13 մարտ, 2018 12:23

Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել լիբանանցի գործարարների հետ

Լիբանանյան այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ: 

The EuroMena Funds ընկերության պատվիրակության անդամները` ընկերության համահիմնադիր Ռոմեն Մաթյոի (Romen Mathieu) գլխավորությամբ, ներկայացրել են կազմակերպության գործունեության ուղղությունները, կուտակած փորձը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման և շինարարության ոլորտներում համագործակցությամբ: 

Հանդիպում է տեղի ունեցել նաև Future Group կոնցեռնի նախագահ Ֆուադ Մախզումիի (Fouad M. Makhzoumi) հետ, որի ընթացքում ևս քննարկվել են ներդրումային համագործակցության հնարավորությունները: Ֆուադ Մախզումին ներկայացրել է իր ընկերության աշխարհի մի շարք երկրներում ծավալվող գործունեությունը: Վարչապետը հրավիրել է ընկերության ղեկավարին այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: