18 մարտ, 2018 10:12

Կարծրատիպեր/ինքնություն. ինչ պետք է իմանալ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին  

Դժվար թե գտնվի որևէ մեկը, ով անկախ իր ֆիզիկական տվյալներից երբևէ  չի բախվել կարծրատիպերի կամ անձամբ չի առաջնորդվել սխալ նախապաշարմունքներով: Հաշմանդամություն ունենալու պարագայում` կարելի է կարծրատիպերի մի ամբողջ շարք առանձնացնել:

Կարծում եմ` շատ կարծրատիպերի հիմքն այն է, որ մարդիկ հիմնականում ուշադրություն են դարձնում հաշմանդամությանը, այլ ոչ թե տվյալ անհատին: Երբեմն մտածում եմ, որ հենց նման մոտեցման պատճառով է, որ հաշմանդամություն ունեցողներին «հաշմանդամ» են դիմում: Նման դեպքերում ուզում եմ ասել` «բաժակը կիսով չափ դատարկ է քեզ համար»:

Այսպես, կարևոր չէ, թե ով է հաշմանդամություն ունեցող տվյալ մարդը, ինչ է իրենից ներկայացնում, «անսահմանափակ» կարողություններով ինչ կարող է տալ հանրությանը, իր երկրին և աշխարհին: Այս բոլոր դրական կետերը հաճախ իրենց տեղը զիջում են հաշմանդամության մասին տարածված կարծրատիպերին:

Իսկ հիմա անցնեմ այն կետերին, որոնք առանձնացրել եմ պարզաբանելու համար թե ինչ կցանկանայի, որպեսզի մեզ շրջապատող մարդիկ իմանան մեր մասին: Թեև այս խնդիրներից բոլորին չէ, որ ես ինքս բախվել եմ, բայց կարծում եմ, որ ճիշտ է դրանց մասին բարձրաձայնել։

Զոհ

Հաճախ հաշմանդամություն ունենալն ընկալվում է որպես անձնական ողբերգություն, իսկ այն կրողները՝ դրամատիկ կերպարներ, ովքեր արժանի են խղճահարության: Այդ տեսանկյունից իրավիճակին նայելիս՝ ունենալ հաշմանդամություն, նշանակում է լինել մշտական տանջանքի և թախծի մեջ: Ըստ այս մոտեցման յուրաքանչյուրը պարտավորված է անդադար հոգ տանել մեր մասին: Մինչդեռ, անկեղծ ասած, միշտ չէ, որ մենք նման կարծիքի ենք։ Իրականում մենք շատ լավ գիտենք, թե որտեղ են ավարտվում մեր հնարավորությունները, և միայն այդ դեպքում ենք դիմում կողմնակի օգնության:

Դպրոցում սովորելու տարիներին ես սկաուտ էի, բնականաբար հաճախ էի մասնակցում տարբեր արշավների, բայց սարեր բարձրանալու, իհարկե, չէի գնում: Հիշում եմ, որ ընկերներս փորձում էին ինձ մտափոխել, բայց ես` իմանալով հնարավորություններիս սահմանները, չէի համաձայնում, քանի որ չէի ցանկանում խնդիրներ ստեղծել ոչ իմ և ոչ էլ նրանց համար: Բայց եղել է նաև հակառակ դեպքը. Վերջին զանգի միջոցառման ժամանակ, երբ բոլոր շրջանավարտները պետք է բեմ բարձրանային դպրոցին հրաժեշտ տալու, դասղեկս` հաշմանդամություն ունենալուս պատճառով, ասաց, որ իմ` բոլորին միանալու կարիք չկա, որ դժվար կլինի և այլն: Սակայն ես, համադասարանցիներիս հոգեբանական աջակցության շնորհիվ, ի վերջո հայտնվեցի բեմում, ինչի համար նրանց շատ շնորհակալ եմ:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին տարածված մեկ այլ կարծիք է, որ նրանց առաքելությունը բարություն, մարդասիրություն և մեծահոգություն առաջացնելն է այն պատճառով, որ նրանք կյանքի բավարար մակարդակ չունեն, ինտեգրված չեն և մշտական կարիքի մեջ են: Ըստ այս կարծրատիպի՝ սահմանափակ կարողությունների տեր անձինք չեն կարող ընտանիք կազմել, լավ աշխատանք ունենալ և լիարժեք կյանքով ապրել:

Մինչդեռ իրականում ֆիզիկական տվյալներն ընդհանրապես կապ չունեն այդ կետերի հետ. հաշմանդամություն ունեցողները` չունեցողների նման, ստեղծում են իրենց անձնական  կյանքը, գտնում աշխատանք (ավելին, ըստ օրենքի մի շարք պետական և մասնավոր ընկերություններ պարտավորվում են հաշմանդամություն ունեցող մարդկանց տրամադրել աշխատատեղեր): Ինչ վերաբերում է ակտիվությանը, մենք կարողանում ենք ապրել ակտիվ կյանքով, անկախ տարբեր դժվարություններից՝ զբաղվում ենք սպորտով, հաճախում ենք ժամանցային վայրեր: Թեև նախընտրելի կլիներ, եթե բոլոր հանրային վայրերը հարմարեցված լինեին: Այդ դեպքում մեր մասին կարծրատիպերին հետևելու փոխարեն, կբարելավվեին տեղաշարժվելու և ինտեգրվելու մեր հնարավորությունները: Կարևորն այն է, որ հուսահատվելու և դժվարություններին զոհ գնալու փոխարեն, մենք չենք հանձնվում:

