13 մարտ, 2018 12:55

Թուրքական բանակը շրջապատել է Աֆրինի կենտրոնը․ թուրքական մամուլ

Թուրքիայի Զինված ուժերը այսօր հայտարարել են, որ Սիրիայի Աֆրին քաղաքի կենտրոնը երեկվանից օղակված է։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» կայքը, հղում անելով Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբին, ընթացող «Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակում քաղաքը շրջապատված է, «կարևորագույն հատվածները»՝ գրավված։

Քրդական Rudaw կայքը նույնպես հաղորդում է Աֆրինի գրավման մասին՝ վկայակոչելով թուրքական հաղորդագրությունը։

Այս օրերին Աֆրինի շրջակայքի մի շարք վայրերում թեժ մարտեր են ընթանում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել էր, որ թուրքական զորքերը 4-5 օրից կմտնեն Աֆրին քաղաք։ Քրդերը, որ բողոքում են միջազգային կառույցների լռությունից ու աշխարհի անտարբերությունից, Թուրքիայի գործողությունները որակում են «ցեղասպանական» և պատրաստվում են դիմադրության։