16 մարտ, 2018 11:27

Խորացնել համագործակցությունը և աջակցել միմյանց տարածքային ամբողջականությանը․ Բաքվի հռչակագիրը

Մարտի 15-ին Բաքվում կայացել է Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն առաջինն էր նման՝ քառակողմ ձևաչափով։ Հանդիպման ավարտին Մոհամադ Ջավադ Զարիֆը, Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Միխեիլ Ջանելիձեն ստորագրել են Բաքվի հռչակագիրը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը, համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Իրանի ԱԳ նախարար Զարիֆը ողջունել է Բաքվի հանդիպումը՝ Թվիթերում գրելով․ «Ուրախ եմ լինել Բաքվում՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների առաջին քառակողմ հանդիպմանը մասնակցելու համար։ Անցկացրինք գերազանց բանակցություններ համագործակցության խորացման շուրջ, այդ թվում քննարկեցինք շատ ավելի լավ կապեր հաստատելու ուղիների ճանապարհային քարտեզը»։ Վրաստանյան «Գրուզիա օնլայն» կայքը մեջբերում է Բաքվի հռչակագրի կետերը։

  • Փաստաթղթում կողմերը, մասնավորապես, հայտարարում են ՄԱԿ-ի կանոնադրության նորմերին ու սկզբունքներին հանձնառության, բոլոր չորս երկրների ժողովուրդների միջև համերաշխության ու համագործակցության ամրապնդման մասին։ 
  • Ընդգծվում են ընդհանուր շահերը տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման հարցում և այս համատեքստում շեշտվում է հանձնառությունը միմյանց ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը, ինչպես նաև տարածաշրջանում բոլոր հակամարտությունները խաղաղ լուծելու միջազգային իրավունքի սկզբունքին։ 
  • Կողմերը պայմանավորվում են օգտագործել միմյանց պոտենցիալը ներդրումների, առևտրի խթանման նպատակով՝ իրականացնելով ծրագրեր էներգետիկ, տրանսպորտի, բանկային, հեռահաղորդակցության, արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և շրջակա միջավայրի ոլորտներում։
  • ԱԳ նախարարներն ընդգծում են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և չորս երկրների տարանցման պոտենցիալի ուժեղացման հարցում համագործակցության ամրապնդումը։ 
  • Պատրաստակամություն է հայտնվում խթանել առևտրային համագործակցությունը նավթագազային և նավթաքիմիական ոլորտներում, պայմանավորվածություն է ձեռք բերվում չորս երկրների բանկային համակարգերի միջև տեղեկատվության և փորձի փոխանակման շուրջ։
  • Ընդգծվում է համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններում համագործակցության կարևորությունը։
  • Հանդիպման մասնակիցները աջակցում են Բաքվի թեկնածությանը՝ հյուրընկալել EXPO 2025 համաշխարհային ցուցահանդեսը։
  • Կողմերը վճռական աջակցություն են հայտնում ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության ցանկացած դրսևորումների դեմ պայքարին։
  • Ընդլայնվելու են կապերն ու շփումները մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության, սպորտի և այլ ոլորտներում։
  • Նախարարները պայմանավորվել են նման ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Վրաստանում։

 Ստելլա Մեհրաբեկյան