Հերոս

Պատահել է, որ անծանոթները, տեսնելով, որ ապրում եմ կյանքի բնականոն ռիթմով, կարծիք են հայտնել, որ ես «հերոս» եմ: Իհարկե, հաճելի է ավելորդ անգամ «աստեղային ժամ» ունենալ, բայց դա էլ կրում է իր բացասական հետևանքները, քանի որ մարդկանց մոտ նորից առաջանում է պարտավորվածության զգացում, որին ես երբեք ամենևին չեմ ձգտել: Հաշմանդամություն ունենալը մեզ համար միանգամայն բնական է, որովհետև մենք հենց այդպես ենք սովոր ապրել: Մենք ի սկզբանե խղճահարության առիթ, ոգեշնչման աղբյուր լինելու կամ փառքի արժանանալու ձգտում չունենք, եթե զբոսանքի դուրս ենք գալիս անվասայլակով, ձեռնափայտով կամ այլ հարմարանքով:

Ի դեպ, նմանատիպ հարմարանքների վերաբերյալ այժմեական կարծրատիպեր նույնպես կան: Որպես անվասայլակ օգտագործող մարդ՝ կարող եմ ասել, որ մենք գամված չենք անվասայլակին և առանց անվասայլակի կարող ենք ապրել: Վերջերս, չեմ հիշում, թե որտեղից իմացա այս համեմատության մասին, որն ինձ շատ դուր եկավ. հաշմանդամություն ունեցող մարդն այնքան է գամված սայլակին, որքան առանց հաշմանդամության մարդն իր ավտոմեքենային: Կարծում եմ՝ շատ ճիշտ համեմատություն է, քանի որ անվասայլակը մեր կյանքը թեթևացնում է, ինչպես մեքենան ձերը, բայց չի հանդիսանում մեր ամբողջ կյանքը: 

Չնայած պետք է զգույշ լինեմ համեմատություններիս հարցում, քանի որ միանգամից երկու կարծրատիպի եմ բախվում, որովհետև թե՛ անվասայլակ ունեմ, թե՛ մեքենա:  

Ի դեպ մեքենա վարելու հետ կապված թյուր կարծիքները նույնպես քիչ չեն իմ կյանքում: Մարդիկ հաճախ զարմանում են, թե ինչպես եմ կարողանում բավականին լավ վարել. երևի մտածում են, «հերիք չի աղջիկ եմ, մի հատ էլ հաշմանդամություն ունեմ»:

Բացասական հերոս

Այն մտքին, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չարացած են և բացասական, առաջին անգամ հանդիպել եմ մի ֆիլմում: Ի սկզբանե, ես հերոսի բացասական լինելը չէի կապել հաշմանդամության հետ, բայց տարիներ անց նման միտք լսեցի նաև իրական կյանքում՝ թեև խոսքն անձամբ ինձ չէր ուղղված: Կարծում եմ, որ սա ամենավատ կարծրատիպն է, քանի որ եթե այն լիներ գերիշխող, ապա հաշմանդանություն ունեցող մարդիկ հասարակությունից լիովին մեկուսացած կլինեին:

Ես իմ պարտքն եմ համարում ասել, որ ֆիզիկական առանձնահատկությունները մարդկային հատկանիշներին որևէ կերպ չեն առնչվում: Բացասական մարդիկ կան ինչպես հաշմանդամություն ունեցողների, այնպես էլ չունեցողների շրջանում: Ըստ իս՝ չարանում են մարդիկ, ովքեր բավարարված չեն իրենց կյանքից՝ անկախ հաշմանդամություն ունենալուց կամ չունենալուց:

Իհարկե, սահմանափակ կարողություններով ցանկացած մարդու մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է դա հենց իր հետ պատահել, բայց եթե մարդը բավականաչափ գիտակից է և ողջամիտ, նա վաղ թե ուշ հասկանում է, թե ինչ կարող է անել իր սահմանափակումներից անկախ, և բացասական մտքերը հետ են քաշվում:

Սրանք այն կարծրատիպերն են, որոնց հաճախ ենք հանդիպում, բայց հավատացե՛ք, կան ավելի անտրամաբանական, երբեմն՝ վիրավորական կարծիքներ հաշմանդամության մասին։

Հուսով եմ, հոդվածս առիթ կլինի վերաիմաստավորելու մեր շուրջ ապրող մարդկանց մասին պատկերացումները ու ավելի բաց լինելու բազմազանությանը․  չէ՞ որ հենց դա է կյանքը հետաքրքիր դարձնում։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: