2 մարտ, 2018 16:00

Տիեզերքը Հայաստան բերելու լավագույն տարբերակը

Մենք ապրում ենք գիտության, մասնավորապես, աստղագիտության ոսկե դարաշրջանում: 1990-ից սկսած Հաբլի աստղադիտակը մարդկությանը թույլ տվեց խոր հայացք գցել տիեզերքին, Կասինի տիեզերագնացն ընդլայնեց մեր գիտելիքները Սատուրնի, Ջունոն՝ Յուպիտերի, Նոր Հորիզոնը՝ Պլուտոնի մասին: Շնորհիվ Լազերային ինֆերոմետրի գրավիտացիոն ալիքների՝ աստղադիտարանի (ԼԻԳՈ) գրավիտացիոն ալիքները լսելի են: Մարդկությունն արդեն ունի տիեզերքը բացահայտելու ոչ միայն տեսողական զգայարանի հավելյալ գործիք, ինչպիսին Հաբլն է, այլև լսողական:

Մոտ 14 մլրդ տարի առաջ Մեծ պայթյունի արդյունքում ծնվեց տիեզերքը: Դրա միլիարդավոր գալակտիկաներից մեկի՝ Ծիր Կաթինի միլիարդավոր աստղերից մեկի՝ Արեգակի շուրջ պտտվող ութ մոլորակներից մեկի՝ Երկրի վրա ձևավորվեց կյանքը:

Չորս միլիարդ տարի առաջ ձևավորվել են բակտերիաները (թե որտեղից են ձևավորվել, դեռ հստակ պատասխան չկա), որոնք էլ հիմք են հանդիսացել ջրում կյանքի ձևավորմանը: Հետագայում էվոլյուցիայի արդյունքում ձևավորվել է նաև մարդը:

Մի քանի միլիոն տարի առաջ, երբ մարդը իջել է ծառից, ուղղել մեջքը, դեպի տիեզերք նայել, առաջին հնարավոր հարցերից մեկը, որ ծագել է նրա մտքում, եղել է՝ ո՞վ ենք մենք ու որտե՞ղ ենք գալիս: Հարցերի պատասխանի որոնման ընթացքում մարդն անթիվ գիտելիք է կուտակել իր շրջապատող աշխարհի ու տիեզերքի մասին: Այդ գիտելիքի շնորհիվ մարդը բացահայտել է, որ մեր մարմնի ատոմները գալիս են աստղերի պայթյունից: Ի դեպ, ձախ աչքի ատոմները կարող են գալ մեկ աստղի պայթյունից, իսկ աջինը՝ մեկ այլ: Եվ այս տեսանկյունից աստղերն իրենց կյանքն են տվել՝ պայթյունով, որպեսզի ճանապարհ բացեն մարդու կյանքի համար: Ինչպես Կարլ Սագանն է ասում՝ մենք աստղային փոշի ենք:

Նիլ Դեգրաս Թայսոնն էլ ասում է, որ մենք ոչ միայն տիեզերքի մաս ենք կազմում և ապրում այդտեղ, այլև տիեզերքը մեր մեջ է: Մենք մեր ատոմների միջոցով կապված ենք տիեզերքի հետ:

Մարդու 1,5 կգ ուղեղը կարողացել է բացահայտել գենի կոդը, ստեղծել լույսի արագությանը հասնող հեռահաղորդակցության միջոց, տիեզերանավ ուղարկել արեգակնային համակարգից դուրս….. Եվ այս ամենում նրան օգնել է գիտությունը: Մարդն աշխարհը և տիեզերքը բացահայտել է հինգ զգայարանի և գիտության միջոցով: Գիտությունը բացահայտումների կարևորագույն գործիք է և, միաժամանակ, արվեստի բարձրագույն տեսակ։

Մարդկության ապագան Երկիր մոլորակից դուրս է լինելու։ Չնայած տիեզերքում մարդու համար անտանելի պայմաններ են, և ավելի լավ է մնալ այստեղ, քան փորձել գնալ Երկրից, բայց մեր ուղեղի որդերը և երկարաժամկետ կենդանի մնալու բնազդը ստիպում են գոնե տարբերակներ որոնել:

Տիեզերքը նվաճելու համար մի քանի կարևոր առաջնային հարցեր պետք է լուծել։ Անհրաժեշտ է, որ մարդիկ հետաքրքրված լինեն այս հարցով, պետք է ենթակառուցվածքներ ստեղծել, տնտեսական հնարավորություններ ունենալ՝ մեծ ծրագրեր իրականացնելու և գիտելիք՝ այդ ամենը կազմակերպելու համար։ Սակայն այս ամենի առաջնահերթ լուծելի խնդիրը մարդկանց հետաքրքրությունն է ու ցանկությունը՝ աշխատել այդ ուղղությամբ։

Այդ նպատակի համար Հայաստանում գիտության հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, տիեզերքը Հայաստան բերելու, գիտելիքի ձեռքբերումը խրախուսելու համար Գիտական կենտրոնի և աստղացուցարանի ստեղծումը շատ կարևոր քայլ կլինի:

Կենտրոնը պետք է հասանելի լինի բնակչության համար և իր բնույթով լինի գիտության թանգարան, որը կունենա ինտերակտիվ ցուցադրություններ՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին փորձարկումներ կատարել և բացահայտել գիտության օրենքները: Իսկ աստղացուցարանն ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով հնարավորություն կտա բացահայտել տիեզերքի գաղտնիքները:

Գիտության թանգարանի թիրախը կլինեն դպրոցական երեխաները, որոնց սերը գիտության հանդեպ հիմնարար կարող է փոխել Հայաստանը: Կենտրոնը հասանելի կդառնա նաև մարզերի բոլոր երեխաների համար: Գաղափարն իրագործելու համար արդեն կա խումբ, որը փորձում է այն հստակեցնել և մտածել հետագա քայլերի մասին:

Թանգարանը խթանելու է կրթության զարգացումը, որը կարևոր ազդեցություն է ունենալու տնտեսության զարգացման համար: Այն նաև յուրահատուկ կենտրոն կդառնա տարածաշրջանում համագործակցության զարգացման, ինչպես նաև տուրիստական այցեքարտ՝ Հայաստանի համար: Կենտրոնը երկարաժամկետ ներդրում կլինի վերը նշված ոլորտների զարգացման համար:

Տիեզերքի ոսկե դարաշրջանում մարդկանց մոտ անհագուրդ ցանկություն կա գիտելիք ձեռք բերելու, և կենտրոնը այդ պահանջը բավարարելու լավագույն գործիքը կլինի:

Արմեն Գրիգորյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: