13 մարտ, 2018 11:40

Բաքուն Վաշինգտոնին սպառնում է «պատասխանել փոխադարձության սկզբունքով»

Մարտի 12-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է այդ երկրի ԱԳՆ, որտեղ նրան հանձնել են բողոքի նոտա՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի վաշինգտոնյան այցի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նոտայում մատնանշվում է Սահակյանին մուտքի արտոնագիր տալու «ոչ իրավաչափ լինելը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ըստ ավանդույթի, այդ քայլերը որակել է որպես իր «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում»։ Բացի այդ, Բաքուն պնդում է, որ Վաշինգտոնի այդ քայլը «կանխակալ» է և վկայում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի «դիրքորոշման փոփոխության և նրա կողմից երկակի չափանիշների կիրառման» մասին։

Ժամանակն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը․ Ջոն Էվանսի հոդվածը՝ The National Interest-ում

«Վաշինգտոնի այդ քայլը լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին, նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին և խարխլում է Ադրբեջանի հանրության վստահությունը»,- ասված է նոտայում։

Պաշտոնական Բաքուն Վաշինգտոնին սպառնում է «պատասխանել փոխադարձության սկզբունքով»։

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն: Արցախի նախագահական մամուլի ծառայությունը այցի վերաբերյալ այլ տեղեկություններ չի հաղորդում։ 

Բակո Սահակյանը նախկինում այցելել է ԱՄՆ, գերազանցապես՝ Լոս Անջելեսում անցկացվող տարեկան դրամահավաքին մասնակցելու համար։ Վաշինգտոն Սահակյանն առաջին անգամ է մեկնում․ նրա նախորդներ Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանը Վաշինգտոն այցելել էին 1990-ականներին։ Հայաստանյան և ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ Սահակյանը ելույթ է ունենալու Կոնգրեսում մարտի 14-ին, հանդիպումներ է ունենալու վաշինգտոնյան փորձագետների և հայ համայնքի անդամների հետ։  

 

Լուսանկարում՝ Ադրբեջանի նախագահն ու առաջին տիկինը մասնակցում են ԱՄՆ-ի նախագահի կողմից տրված ընդունելությանը, 2017թ․ սեպտեմբեր