4 մարտ, 2018 11:33

Մարտի 1-ի շարունակվող քաղաքական հետևանքները

ՍիվիլՆեթը նախորդ օրերին մանրամասն ներկայացրեց 2008թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները, որոնք ավարտվեցին Մարտի 1-ի արյունահեղությամբ ու տասը զոհերով։ Մարտի 1-ից տասը տարի անց որևէ մեկը պատասխանատվություն չի կրել տասը զոհերի համար։

Մարտի 1-ի 10 զոհերի համար այդպես էլ ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Հայտնի են այն չորս ոստիկանների անունները, որոնք կիրառել են մահաբեր «Չերյոմուխա» հատուկ միջոցը։ Նրանցից ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Մարտի 1-2 իրադարձությունները քննող փաստահավաք խումբ ստեղծվեց՝ ներառելով ներկայացուցիչներ նաև ընդդիմությունից։ Չնայած այս խմբի նկատմամբ անվստահությանը՝ իրադարձությունների վերաբերյալ որոշ բացահայտումներ արվեցին, խումբը զեկույցներով հանդես եկավ, իսկ մեկ տարի հետո Սերժ Սարգսյանի կարգադրությամբ  լուծարվեց։

Փաստահավաք խումբն այդ ընթացքում հրապարակեց մարտմեկյան իրադարձությունների հինգ զեկույց։ Դրանցում անդրադարձ էր կատարվում զոհերի մահվան հանգամանքներին, դիպուկահարի առկայությանը, բանակի ներգրավվածությանը և այլնի։

Զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանության դեպքում, օրինակ, խումբը նշել էր, որ ըստ պաշտոնական վարկածի, Աբգարյանը սպանվել է անհայտ մեկի կողմից՝ հեռվից արձակված կրակոցից, ապա դիպուկահարը նրան վնասազերծել է։ Ինչպես է վիրավոր այն քաղաքացին, որ սպանել է Աբգարյանին, փախել ոստիկանական մի քանի պատնեշներից, այդպես էլ պարզ չեղավ։

Ավելի ուշ փաստահավաք խմբի հարցաքննություններից մեկում Աբգարյանի հետ միևնույն վայրում ու նրա սպանության վայրին մոտ կանգնած ոստիկաններից մեկը ասելու էր, թե ինքը նման դեպք կամ վիրավոր, սողալով փախչող մարդու չի տեսել։

Մամուլում ավելի ուշ հայտնվեց մի հույժ գաղտնի հրամանագիր, որն ապացուցում էր, որ մինչ Երևանում արտակարգ դրության սահմանումը, զինված ուժերի ողջ անձնակազմը բերվել էր զորանոցային վիճակի, ձևավորվել էր զինվորական կառավարման ապօրինի մարմին։ Պաշտպանության նախարարի 0038 գաղտնի հրաման կոչվող այդ փաստաթղթով պաշտպանության նախարարության սպաները զինվել էին նաև տաբելային զենքերով։ Սա տեղի էր ունեցել Տեր-Պետրոսյանի կազմակերպած խաղաղ հավաքների երրորդ օրը, երբ դեռ որևէ խոսք չկար արտակարգ դրություն հաստատելու մասին։ Ավելի ուշ այս հրամանը գաղտնազերծած երկու անձինք դատապարտվեցին ազատազրկման։

Տեր-Պետրոսյանի՝ ընդհատակ անցած աջակիցները կա՛մ հանձնվեցին իրավապահներին, կա՛մ հայտնաբերվեցին ու կալանավորվեցին։  Մարտի 1-ի գործով նախաքննությունը մինչ այժմ շարունակվում է, որին սակայն զոհված տասը քաղաքացիների հարազատները չեն հավատում՝ համարելով, որ քննչական գործողություններ իրականում տեղի չեն ունենում։ Հարուցված քրեական գործով ընդհանուր առմամբ հարցաքննվել է 5000 անձ։

Սերժ Սարգսյանը 2011-ի ապրիլի 20-ին իրավապահներին հանձնարարեց նոր թափ հաղորդել Մարտի 1-ի քրեական գործին․ «Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները  շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում’ նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիր­ներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և´ մեր պետության, և´ մեր հասարակության, և´ նաև տարբեր շահար­կումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է՝ կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»:  

Այս հայտարարությունից յոթ տարի անց էլ քաղաքացիների սպանության համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց։ 2018-ի փետրվարին անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, չի հրավիրվում հարցաքննությունների Մարտի 1-ի գործով, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը տարակուսած հարցնում էր․

«Ռոբերտ Քոչարյանին կանչենք, հարցաքննենք, որ ի՞նչ ասի»։ Գևորգ Կոստանյանը, 2013-ին նշանակվելով գլխավոր դատախազ, խոստացել էր Մարտի 1-ի գործի սայլը տեղից շարժել։ Այս խոստումը ևս չկատարվեց։ Իշխանությունները պարբերաբար նշում են, թե գործի բացահայտմանը խանգարում է այն, որ դեպքերից անցել է տասը տարի ու շատերն արդեն Հայաստանում չեն։

***

Լևոն Տեր-Պետրոսյանի բազմաթիվ թիմակիցներ, ովքեր անցել էին ընդհատակ մարտմեկյան իրադարձություններից հետո, կա՛մ իրենք հանձնվեցին, կա՛մ հայտնաբերվեցին ու կալանավորվեցին։ Իշխանությունների հետ երկխոսություն սկսվեց, որը ավելի ուշ առկախվեց։ Տեր-Պետրոսյանը իշխանափոխության երկրորդ փորձը ձեռնարկեց՝ դրանում ներգրավելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Սերժ Սարգսյանը Ծառուկյանի հասցեին սպառնալից ելույթ ունեցավ, որից հետո այս փորձը ևս ձախողվեց։ Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրես դաշինքը լքեցին բազմաթիվ գործիչներ ու սկսեցին առանձին գործունեություն ծավալել։ Եթե 2012-ին ՀԱԿ-ին հաջողվել էր մուտք գործել խորհրդարան, 2017-ին դա չհաջողվեց։ Հայաստանում փոփոխվեց սահմանադրությունը։ ՀԱԿ-ը պնդում էր, թե դա արվում է Սերժ Սարգսյանի վերարտադրման համար։ Սարգսյանը, որի նախագահության առաջին շրջանն իսկ ստանձնելը անհավանական էր թվում, չնայած իր խոստմանը, չի բացառում, որ կարող է երրորդ ժամկետով՝ արդեն վարչապետի կարգավիճակով, ղեկավարել երկիրը։

Մկրտիչ Կարապետյան

Այս թեմայով նախորդ հրապարակումները

2008-ի հետընտրական Հայաստանը․ ՍիվիլՆեթը սկսում է հրապարակումների շարք

Փետրվարի 21, 2008. Նստացույց Ազատության հրապարակում

Փետրվարի 22, 2008. Հրապարակ է գալիս Ջհանգիրյանը, սկսվում է դասադուլ

Փետրվարի 23, 2008․ Քոչարյանը խորհրդակցում է ուժայինների հետ, դիվանագետները միանում են շարժմանը

Փետրվարի 24, 2008. Ձերբակալություններ Երևանում, ԿԸՀ-ն հաղթող է ճանաչում Սերժ Սարգսյանին

Փետրվարի 25, 2008․ Երգ ու պար հրապարակում, Տեր-Պետրոսյանի թիկնազորից պահանջում են հանձնել զենքերը

Փետրվարի 26, 2008․ Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները միանում են Տեր-Պետրոսյանի հանրահավաքին

Փետրվարի 27, 2008․ Ազատության հրապարակում բռնվում են ԱԱԾ աշխատակիցներ, խուզարկությունները շարունակվում են

Փետրվարի 28-29, 2008. Տեր-Պետրոսյանը ժամանակ է տալիս Եվրոպային, Արթուր Բաղդասարյանը միանում է Սերժ Սարգսյանին

Մարտի 1, 2008․ Գնդակահարվում են քաղաքացիներ, Երևանը վերածվում է մարտադաշտի

Մարտի 2, 2008․ Զրահատեխնիկան պաշարում է Երևանը, սկսվում է գրաքննություն

Մարտի 1-ի շարունակվող քաղաքական հետևանքները