկե, Հայաստանում ժողովրդավարությունը կայացած չէ, ցավոք սրտի: Սրանք իսկապես խնդիրներ են և չափազանց լուրջ խնդիրներ են: Բայց ի՞նչ կապ ունի դա այն բանի հետ, որ ամբոխի միջից հրազենով կրակում են ոստիկանների վրա, սա ի՞նչ արդարացում ունի, այդ փայտերը ի՞նչ արդարացում ունեն, այդ ձողերը բռնողները կարգին մարդիկ են: Ես ամոթալի եմ համարում, եթե նման մարդկանց մենք համարում ենք մեր ժողովուրդը»։

Տեր-Պետրոսյանի հարյուրավոր համակիրներ ու շտաբի անդամներ բերման են ենթարկվում ոստիկանական բաժիններ։ Տեղեկություններ են ստացվում հարյուրավոր վիրավորների մասին։ Տեր-Պետրոսյանի շտաբը կատարվածի պատասխանատվությունը բարդում է իշխանությունների վրա։ Ընդհատակ են անցնում Տեր-Պետրոսյանի շտաբի անդամներ Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Խաչատուր Սուքիասյանը, Միքայել Հայրապետյանը, Մուրադ Գրիգորյանը, Անդրանիկ Հովակիմյանը, Կարապետ Ռուբինյանը և այլք։

Դեռ փետրվարյան հանրահավաքների ժամանակ սկիզբ առած խուզարկությունները ավելի մեծ թափ են հավաքում։  Խորհրդարանական մեծամասնությունը իրենց պատգամավոր այն գործընկերներին, որոնք աջակցում էին Տեր-Պետրոսյանին, զրկում է պատգամավորական անձեռնմխելիությունից՝ այդպիսով իրավապահների առաջ նրանց ձերբակալելու կանաչ լույս վառելով։ Անձեռնմխելիությունից զրկվում են Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Խաչատուր Սուքիասյանը։

Զրահատեխնիկան չի հեռանում Երևանի փողոցներից։ Ազատության հրապարակը պաշարվում է զրահատեխնիկայով ու ոստիկաններով։ Հեռուստաընկերություններով ամբողջ օրվա ընթացքում ցուցադրում են կադրեր, թե ինչպես են մի խումբ մարդիկ մարտի 1-ի երեկոյան խանութներ թալանում։ Տեր-Պետրոսյանի շտաբը, մինչդեռ, հայտարարում էր՝ թալանի հետ հանրահավաքի մասնակիցները կապ չունեն, իսկ ավելի ուշ խանութները թալանողները խոստովանելու էին, որ նախագահական ընտրություններում հանդիսացել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք։

Մարտի 2-ին, երկրում ստեղծված իրավիճակի պատճառով հետաձգվում է Վատիկանի պետքարտուղար Տորչիզիո Բերտոնեի այցը Հայաստան։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ընդունում է ԵԱՀԿ երկրների դեսպանների և միջազգային կազմակերպութունների ներկայացուցիչների, վստահեցնում, որ իրենք «վճռական են անկարգությունների կազմակերպիչներին ու հրահրիչներին պատասխանատվության ենթարկելու գործում»։

ԱՄՆ պետքարտուղարությունը քաղաքական երկխոսության կոչ է անում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը ափսոսանք է հայտնում տեղի ունեցածի առթիվ ու մտահոգություն հայտնում ընդդիմադիրների կալանավորմամբ։

Ռոբերտ Քոչարյանը այցելում է քաղաքապետարանի մերձակայք, որն իրադարձությունների գլխավոր թատերաբեմն էր։

Զանգվածային լրատվամիջոցներին իշխանությունները, ԱԱԾ-ն պարտադրում են հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն։ Պաշտոնականից շեղվող ցանկացած տեղեկատվության տրամադրում հանրությանը արգելվում է, տպարաններում ընթանում է գրաքննություն։

Մկրտիչ Կարապետյան