11 մարտ, 2018 11:14

Հայկական մամուլը Հայաստանի Հանրապետության (1918-1920/21) շրջանում

Հեռուստատեսության և ռադիոյի բացակայության պայմաններում, հարյուր տարի առաջ՝ Հայաստանի Հանրապետության օրերին, քաղաքականության մեջ և հասարակական կյանքում մամուլի դերը եղել է առանցքային: Այդ պատճառով է, որ հանրապետության տարածքում գործող կուսակցություններն ունեցել են իրենց պարբերականները:

Հայաստանի Հանրապետությունում և հայկական հասարակական-քաղաքական կյանքում իշխող ուժը եղել է Դաշնակցությունը: Մայրաքաղաք Երևանում ՀՅԴ-ն հրատարակել է «Աշխատանք», «Զանգ» և «Յառաջ» թերթերը:

Այս պարբերականների շարքում առաջնային նշանակություն և տարածում ունեցել է «Յառաջը»: Այս օրաթերթը սկզբնական շրջանում լույս է տեսել Թիֆլիսում և եղել է ՀՅԴ Վրաստանի Կենտրոնական կոմիտեի օրգանը: 1920-ին օրաթերթի տպագրությունը տեղափոխվել է Երևան, խմբագրել է Սիմոն Վրացյանը: «Յառաջի» վերջին համարը լույս է տեսել 1920-ի դեկտեմբերի 1-ին՝ ՀՅԴ-ի կողմից իշխանությունը բոլշևիկներին փոխանցելու նախօրեին:

«Աշխատանքը» հրատարակվել է 1916-1919 թվականներին: Թերթի առաջին համարը լույս է տեսել 1916-ի մայիսի 4-ին, խմբագիրը հրատարակիչը Մատթեոս Ավետիսյանն էր: Հանրապետության հռչակումից հետո այն դարձավ ՀՅԴ Երկրի Կենտրոնական կոմիտեի օրգանը, լույս էր տեսնում շաբաթը երեք անգամ: Այն խմբագրել են Արամ Մանուկյանը և Հմ. Մանուկյանը: «Աշխատանքը» դադարել է լույս տեսնել 1919-ի սեպտեմբերին: Այս պարբերականի էջերում զգալի է հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի ձեռագիրը:

«Զանգը» հրատարակվել է 1917-1919 թվականներին, եղել է ՀՅԴ Երևանի Կենտրոնական և քաղաքային կոմիտեների օրգանը, խմբագիրներից էր Սիմոն Վրացյանը: Լույս էր տեսնում շաբաթը երեք անգամ:

Երևանում ՀՅԴ-ն 1918-1919 թվականներին հրատարակել է նաև իր աշակերտական միության պաշտոնաթերթը՝ «Շանթ» շաբաթաթերթը, որի խմբագիրը Հ. Ասատրյանն էր:

Երևանից դուրս ևս ՀՅԴ-ն ուներ պարբերականներ:  Հանրապետության շրջանում Ալեքսանդրապոլում, այսօրվա Գյումրիում, որն ուներ Երևանի չափ բնակչություն՝ շուրջ 30 հազար, շաբաթական երկու անգամ լույս էր տեսնում «Շիրակի աշխատավորը»՝ ՀՅԴ Ալեքսանդրապոլի տեղական կոմիտեի օրգանը:

ՀՅԴ-ն հրատարակում էր նաև գյուղացիական թերթ: Կուսակցության Էջմիածնի շրջանային կոմիտեի օրգան «Արարատյան աշխատավորը» լույս էր տեսնում շաբաթական երկու անգամ, խմբագիրը Գ. Քալաշյանն էր:

1921 թվականի փետրվարի 19-ից մինչև ապրիլի 2-ը, երբ բոլշևիկյան ռեժիմը տապալվեց Հայաստանում, Երևանում լույս էր տեսնում «Ազատ Հայաստան» օրաթերթը, որի առաջին էջում գրված էր՝ օրգան Հայաստանի Հանրապետության կառավարության, այսինքն՝ Հայրենիքի փրկության կոմիտեի: Ակնհայտորեն, «Ազատ Հայաստան» օրաթերթը հրատարակում էր ՀՅԴ-ն, սակայն այն բացառապես դաշնակցական համարելը ճիշտ և արդար չէ, քանի որ Հայրենիքի փրկության կոմիտեն բազմակուսակցական մարմին էր, իսկ բոլշևիկյան ռեժիմը տապալելու գործում դերակատարություն էին ունեցել ինչպես սոցիալիստ հեղափոխականները՝ հայ էսէռները, այնպես էլ ժողովուրդը:

Հայաստանի Հանրապետության շրջանում երկրից դուրս ՀՅԴ-ն շարունակում էր պահել իր մի շարք պարբերականները: Դրանցից էին Թավրիզում (Պարսկաստան) լույս տեսնող «Այգը», Պոլսի «Ճակատամարտը», Թիֆլիսի «Յառաջը», «Աշխատավորը» և «Հորիզոնը»: Ինչպես նշեցինք, 1920-ից «Յառաջը» լույս էր տեսնում Երևանում և ոչ միայն ՀՅԴ-ի, այլև ամբողջ հանրապետության թիվ մեկ օրաթերթն էր իր ծավալով, տպաքանակով և տարածվածությամբ: «Հորիզոնը», որ լույս տեսավ տասը տարի, դադարեց հրատարակվել 1918-ի նոյեմբերի 10-ից: Այն ՀՅԴ Արևելյան Բյուրոյի օրգանն էր: Խմբագիրը Ս. Գրուզինյանն էր, ով Երևան տեղափոխվելուց հետո թարգմանեց ազգանունը՝ Վրացյան:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մյուս կուսակցությունները ևս ունեին իրենց լրատվամիջոցները, որոնցից ամենանշանավորը և տարածվածը «Ժողովուրդ» օրաթերթն էր: Լույս էր տեսնում Երևանում 1918-1920 թթ, Հայ ժողովրդական կուսակցության օրգանն էր: Հատկապես այն շրջանում, երբ կուսակցությունը բոյկոտեց 1919-ի ամռանը կայացած խորհրդարանական ընտրությունները, «Ժողովուրդը» խստիվ քննադատում էր ՀՅԴ ներքին և արտաքին քաղաքականությունը:

Հայ ժողովրդական կուսակցությունը 1918-1919 թվականներին Թիֆլիսում հրատարակում էր «Ժողովրդի ձայն» օրաթերթը:

Հայ ռամկավար կուսակցությունը 1919-1920 թթ. Երևանում հրատարակում էր «Հայաստանի ձայն» թերթը, որի խմբագիրը նշանակվոր ռամկավար գործիչ Արտակ Դարբինյանն էր: Ռամկավարները 1919-1924 թվականներին Պոլսում հրատարակում էին «Ժողովուրդի ձայնը» օրաթերթը, իսկ 1918-1919-ին՝ «Ժողովուրդ» օրաթերթը:

Սոցիալիստ-հեղափոխականները՝ հայ էսէռները, որոնք 1920-ին ՀՅԴ-ի հետ կառավարության մաս էին կազմում, 1919-1920 թթ. Երևանում հրատարակում էին կուսակցության Հայաստանի կոմիտեի օրգան «Սոցիալիստ հեղափոխական» թերթը:

Այս կուսակցությունը, որ կողմ էր արտահայտվում Հայաստանի՝ Ռուսաստանի կազմում մնալուն, Ալեքսանդրապոլում 1918-ին հրատարակել է «Լույս», 1920-ին՝ «Աշխատանքի դրոշակ» պարբերականները, երկուսն էլ կուսակցության Ալեքսանդրապոլի կազմակերպության օրգանը:

«Աշխատանքի դրոշակ» անունով պարբերականներ սոցիալիստ հեղափոխականները հրատարակել են նաև Թիֆլիսում և Բաքվում, որտեղ այդ կուսակցությունը, ինչպես և ՀՅԴ-ն, գործունեություն էին ծավալում 1918-1920 թվականներին, երբ հիմնադրվել էին անկախ Վրաստանն ու Ադրբեջանը:

1918-1919 թվականներին Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության Երևանի կազմակերպությունը Հայաստանի մայրաքաղաքում հրատարակում էր «Կայծ» պարբերականը, որի առաջին էջում նշվում էր. «Խմբագրին տեսնել կարելի է Հայաստանի Խորհրդի սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի սենյակում»:

1920 թվականի դեկտեմբերի 5-ից Երևանում սկսեց լույս տեսնել «Կոմունիստ» օրաթերթը՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի և ՀՍԽՀ Հեղկոմի օրգանը:

1920 թվականից Էջմիածնում լույս էր տեսնում Մայր Աթոռի «Էջմիածին» պարբերականը, իսկ Կարսում՝ «Աշխատավորի ձայն» թերթը՝ Կարսի կոոպերատիվ միության հրատարակությունը: «Էջմիածինը» խորհրդային շրջանում շարունակվեց հրատարակվել, իսկ «Աշխատավորի ձայնը» տպագրվեց մինչև 1920-ի աշուն, երբ քեմալականները գրավեցին քաղաքը և Կարսի մարզը: 1919-ին Երևանում հրատարակվում էր «Վան-Տոսպ» հասարակական-քաղաքական և գրական շաբաթաթերթը:

Արցախում, որը 1918-1920 թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի երկրամաս էր, 1919-ին լույս էր տեսնում «Արցախ» հասարակական, քաղաքական և գրական շաբաթաթերթը: Այն լույս է տեսնում Շուշիում՝ Բաբաջանյանի տպարանում:

Հայաստանի Հանրապետության շրջանում երկրից դուրս լույս էին տեսնում մի շարք այլ պարբերականներ, հիմնականում՝ ոչ կուսակցական, որոնք օրը օրին անդրադառնում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը: Դրանց մեջ էին Թիֆլիսի «Մշակը», Պոլսի «Երկիրը» և «Արագածը», Զյուռնիայի (Իզմիր) «Արևելյան մամուլը», Եկատերինոդարի (այսօր՝ Կրասնոդար) «Արձագանքը»:

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: