3 մարտ, 2018 12:24

Ծեծի են ենթարկել հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին

Լիբանանում անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին։ Տուտագլեանը ՍիվիլՆեթում և մի քանի այլ լրատվամիջոցներում հրապարակումներով է հանդես գալիս «Նամակ երկրէն» խորագրի ներքո, որտեղ քննադատում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի վերնախավերի ու կառույցների փտածությունը։

«Խփեցին ու փախան, բան չհասկացա։ Երևի գրություններիս համար էր»,- ՍիվիլՆեթին ասաց Տուտագլեանը։

Տուտագլեանը նշեց, որ դեպքը պատահել է երկուշաբթի երեկոյան ժամը 7-ին մոտ՝ Բեյրութի հայկական Բուրջ Համուդ թաղամասում։ «Երկու հոգի հարձակվեցին՝ մեկը՝ հետևից, մեկը՝ դիմացից»,- ասաց նա։

Հարձակման արդյունքում կոտրել են Տուտագլեանի քիթը, վնասել՝ աչքը։ «Գողության կամ որևէ այլ նպատակ չկար։ Պատժելու նպատակ էր, կարծես»,- ասաց Տուտագլեանը։

Այժմ նա արդեն Երևանում է և բուժում է ստանում։

Տուտագլեանի ընկերներից մեկը Ֆեյսբուքի նրա էջում գրել է․

«ԱՅՍ ԱՆԳԱՄ նամակն չեկաւ երկրէն, այլ եկաւ արտերկրէն ու չեկաւ Ռաֆֆիի ստորագրութեամբ՛ այլ եկաւ Ռաֆֆիի մասին ինչ որ ինքնին անբնական իրավիճակ էր չըսելու մտահոգիչ:

Շուտով նամակաբերն խօսեցաւ Րաֆֆիի գլխին հասած փորձանքի մասին, Րաֆֆիին գլխից հարուածող տականքների մասին, Րաֆֆին արիւնլուայ դէպ հիւանդանոց փոխադրման մասին, վերջապէս Ռաֆֆի անուն մարդոց մարդի գազանաբարոյ խոշտանգման մասին:

Պարզուեցաւ թէ Ռաֆֆին ՛Թիւֆէնքճեան հաստատութեան վերաբերող ինչ որ բարեգործական ծրագրով շաբաթ մը առաջ Լիբանան է ժամանած, իր ծննդավայր Անճարի այցէ ետք քայլերն է ուղղած բոլոր հայոց սիրելի ու հարազատ «Պուրճ համուտ»: Հազիւ թէ այցն աւարտած պէյրութահայոց շատ ծանօթ Շաղզոյեան կեդրոնի կառատան մէջ իր ընկերակիցի հետ , չորս անծանօթների կողմէ ֆիզիկական խոշտանգման է ենթարկուած ու իր ջարդուած քիթով թէ վիրաւոր աչքով շունչն հազիւ հիւանդանոցն է գտած»:

Կարդացե՛ք Րաֆֆի Տուտագլեանի սյունակները

Բոլշեւիզմը Մեռած է, Կեցցէ՛ Նէօբոլշեւիզմը

Արամը անմահ է՝ արձանով կամ առանց արձանի

Կէրմիր Կովը Իւրան Կաշին Փոխում Չի

Չի՛ Կարելի, Ամօ՛թ է, Օտարները ի՞նչ Պիտի Ըսեն

Ընելիքը Շատ, Կարիքը՝ Շա՜տ Աւելի

Բոլշեւիկը Արթուն է, Սփիւռքահայը՝ Քնացած

Հայության առաջնահերթությունը պետք է լինի Հայոց պետությունը․ Րաֆֆի Տուտագլեան