14 մարտ, 2018 17:01

Սերժ Սարգսյանի տասը տարին. քաղաքական արդյունքներ

Սերժ Սարգսյանն իշխանության է եկել մարտի 1-ի զոհերի ու բռնաճնշումների արդյունքում: Բռնաճնշումները եղել են նրա կառավարման հիմնական գործիքը, որոնց արդյունքում մարդիկ հաճախ հայտնվում էին բանտում իրենց քաղաքական հայացքների համար:

Սարգսյանը մեկ կարևոր խնդիր էր իր առջև դրել՝ ամեն գնով երկարաձգել իշխանության ղեկին մնալը: Եվ հենց այս նպատակի համար էլ նա ամեն քայլի գնաց:

Նրա կառավարման ամենամեծ առանձնահատկությունը եղել է սուտ խոսելը: Սարգսյանը եզակի գործիչ է այդ առումով: Նա չի զլացել ստել ցանկացած առիթի դեպքում: Կարելի է մի քանի էջով թվարկել նրա ստերը, բայց ձեր ժամանակը շատ չխլելու համար փորձեմ թվարկել մի քանիսը.

2008թ․ հոկտեմբերի 2-ին ժողովրդին ու խորհրդարանին ուղված ուղերձում Սարգսյանը հայտարարեց․ «Առաջիկա ամսիների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել… Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»: Մինչ այսօր դրանցից ոչ մեկը չի կառուցվել:

2008թ․ դեկտեմբերին Սարգսյանը Գյումրիում հայտարարեց․ «Հաշված տարիներ հետո կկարողանանք հաղթահարել աղետի բոլոր հետևանքները։ Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու»․․․

2016թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը Երևանում դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց․ «Ես Ձեզ հավատացնում եմ, որ որևիցե տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել․․․ ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել»։ Մայիսի 17-ին օդանավում լրագրողների հետ հանդիպմանը Սարգսյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները 800 հեկտար հող են գրավել։

Սարգսյանն իր իշխանության վերարտադրման համար 2015-ին բռնությունների ու կեղծիքների միջոցով փոխեց սահմանադրությունը, որպեսզի կարողանա առաջադրվել որպես վարչապետ: 2014թ․ ապրիլի 10-ին, երբ նախաձեռնում էր սահմանադրական փոփոխությունները, նա հայտարարեց, որ այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի նախագահի պաշտոնի համար և խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում՝ չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Սահմանադրության փոփոխությունից հետո արդեն նա մի քանիցս չի բացառել իր վարչապետ դառնալը։ 2016թ․ հոկտեմբերին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում լրագրողի հարցին, թե «արդյո՞ք դուք դիտարկում եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը պատասխանեց․ «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը․․․ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։  

Սահմանադրությունը փոխելուց բացի, Սարգսյանը նաև  օրենքներն է համապատասխանեցնում իր պահաջներին: Քանի որ նա լուրջ խնդիրներ ունի հանրության հետ հարաբերվելու հարցում, ապա այդ խնդրից ելնելով՝ փակում է լրագրողների մուտքը կառավարության նիստերին, որպեսզի չկրկնվի «100-ից 90 խփելու» կամ «թարս խիյարի» պատմությունները:

Սարգսյանի կառավարման առանձնահատկությունը նաև լճացումն է: Հետաքրքիր է, որ ժողովրդավարության տեսանկյունից Հայաստանը վերջին տասը տարիների ընթացքում, ըստ միջազգային զեկույցների, գրեթե տեղաշարժ չի գրանցել: Ըստ Economist Intelligence Unit-ի՝ Հայաստանի «Ժողովրդավարության համաթիվը» 2008-ին 4,09 միավոր էր, իսկ 2017-ին՝ 3,88: Freedom House իրավապաշտպան կազմակերպության  «Ազատությունն աշխարհում 2008թ․» զեկույցի համաձայն՝ Հայաստանի ազատության միավորը եղել է 4,5, քաղաքացիական ազատությունների միավորը՝ 4, իսկ քաղաքական ազատություններինը՝ 5, 2017-ին ազատություններինը՝ 4,5, քաղաքացիական ազատություններինը՝ 4, քաղաքական ազատություններինը՝ 5:

Քանի որ Սարգսյանի հիմնական նպատակն է եղել վերարտադրել իր իշխանությունը, նա հիմնական ուշադրությունը դարձրել է իր իշխանության հենարանի՝ ոստիկանության բյուջեի ավելացմանը: Ռազմական վտանգը երկրորդական համարելով՝ նա չի կարևորել պաշտպանական ծախսերի ավելացումը: Օրինակ, Ադրբեջանի բյուջեն 2008թ․ եղել է 1,653 մլրդ դոլար, իսկ 2015-ին անցել է 3 մլրդ դոլարը: Նույն ժամանակահատվածում Հայաստանի պաշտպանական բյուջեն 353 մլն դոլարից հասել է 447 մլն դոլարի: Ոստիկանության բյուջեն 31 մլրդ դրամից հասել է 64 մլրդի, որն ավելի արագ է աճել, քան՝ ռազմականը, չնայած Ադրբեջանը ավելի մեծ մարտահրավեր էր ներկայացնում Հայաստանի անվտանգությանը:

2016թ․ հուլիսին «Սասնա ծռերը» հարձակվեցին Սարգսյանի հենասյուն հանդիսացող ոստիկանական գնդի վրա, որի արդյունքում ևս ճգնաժամ ստեղծվեց կառավարման համակարգում:

Անփոփոխ իրավիճակ է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցոն կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվի հարցում (ԿԸՀ), որով չափվում է երկրներում պետական հատվածում առկա կոռուպցիայի ընկալման մակարդակը։ Հայաստանում  Կոռուպցիայի ընկալման համաթվւ 2017թ. արժեքն է 35 և երկիրը Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ միասին 180 երկրների շարքում կիսում է 107-ից 110-րդ տեղերը: Կոռուպցիայի ընկալման համաթիվը բաղադրյալ համաթիվ է` հիմնված գործարարների և փորձագետների շրջանում անցկացված տարբեր հարցումների վրա: 2012թ. Հայաստանի այս համաթվի արժեքն էր 34, ինչը նշանակում է, որ այդ հարցում ևս տեղաշարժ չի եղել:

Սարգսյանի կառավարումը հիմնված է եղել ստի և բռնաճնշումների վրա: Այդ երկու գործիքների միջոցով նա մեկ նպատակ է հետապնդել՝ վերարտադրել իր իշխանությունը:

Տնտեսության և անվտանգության ոլորտներում Սարգսյանի կառավարման արյդունքներին կանրադառնանք մյուս հոդվածներում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: