9 մարտ, 2018 11:22

Պարզ մաթեմատիկա. հաշմանդամություն ունեցող անձի կենսաթոշակն ու  մեքենայիս լուսարձակը

Փոքր տարիքում մտածում էի, որ թոշակ ստանում են միայն տարեց մարդիկ։ Արի ու տես, որ ես, դեռ տատիկ չդարձած, նույնպես անցա թոշակի: Ինչպես թոշակառուների, այնպես էլ իմ դեպքում, կենսաթոշակս այնքան «շատ» է՝ չգիտեմ ինչի վրա ծախսել:

Ֆինանսական անկախությունը մեծ խնդիր է, քանի որ կենսաթոշակների չափը ու առհասարակ ստացման գործընթացը խնդրահարույց է ու կախված է հաշմանդամության կարգից:  Օրինակ, ես հաշվարկել եմ, իմ 2-րդ կարգի դիմաց ստացվող մեկ ամսվա կենսաթոշակով ես կարող եմ գնել մեկ ջինս կամ մեքենայիս համար մեկ օգտագործված լուսարձակ։ Լավ է՝ աշխատանքս կա։

Բայց մինչև գումարի չափի մասին մտածելը, հաշմանդամության կարգ դեռ պետք է ստանալ։

Հաշմանդամության խմբի տրամադրման երկար ու ձիգ գործընթացը

2017-ին ամենաշատ քննարկված թեմաներից մեկը հենց հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգի վերանայնումն էր:  Հունվարից կառավարությունը որոշեց փոփոխել հաշմանդամության սահմանման չափորոշիչները: Արդյունքում՝ 5 ամսվա ընթացքում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մոտ 25 տոկոսը չստացավ հաշմանդամության կարգ:

Իսկ ինչպես են առահասարակ ստանում այդ կարգը. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ:

Հաշմանդամության խումբը կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակը տրվում է բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ տվյալ աստիճանի կենսագործունեության սահմանափակման համար սահմանված ժամկետով, եթե իհարկե տվյալ օրենքով այլ բան նախատեսված չէ։

Ինչպե՞ս է սկսվում այս գործընթացը.

·         նախ պետք է ստանալ ուղեգիր, որը պետք է ստորագրվի և կնքվի բժշկափորձագիտական հանձնաժողովի կողմից,

·         այնուհետև գնալ բնակության վայրի տարածքը սպասարկող ԲՍՁ հանձնաժողով,

·         չպետք է մոռանալ բոլոր հնարավոր ու անհնար փաստաթղթերի մասին,

·         եթե ամեն ինչ ճիշտ է՝ նշանակվում է փորձաքննության օր և ժամ:

Ամեն ինչ չէ, որ փորձաքննություն բառի պես վախենալու է։ Հանձնաժողովը ուսումնասիրում է փաստաթղթերը, լսում գանգատները, հիվանդության պատմությունը, իսկ հետո օբյեկտիվ, երբեմն՝ սիմվոլիկ կաշառքի դիմաց, որոշում են, թե ինչ հաշմանդամություն պետք է ճանաչվի:

Բժշկասոցիալական փորձաքննության եզրակացությունից դժգոհ անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի բողոքարկելու փորձաքննական որոշումները բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործողությունը կամ անգործությունը ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:

Ասում են, որ ըստ նոր մոդելի, որն առաջարկվում է հաշմանդամության կարգի համար, հնարավորություն կտրվի գնահատելու անձի կարիքը և համապատասխան նպատակային ծառայություններ տրամադրել: Հույս ունեմ՝ ծառայությունների դեպքում էլ թոշակի պես «շռայլ» չեն լինի:

Կենսաթոշակների տրամադրման կարգը

Երբ արդեն հաստատվում է հաշմանդամության կարգը կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: Հաշմանդամության կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:  Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն, իսկ հիմնական կենuաթոշակի չափը և աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը uահմանում է  ՀՀ կառավարությունը:

2015-ի հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 16 000 դրամ: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն առաջին տասը տարվա համար էլ եղել է 800 դրամ` տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար կազմելով 500 դրամ:

Բացի այդ, հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
            1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով,
            2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:

Այս բարդ հաշվարկների մասին ավելի պարզ խոսում են թվերը: 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը, ըստ հաշմանդամության խմբերի,  կազմել է․

Հաշմանդամության խումբ       Կենսաթոշակի միջին չափ (դրամ)
1-ին                                                    41 820
2-րդ                                                    40 370
3-րդ                                                    34 326

Կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամ ճանաչված անձանց համար Հայաստանում գործում է նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը:

2015 թվականից հաշմանդամության պետական նպաստի չափերը հետևյալն են՝

ա) առաջին խմբի հաշմանդամի համար՝ 21 500 դրամ,

բ) երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19 000 դրամ,

գ) երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 000 դրամ:

Հաշմանդամությունն ու աշխատանքը

Թեև այս ամբողջ համակարգը իր տարբեր փուլերում լի է բազմաթիվ խնդրահարույց թեմաներով՝ սկսած հաշմանամդության տրամադրման կարգով վերջացրած կենսաթոշակների չափով, այնուամենայնիվ ես նույնքան չեմ կարողանում ընդունել նաև մարդկանց, ովքեր աշխատանքի հնարավորություն ունենալով՝ որևէ բանով չեն զբաղվում:

Չաշխատելու համար ցանկացած արդարացում կարելի է գտնել, իսկ հաշմանդամություն ունենալը հիանալի արդարացում է, սակայն ես համոզված եմ, որ մեծ ցանկության դեպքում  կարելի է ելք գտնել, եթե իրավիճակը ծայրահեղ վատ չէ:  
           
Ես, օրինակ աշխատում եմ ԱԻՆ-ում՝ որպես օպերատոր։ Դրան զուգահեռ հասցնում եմ զբաղվել դիզայնով ու վարել վիդեո բլոգս։ Բայց ես միակ օրինակը չեմ․ Հայաստանում հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձինք կան, որ հասնում են մասնագիտական հաջաղությունների։

Այս ոլորտում կան մի շարք կարգավորումներ, որոնք նպաստում են հավասար պայմաններում աշխատելուն: Օրինակ, թիմային կամ անհատական աշխատանքային պայմանագրով սահմանվող պայմանները, այդ թվում` աշխատանքի վարձատրությունը, աշխատանքային և հանգստի ժամանակի ռեժիմը, տարեկան և լրացուցիչ արձակուրդների տևողությունը չեն կարող վատթարացնել հաշմանդամի վիճակը կամ սահմանափակել նրա իրավունքները այլ աշխատողների նկատմամբ:

Հաշմանդամությունը, իհարկե, ինչ-որ գործողություններից սահամանփակում է, բայց չմտածեք, թե դատապարտում է մարդկանց շարունակ կախվածության մեջ լինելու։ Հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141 հոդված):

Մեր երկրում 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների համար սահմանված է աշխատաժամերի կրճատված տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի: Իսկ հաշմանդամություն ունեցող անձի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային օրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ և պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն:

Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում: Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ էլ աշխատանքի հավաuար արտադրողականության և նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

Բացի այդ, աշխատակցի պահանջով և վերականգման անհատական ծրագրերին համապատասխան՝ գործատուն պարտավոր է նրանց համար սահմանել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: Նման դեպքերում հաշմանդամների աշխատանքի վարձատրությունը կատարվում է` ելնելով փաստացի աշխատած աշխատաժամանակից կամ թողարկված արտադրանքի քանակից:

Այլ հարց է, թե ինչքան բարդ է գտնել աշխատանք մատչելի միջավայրում: Կամ, օրինակ, եթե արդեն ունես կրթություն, ինչպես գտնել աշխատանք: Բայց այս մասին, ավելի մանրամասն իմ մյուս գրառումներում:

Կարդացեք նաև՝

Լավ ժամանակ անցկացնելու իմ իրավունքը․ ինչպե՞ս են հարմարեցված Երևանի կինոթատրոնները

Հինգ քույր ու ոչ մի կաթիլ ափսոսանք

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: