17 մարտ, 2018 18:20

Սերժ Սարգսյանի տասը տարին. տնտեսական արդյունքներ (հետևանքներ)

Հայաստանի տնտեսության պատմությունը, 2008-ից սկսած, կարելի է անվանել Sashiconomics-ի փուլ: Հենց այս շրջանում ամրապնդվեց բիզնեսում 50 տոկոս և ավելի մասնաբաժին վերցնելու ինստիտուտը: Այդ ինստիտուտը ավերածություններ է գործել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Դրա մասին են վկայում տնտեսական ցուցանիշները, ինչպես նաև մասնագիտացած կառույցների զեկույցները:

Համաձայն Համաշխարհային բանկի 2013-ի զեկույցի՝ Հայաստանը Արևելյան Եվորպայի և նախկին ԽՍՀՄ երկրների մեջ ամենամոնոպոլիզացված տնտեսություն ունեցող երկիրն է: Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամի հրապարակած 2018թ. Տնտեսական ազատության ցուցիչը ևս հաստատում է վերը նշվածը: Ըստ զեկույցի՝ այս տարի Հայաստանը զբաղեցրել է 44-րդ տեղը և ունեցել է 68,7 միավոր: 2008թ. Հայաստանը եղել է 28-րդ տեղում և ունեցել է 70,3 միավոր, այսինքն՝ Sashiconomics-ի փուլում Հայաստանը հետընթաց է գրանցել:

Sashiconomics-ի ամենակարևոր առանձնհատկությունն է եղել պետական պարտքի արագ ավելացումը: 2008-ին Հայաստանի պետական պարտքը եղել 1,9 մլրդ դոլար, 2018-ին հասել է 6,9 մլրդ դոլարի: Սարգսյանը պետական պարտքը ավելացրել է 5 մլրդ դոլարով: Միջինը 10 տարվա ընթացքում օրական պետական պարտքը ավելացել է 1,3 մլն դոլարով: Պետական պարտքի բեռն այնքան է ծանրացել, որ 2018-ի բյուջեի համաձայն՝ 140 մլրդ դրամ ծախսվելու է պետական պարտքը սպասարկելու համար։ Համեմատության համար՝ կրթության վրա ծասխվելու է 128 մլրդ դրամ: Մենք արդեն ավելի շատ ծախսում ենք պարտքը սպասարկելու համար, քան երեխաներին կրթելու համար:

Սարգսյանի կառավարման արդյունքում Հայաստանում ներդրումներն ակտիվ անկում են ունեցել: 2008-ին ներդրումները եղել են 1,132 մլրդ դոլար, 2016-ին հասել են 170 մլն դոլարի:

Sashiconomics-ի ավերիչ արդյունքներից մեկն էլ աղքատության աճն է: 2007-ին Հայաստանում աղքատ է եղել բնակչության 26,4 տոկոսը, իսկ 2016-ին աղքատ է Հայաստանի բնակչության 29,4 տոկոսը: 3 տոկոսով աճել է աղքատների թիվը: 2016թ․ աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 295 000, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 54 000 մարդ:

Սարգսյանի կառավարման օրոք Հայաստանը ունեցել է նաև ռեկորդային տնտեսական անկում: 2008-ին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմագրավելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհուրդ էր տալիս չխոսել տնտեսական ճգնաժամի մասին, նույնիսկ առաջարկում էր օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից, սակայն արդյունքում 2009-ին Հայաստանը ունեցավ 14,1 տոկոս ռեկորդային անկում՝ երկրորդ ամենամեծ անկումը աշխարհում:

Վերջին տասը տարում Հայաստանից արտագաղթել է 373 000 մարդ, տարեկան միջինը 37 300, որը հավասար է Կապան քաղաքի բնակչությանը: Փաստացի, Սարգսյանի կառավարման արդյունքում տարեկան մեկ Կապան է արտագաղթել Հայաստանից: Օրական մոտ 100-ից ավել մարդ: Ամեն առավոտ զարթնելիս՝ մեկ շենք մարդ արտագաղթել է Հայաստանից:

Սարգսյանի կառավարման ընթացքում Հայաստանում որևէ խոշոր տնտեսական ծրագիր չի իրականացվել: Միակ ծրագիրը եղել է Հյուսիս-հարավ 550 կիլոմետր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա մայրուղին, որն իր բնույթով դարձել է ձախողված ծրագիր: Հյուսիս-հարավի մեկ կիլոմետրի կառուցման արժեքը սկզբում ըստ ծրագրի եղել 1,2 մլն դոլար, այնուհետև այդ թիվը հասել է 3,5 մլն դոլարի, սակայն իրականում շատ ավելի շատ են ծախսել: Ավտոճանապարհի կառուցման սկզբից մինչև 2017-ի օգոստոսի 1-ը 31 կմ ճանապարհի վրա ծախսվել է 180 մլն դոլար: Միջինը 1 կմ-ի վրա ծախսվել է 6 մլն դոլար: Այս ծրագիրը պետության համար տնտեսական շարժիչ դառնալու փոխարեն դարձել է բեռ՝ ճիտին պարտք, էլ ավելի ավելացնելով Հայաստանի արտաքին պարտքը։ Հյուսիս-հարավ ծրագրի իրականացումը լավագույնս ի ցույց է դրել դրա կառավարման անարդյունավետությունը, ձգձգումը, անորակ իրականացումը և կոռուպցիան։

Sashiconomics-ի մոդելն անդառնելի վնասներ է հասցրել Հայաստանի տնտեսությանը: Չկա գեթ մեկ ոլորտ, որտեղ Սարգսյանը հաջողություններ լինի գրանցած: Ձախողումներին վերջ տալու համար անհրաժեշտ է, որ Սարգսյանը հեռանա, որպեսզի Հայստանում հնարավոր լինեն փոփոխություններ և զարգացում:

Կարդացեք նաև՝

Սերժ Սարգսյանի տասը տարին. քաղաքական արդյունքներ

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: